«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


ԷՐԴՈՂԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ, Ի՞ՆՉ Է, ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱ՞Զ Է»

Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Անկարա: Տարբեր լրատվամիջոցների տեղեկացմամբՙ թուրք-գերմանական «բազմաբնույթ խոսակցությունների» օրակարգում ընդգրկված են նաեւ հայ-թուրքական գործընթացները: Իսկ կոնկրետ Անկարան եւ Բեռլինը բավական շատ բան ունեն խոսելու: Մասնավորապես հայտնի է, որ Գերմանիան Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելու սկզբունքային ընդդիմախոսներից է, Բեռլինը համաձայն է, որ Անկարան բավարարվի միայն արտոնյալ գործընկերոջ կարգավիճակով: Բացի սրանից, վարչապետ Էրդողանը Մերկելից նախատեսում է բացատրություններ ստանալ, թե ինչո՞ւ վերջինս դեմ է, որ Գերմանիայում բացվեն թուրքական վարժարաններ. «Թուրքիայում կա գերմանական վարժարան, նրանք նույնիսկ համալսարան են ուզում բացել մեր երկրում, որի համար մենք հատկացրել ենք տարածք Բեյկոզի շրջանում, սակայն Մերկելը հայտարարել է, թե ինքը դեմ է, որ Գերմանիայում լինեն թուրքական վարժարաններ: Ես Մերկելից դա չէի սպասում. ի՞նչ է, Թուրքիան քավության նոխա՞զ է», վրդովվել է Էրդողանը : Հետաքրքրական է, որ Մերկելը, բացի Գերմանիայում թուրքական վարժարանների բացումից եւ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցումից, դեմ է նաեւ Անկարայի հետ վիզային ռեժիմի վերացման թուրքական առաջարկին. «Վիզային ռեժիմի վերացումը կարող է դեռ սպասել», հայտարարել է Անգելա Մերկելը: Անշուշտ Գերմանիայի կանցլերը լավ է հասկանում, թե ի՞նչի կհանգեցնի վիզային ռեժիմի վերացումը երկու երկների միջեւ: Գաղտիք չէ, որ Գերմանիայում է բնակվում թերեւս ամենամեծ թուրքական համայնքը, որի թվաքանակը, վիզային ռեժիմի վերացումից հետո, կարող է էլ ավելի մեծանալ: Ի դեպ, համայնքի, ավելի ճիշտ, համայնքների մասին: Վարչապետ Էրդողանը, իր «100 հազար հայեր» առասպելը եւ նրանց հասցեագրված սպառնալիքը գրեթե կրկնեց գերմանական «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում. «Եթե հայկական սփյուռքը շարունակի ճնշել Թուրքիային, ապա մենք կարող ենք արտաքսել հայերին», հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Նա, սակայն, բազմիցս է նշել, որ Թուրքիային ոչ ոք եւ ոչինչ չի կարող ճնշել. պարզվում էՙ գտնվե՞լ է այդ ուժը: Այս առումով հետաքրքրական, նույնիսկ օրինակելի է արտահայտվել Գերմանիայի կանցլերը` խոսելով իր երկրի թուրքական համայնքի մասին. «Մեր նպատակն է, որ թուրքական համայնքը որքան հնարավոր է լավ ինտեգրվի մեր հասարակությունում»: Թե որքանո՞վ կհասկանա «եվրոպական ակնարկային լեզուն» վարչապետ Էրդողանը եւ կհասկանա՞ արդյոք, դեռ կտեսնենք:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4