«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


«ՎԻՎԱՍԵԼԼԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Կորպորատիվ պատասխանատվություն կամ ղեկավարման նոր մշակույթ

Թվային որեւէ կենսագրությունՙ շատ հարուստ լինելու պարագայում անգամ, խոսուն չի կարող լինել, եթե նա ներքին կենսագրություն չի ձեւավորելՙ միջավայրային ազդեցությամբ, սեփական փորձառությամբ: Կյանքային շատ վիճակներ հաճախ ենք պայմանավորում պարզ դիպվածով, ավելի դյուրահավատներըՙ ճակատագրով: Այս վերջինը, սակայն, նախասահմանված ինչ-որ բան չէ, այլ որեւէ արարքի պատճառահետեւանքային կապ-անդրադարձ, աստվածաշնչյան «ինչ ցանես, այն կհնձես»-ը: Դրանում հեշտ է համոզվել, եթե կարողանանք ուշադիր ապրելՙ սեփական կյանքի ուղեգծին հետեւելու առումով: Այս մտայնությամբ կյանքը կարելի է սահմանելՙ որպես ընտրության հնարավորություն: Եվ քանի որ ամեն քայլափոխի ենք կանգնած ընտրության առաջ, ուրեմն մենք ենք դառնում տերը մեր կյանքի կամ ճակատագրի, որը կարող է փոխվել մեր յուրաքանչյո՛ւր ընտրությամբ:

Հանրային մեր կյանքի մեծ փոփոխությունների այս ճանապարհին ձեռքբերումների հետ մեծ կորուստներ նաեւ գրանցեցինք եւ հատկապեսՙ բարոյական հարթության վրա: Մերկ ժամանակներ եկան, ուր ժամանցված համարվեցին շատ արժեքներ. սոցիալական վախերից ծնված փլուզումներ եղանՙ հոգեկան կառուցվածքի, ներքին պատկերացումների, մտածողության, բարոյականության: Անտարբերությունը սկսեց կուլ տալ շատ արժեքներՙ մարդասիրության, փոխադարձ վստահության. անմեկնելի բաներ կատարվեցին ու կատարվում են մեր շուրջը: Բայց գալիս է նաեւ քարերը հավաքելու պահը, երբ անհրաժեշտ է լինում անիվը ետ շրջելՙ վերագտնելու մարդկային կյանքի նախնական, ճշմարիտ իմաստը, կեցությունը կառուցելու մարդկության դարավոր փորձով ստուգված, հաստատված ու հարստացված արժեքների վրա:

«Մենք պետք է ավելի վստահենք իրար, հավատանք մեր ուժերին», մեր զրույցի ավարտին ասում է Ռալֆ Յիրիկյանը ՙ ամեն հայաստանցու ոչ միայն ծանոթ, այլեւ մի տեսակ մտերմացած, սիրելի դարձած երիտասարդ գործարար հայը: Ինձՙ հայաստանյան գործարար աշխարհի հանդեպ առանձնապես հետաքրքրություն չունեցողիս անգամ, միշտ հուսադրող զարմանք են պատճառել ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի բարեսիրական բոլոր նախաձեռնությունները, այդ ուշադրությունը հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, ի մասնավորի այս գործելակերպի հետեւողականությունը, որ անպայմանորեն խորհել է տալիս դրա ծրագրային, նպատակային ուղղվածության մասին:

Ինչպես ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի գործադիր տնօրենն է ձեւակերպում, սա ղեկավարման մշակույթ է, այլ խոսքովՙ կորպորատիվ պատասխանատվությունՙ տարերային բարեգործությունից էապես տարբերվող կայուն աշխատելաոճ, որի տարածումը, ընդլայնումը, վստահաբար, կփոխի մեր հասարակական կյանքի ներկա վիճակըՙ դառնալով իսկապես հուսատու հանրային զարկերակ: Այս գործունեության հիմքում ընկած է երկրի, քաղաքացու, շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության մտածելակերպ, մշակված վերաբերմունք:

ՎիվաՍելլ-ՄՏՍ-իՙ հանրային կյանքի հանդեպ հանձնառու վերաբերմունքը 2006 թվականից սկսածՙ քայլ առ քայլ, աստիճանական հետեւողականությամբ դարձավ ավելի կայուն, ծավալներ ընդգրկեց: Տարիների այս գործունեությունըՙ ամփոփված երեք առանձին գիրք-ալբոմներում, պատկերացում է տալիս ընկերության ներդրումային աջակցությունների մասինՙ արված մեր երկրի կրթության, առողջապահության, բնապահպանության, մշակույթի ոլորտներում, ինչպես նաեւՙ սոցիալապես անապահով խավերի, հաշմանդամների եւ երեխաների հետ տարվող բազմաբնույթ եւ բազմաքանակ ծրագրերի:

Ըստ այսու, մեր աչքի առաջ ձեւավորվեց հանրային կյանքի, մտավորականի, պարզ հայ մարդու մտահոգություններով, հոգսերով ապրող երիտասարդ գործարարի օրինակելի կերպարՙ հանձին ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Մեր զրույցը նրա հետ, շրջանցելով իր ղեկավարած ընկերության մասնագիտացված հարցերը, ղեկավարմանՙ մեզ անծանոթ այս նոր մշակույթիՙ կորպորատիվ պատասխանատվության էության եւ դրա նշանակության մասին է:

Կենսագրական մի քանի տվյալներ իմ խնդրանքով համառոտ ներկայացնելովՙ նա առաջարկեց Ֆելիքս Բախչինյանի կազմած գիրքը, որտեղ հայերենի լեզվական ողջ հմայքի ջերմությամբ հեղինակը բացել է սփյուռքում ծնված հայորդու ներքին հրաշալի մի կենսագրություն:

Իմաստային խորը ձեւակերպումներով հաճախ ուղեկցվող Ռալֆ Յիրիկյանի խոսքերից մեկում այսպիսի մի արտահայտություն ուշադրություն է գրավում. «Յուրաքանչյուրիս ներսում նստած մի երեխա կա, որին միշտ պետք է արթուն պահենք» : Ապրելու, գործելու, մտածելու հիմքում նա առաջնայինն անկեղծությունն է համարում, մի հատկություն, որ բնորոշ է ամենից առաջ եւ ամենից շատ երեխային, որովհետեւ նա աշխարհին նայում է դեռեւս չմիջնորդավորված, չաղարտված հայացքով. սա չէ՞ արդյոք մարդասիրության ամենաառաջին իմպուլսը: «Ռալֆի երակներում նանսենյան մարդասիրության արյունն է հոսում, այդ արյունը փոխանցվել էր նանսենյան անձնագիրը կրող մարդկանց հաջորդ սերունդներին անգամ, իսկ այդ արյունն ունեցողի ներսում չէր կարող չարթնանալ մանուկը...» , գրում է Ֆ. Բախչինյանը:

Ռալֆ Յիրիկյանը ծնվել է Բեյրութում, մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդության տարիներն անցել են Միջերկրականի ափին փռված գեղեցիկ, տաք այս քաղաքում: Նախակրթարանից սկսած սովորել է հայկական դպրոցում, ապրել ինչպես հայկական, բնականաբար եւՙ օտար միջավայրերում: Բարձրագույն կրթությունըՙ երկու մասնագիտացմամբՙ տնտեսագիտություն եւ բիզնես կառավարում, ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, ուսմանը զուգահեռ նաեւ աշխատել է նույն կրթօջախի գրադարանում: 1992-ից աշխատանքի է անցել կահույքի սրահում որպես համակարգչային օպերատոր: «Աշխատում էի 12 ժամ: Շատ լավ հիշում եմ, կեսօրին, երբ ընդմիջման ժամն էր սկսվում, սրահի հետեւում մի փոքրիկ պահեստ կար, գնում էի այնտեղ, կանգնած սնվում, վերադառնում աշխատանքի» : 1993-ից Լիբանանում եւ արաբական այլ երկրներում աշխատելու հնարավորությունը, հետագայում տարբեր ընկերությունների հետ ծանոթությունները աշխատանքային փորձաշրջանի կարեւոր ժամանակներ էին: 1999-ին Կիպրոսից Լիբանան վերադառնալովՙ առաջին աշխատանքային փորձն է սկսում կապի ոլորտում: Աշխատանքային ճանապարհը նրան առաջին անգամ Հայաստան բերեց կապի ընկերության միջոցով: Դա 2001 թվականն էր, երբ նա այդ ընկերությունն էր ներկայացնելու Արցախում իրականացվող համապատասխան ծրագրի շրջանակներում:

Օգոստոսյան տաք ամառ էր, եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը այնքան էլ ակնաշոյիչ չէրՙ հյուրընկալման խորհրդային ժամանակների կնիքը դեռ վրան, սպասարկման ծույլ մթնոլորտովՙ արտերկրից ժամանող հայի, ցավոք, առաջին հիասթափավայրը: Այդ իրականությունը տարբեր էր Հայաստանի մասին եղած սփյուռքահայի պատկերացումներից. «Ինձ պես երիտասարդի մը համար, որի մտքում Հայաստանի մասին ֆանտազիա կար, աշխարհ մըՙ հիմնված մեր պատմության վրաՙ տարբեր գույներով, ծովից ծով եւ այլն. իմանալով չնայած Հայաստանի կամ Արցախի իրական տարածքը, միեւնույն է, այդ հեքիաթը կար, մնում էր, որովհետեւ սիրուն էր... Բայց երբ ժամանեցի «Զվարթնոց», ամեն ինչ աչքիս մի տեսակ մութ թվաց, որովհետեւ հոգեբանորեն պատրաստ չէի, որ այսպիսի տեսարաններ պիտի տեսնեմՙ շենքերըՙ սովետական ոճի, տղերքըՙ վերից ներքեւ սեւ հագված, չսափրված, ավտոմեքենաների մակնիշները: Երեւանում մնացի մեկ օր, անմիջապես ճանապարհվեցի Արցախ»:

Այսպես սկսվեց հայաստանյան կյանքը, բայց ընդամենը մի քանի օր էր պետք այսպես ասած, օդընտելացման կամ համակերպմանՙ լեզվական թե սովորութայինՙ գիտակցելու, որ սա իր հայրենի հողն է, եւ ինքը մասն է կազմում այս ինքնության: Իսկ հետագա օրերըՙ գիտակցորեն եւ իմաստավորված ապրելու, բացեցին մի հուն, որ տարեց տարի նոր որակ ու հնարավորություններ է ստեղծում ոչ միայն կենսականորեն բոլորիս անհրաժեշտ կապի ոլորտի զարգացման, այլեւ, ինչպես նկատեցինք վերում, դրանից տարբեր, հանրօգուտ բազում ծրագրերի իրագործման համար:

Եվ եթե նկատի առնենք հայաստանյան այս միջավայրում կյանքի երկու շերտերի կամ բեւեռների (հոգեւոր եւ նյութական) ներդաշնակության գրեթե անհնարինությունը, ապա դժվար չէ պատկերացնել նման գործունեության ամենատարբեր արգելառիթները... Սակայն Ռալֆ Յիրիկյանը գտել է դրան հասնելու արտաքուստ հեշտ թվացող, բայց խորքում բարդ, սակայն ճշմարիտ բանաձեւը. «Եթե մարդ իր ներսում (սրտում եւ մտքում) ունի այս ներդաշնակությունը, արտաքին պլանում դժվար չէ իրականացնել» :

Իսկ հաջողության երաշխիքը ներքին համոզմունքն է, հավատը սկսած գործի հանդեպ: Ռալֆ Յիրիկյանի համար այդ ներքին համոզմունքի կարեւոր նախադրյալները նկարագրի պարզությունն ու պարկեշտությունն են, գործունեության թափանցիկությունը, ամենակարեւորըՙ մարդու շիտակ կեցվածքը: «Մարդը երկդիմի չպետք է լինի: Ինչպես տեսնում են Ռալֆ Յիրիկյանին գործարար աշխարհում, միեւնույնը տեսնելու են ընտանեկան կյանքում, ընկերական շրջանակում. միեւնույն մարդն եմՙ միեւնույն զգացմունքներով, մտածումներով, արտահայտություններով: Մնացածը կամքի հարց է, գործադրելու կամ իրականացնելու» :

- Պարոն Յիրիկյան, հասարակական կյանքի Ձեր այսօրինակ մտահոգությունը մեզանում կարելի է ասել, աննախադեպ է: Տարիներ շարունակ Ձեր գործունեությանը հետեւողը չի կարող դա չնկատել: Խնդիրը ոչ այնքան ծավալները, որքան շեշտադրումը, ուղղվածությունն է: «ՎիվաՍելլըՙ Հայաստանին»ՙ կորպորատիվ պատասխանատվության Ձեր ծրագիրն ընդգրկում է հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները, մասնավորապես ուշադիր եք բնակչության անապահով խավերի, հաշմանդամ սոց. խմբերի, երեխաների հանդեպ: Սա բիզնես-ծրագրի մի մա՞ս է, թե՞ մարդկային հատկանիշ, ապրելու ձեւ:

- Իսկ ինչո՞ւ ուշադրություն չդարձնենք: Իրենք մեզնից տարբե՞ր մարդիկ են, ինչո՞վ մենք իրենցմե ավելի լավն ենք: Իրենք էլ մեզ պես երազներ ունեն կյանքում, փափագներ, որ ուզում են իրականացնել, նպատակներ, որոնց ուզում են հասնել: Ինչո՞ւ դռները չբացենք իրենց առջեւ: Մեր ընտանիքը այսօր բաղկացած է 1200 անդամից: Նրանք էլ թող միանան, մաս կազմեն այդ ընտանիքին: Այսպիսի գործելակերպով մենք երկու պատգամ ենք հղում. մեկը ներքինՙ մեր աշխատակիցների գիտակցությանը հասցնելու, որ հաշմանդամների հետ աշխատելը ամոթ չէ, կամ ինչպես շատերն են համարումՙ տաբու, այդպես չէ: Ամոթը մտածելակերպի մեջ է, սխալ սովորույթների մեջ: Արդեն քանի տարի է աշխատում ենք միասին, եւ իրենք էլ մյուսների պես կարողանում են աշխատել եւ արդյունքներ ստանալ:

Երկրորդ պատգամը փորձեցինք հղել մեր տնտեսության մյուս ընկերություններին, որ չպետք է անտեսել մեր հասարակության այս շերտը, որ նրանք էլ իրավահավասար անդամներ են մեր հանրության: Սա բխում է այն նույն մտածելակերպից, ինչը մենք համարում ենք կորպորատիվ պատասխանատվություն, այսինքնՙ մենք պատասխանու ենք ոչ միայն երկրի, տնտեսության առաջ, նաեւ հասարակության խոցելի շերտերի հանդեպՙ այսպիսի վերաբերմունքով:

- Եվ ի՞նչ ծրագրեր եք այս առումով իրականացնում:

- Ծրագրեր շատ կան, բայց, կարծում եմ, պետք չէ շեշտադրել այս հարցը, այն տպավորությունը չստեղծվի, որ գովազդում կամ շահագործում ենք իրենց ներկայությունը: Որեւէ նման արդյունավետ, նպատակային ծրագրի կողքին ենքՙ փորձելով օժանդակել դրա իրականացմանը:

- Ձեր հովանավորությամբ անցած տարվա «Արեւորդի» բնապահպանական միջազգային փառատոնի ծրագրում ուշագրավ նորություն էր «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» թեմայով սեմինարըՙ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Աշխատանքային այս նոր մշակույթը գրեթե անծանոթ է մեզ: Դուք դրա առաջին կրողներից եք, եթե կարելի է մատչելի ներկայացրեք դրա էությունը: Սա բարեգործությո՞ւն է:

- Մեր կարծիքով բարեգործության հետ կապ չունի: Կորպորատիվ պատասխանատվությունը ղեկավարման մշակույթ է: Երբ երկրի տնտեսության մեջ գործող որեւէ ընկերություն, օգտվելով տարբեր հնարավորություններից, զարգացնում է իր գործունեությունը, ձեռք է բերում եկամուտներ, վճարում է բաժնետերերին, դիվիդենտներ է շահում, հոգում այլ ծախսեր, չպետք է մոռանա, որ այդ ամենը սպառողների շնորհիվ է: Մեր պարագայումՙ բաժանորդների, նրանց ծախսած գումարների, հետեւաբար պետք է շնորհակալ լինենք նրանց ոչ թե խոսքով միայն, այլեւՙ գործով: Մեր ընկերության անդամները մաս են կազմում հասարակությանՙ ներկայացնելով նրա տարբեր շերտեր, շրջանակներ: Յուրաքանչյուր խավ ունի իր հուզող հարցերը: Եվ եթե մենք հասարակության լիարժեք անդամ ենք մեզ համարում, չենք կարող անտեսել այդ խնդիրները եւ պետք է մեր լուման ներդնենք դրանց կարգավորմանը նպաստող: Ահա եւ ընտրում ենք հանրային կյանքի համապատասխան ոլորտներՙ առողջապահություն, կրթություն, մշակույթ, բնապահպանություն եւ այլն: Ծրագիրը իրագործելուն զուգահեռՙ կարեւոր ենք համարում նաեւ ընկերության ներսում տարվող բացատրական աշխատանքները, թե ինչու է արվում այս ամենը. որպեսզի աշխատանքային միջավայրը կառուցվի, կայանա փոխադարձ հարգանքի, թափանցիկության, հարաբերությունների անկեղծության, խմբակային աշխատանքը կարեւորելու եւ մարդկային, բարոյական նման այլ արժեքների վրա:

Մեր սպասարկման կետերում բաժանորդի հանդեպ հոգատար վերաբերմունքը պատասխանատվություն է: Երբ ծառատունկի ենք մասնակցում, հատված ծառի փոխարեն նորն ենք տնկում, սա էլ պատասխանատվություն է, որովհետեւ ցավում ենք բնության համար: Ծառատունկին մասնակից ենք դարձնում նաեւ մեր երեխաներին, որպեսզի իրենց մեջ դաստիարակվի այս մտածողությունը, եւ իրենք հետեւեն այս գործընթացին: Այս ամենը նշանակում է կորպորատիվ պատասխանատվություն. մենք սա անում ենք, որովհետեւ հավատում ենք այս գործելակերպին եւ համոզված ենք, թե մտածելակերպը, որ ներարկում ենք մեր ընկերության անդամներին, պետք է փոխանցվի նաեւ ուրիշներին, վարակիչ օրինակ դառնա: Այս աշխատանքի արդյունքները, եթե ոչ մոտ ապագայում, ապա տարիներ անց անպայման կերեւան: Շատ ընկերություններ դեռ հետեւում են այս ծրագրին, քանի որ սա պահանջում է մտածելակերպի փոփոխություն. յուրաքանչյուրն ինքը պետք է համոզվի, զգա այս գործի արդյունավետությունը:

- Պրն Յիրիկյան, ասացիք, որ կորպորատիվ պատասխանատվությունը կապ չունի բարեգործության հետ: Մինչդեռ առաջին տպավորությամբ դրանք կարծես նույնն են: Ո՞րն է դրանց տարբերությունը:

- Կորպորատիվ պատասխանատվությունը վերաբերում է ընկերությանը, բարեգործությունըՙ անհատին: Անհատն իհարկե կարող է օժանդակել, օգնել իր ցանկությամբ, ասենք մեկ-երկու գուցե ավելի անգամներ: Մինչդեռ կորպորատիվ պատասխանատվությունը քաղաքականություն է, ռազմավարական ծրագիր է, գործելաոճ է: Դա մտածելակերպ է, որ զարգանալով կվերածվի դաստիարակիչ, կրթիչ մեթոդի, թե՛ ընկերության ներսում, թե՛ նրանից դուրսՙ տնտեսության մեջ ընդհանրապես: Եվ, վերջապես, կորպորատիվ պատասխանատվությունն այնպիսի շարժիչ ուժ է, որ գործարար աշխարհը եւ հասարակությունը կմոտեցնի իրարՙ հասարակությունը իր տարբեր շերտերով, գործարար աշխարհըՙ իր տարբեր գույներով, հօգուտ ապահով ապագայի:

- Որպես մշակութային լրագրողՙ ուզում եմ առանձնացնել այս ոլորտում կատարած Ձեր ներդրումներըՙ ավելի շուտ Ձեր ընտրությունն ուղղված է բարձրարժեք մշակույթի զարգացմանը: Այսպիսի ընտրությունը քաղաքականությո՞ւն է, ծրագրային մոտեցո՞ւմՙ հասարակության վրա ունեցած ազդեցության առումով (բարձր արժեքների գիտակցում, գեղագիտական ճաշակի բարձրացում):

- Մշակույթը ավելի կարեւորում ենք, որովհետեւ գիտակցում ենք, որ մշակույթը մեր ազգային ինքնությունն է, միջազգային քարտեզի վրա մեր անձնագիրը, իսկ ներսումՙ մեր հոգեկան ու բարոյական բավարարությունն է ապահովում, ուստի պետք է աշխատենք զարգացնել, կատարելագործել, հավատալով այն մարդկանց, ովքեր աշխատում են այս բնագավառում: Սատար ենք կանգնում մշակութային կարեւոր ծրագրերի:

- Հետեւո՞ւմ եք այդ ծրագրերի աշխատանքներին:

- Ոչ միայն հետեւում, այլեւ նախանձախնդրորեն հետամուտ ենք: Իհարկե, մանրամասների մեջ չենք մտնում, կարեւորը համարելով հանրությանը տրվող վերջնական արդյունքը:

- Ունե՞ք դրանց մեջ նախընտրելի ծրագրեր:

- Առանձնացնել չեմ ուզում: Ընկերության մեջ գործում է համապատասխան խումբ, որն ընտրում է ուղղությունը եւ դրա ներքո որոշակի ծրագրեր: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունը, իր առաքելությունը, որ հարստացնում է մեր հայ ինքնությունըՙ հնարավորությունների իր սահմաններում:

- Դուք ուշագրավ մի այսպիսի խոսք ունեք. «Մենք համարձակություն ունենք երազելու եւ այդ երազանքներն իրականություն դարձնելու, որովհետեւ անտարբեր չենք»: Այս վերջինըՙ անտարբերությունը, թվում է անմեղ մի զգացում, բայց տեւական դառնալու պարագայում, ոչնչացման կարող է տանել: Ի՞նչ եք կարծում, չարի արմատները կարելի՞ է փնտրել նաեւ անտարբերության մեջ:

- Անտարբեր լինելը չարություն չի նշանակում: Անտարբերությանը պետք է վերաբերել ինչպես մարտահրավերի, պետք է ներխուժել այդ անտարբեր մարմնի մեջՙ արթնացնելու ոգին, ներարկելու հավատք, եւ նաՙ դրա կրողը ուշ թե շուտ կփոխվի: Օրինակՙ շատ ընկերություններ կտեսնեն, չէ՞, մենք ինչ ենք անում կորպորատիվ պատասխանատվության ոլորտում, բայց առայժմ լուռ են, անտարբեր են: Սա չարության նշան չէ, բոլորովին: Թերեւս առայժմ հետեւում են, աշխատում իրենց մտածելակերպի վրաՙ ավելի համոզվելու համար: Գուցե մենք պետք է շատ ավելի լավ, ավելի համոզիչ աշխատենքՙ այդ անտարբերությունից դուրս բերելու նրանց:

Մենք հավատում ենք եւ հույսով լեցուն ենք, որ ապագան լավ է լինելու, եւ մեր լուման ենք ներդնում ցանկալի բարեկեցիկ ապագայի համար: Վստահ ենք, որ մեզ միանալու են կորպորատիվ պատասխանատու քաղաքացիների շատ ընկերություններ: Շուտով աչք փակենք-բացենք, կտեսնենք, որ բավական երկար ճանապարհ ենք անցել եւ զարգացած ապագային ավելի ենք մերձենում:

- Իսկ ի՞նչ թերություններ եք տեսնում, որ խոցելի են մեզ դարձնում այստեղ եւ դրսում:

- Ինչու դուրսը մեզանից ավելի լա՞վն է: Դուրսը այնքան հարցեր, խնդիրներ ունի. մենք ավելի լավն ենք: Մենք իբրեւ հայ մարդիկ պետք է լավատես լինենք, մեր հույսը, հավատը պետք է ուժեղացնենք. դա է մեզ պակասում:

... Գուցեՙ շատ ուրիշ բաներ եւս, ասենք պատասխանատվություն, փոխադարձ վստահություն, առողջ հանդուրժողականություն եւ այլն, եւ այլն: Այսուհանդերձ, Ռալֆ Յիրիկյանը լավատես է:

Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4