Մարտի 26-27-ը տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության առաջին համագումարը: Համագումարի մասնակիցներն առաջին օրը հավաքվել էին «Հայրենիք» կինոթատրոնում, երկրորդ օրը` Մատենադարանին կից հրապարակում: Համագումարի ընթացքում հաստատվել են «Հայոց Արծիվների» խորհրդի կազմն ու վերահսկիչ հանձնաժողովը: Խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ պաշտոնական այլ անձինք:
«Հայոց Արծիվները» հիմնադրվել է 2 ամիս առաջ` հունվարի 27-ին: Ընդամենը 2 ամսվա ընթացքում կազմակերպությանը կամավոր անդամագրվել են 8217 հոգի, իսկ «Հայոց Արծիվների» նախագահությունը Հայաստանում արդեն հիմնադրել է 65 մասնաճյուղ ` չհաշված Սյունիքի մարզում արդեն 7 տարի գործող «Սյունյաց Արծիվներ» կազմակերպությունը:
Համագումարի ժամանակ «Սյունյաց Արծիվների» հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Սյունյաց Արծիվները» իր 7000-ից ավելի անդամներով անդամագրվում է «Հայոց Արծիվներ» կազմակերպությանը:
Նորաստեղծ կազմակերպությունը նախատեսում է հասարակության լայն շրջաններում կազմակերպել հայրենասիրական, մշակութային, կրթությանը, գիտությանը եւ այլ ոլորտներին վերաբերող միջոցառումներ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ