Մեր թերթը փետրվարի 19-ի համարում տեղեկացրել էր, որ Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել «Անմեղ նահատակի հիշատակին» նախաձեռնությամբ, որով որոշել են մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակը (հինգ տարվա ընթացքում) Երեւանում տնկել 1,5 մլն ծառ` ստեղծելով «Վերածննդի» այգի: Ռուսաստանի հայերի միությունը կոչով դիմել էր հայաստանյան երիտասարդական կազմակերպություններին` մասնակցելու ցեղասպանության յուրաքանչյուր զոհի հիշատակը հավերժացնող ծառատունկին: Եվ, ահա, վերոհիշյալ կոչը բավական մեծ արձագանք է ստացել: Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում է ծառատունկի 5-ամյա ծրագրի մեկնարկը` մարտի 31-ից: Այդ օրը ծառատունկ իրականացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել մի շարք դպրոցներ: Ծառատունկ կանցկացվի մայրաքաղաքի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի բակում, Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոցի բակում, թիվ 163 դպրոցի, թիվ 174 մանկապարտեզի բակերում, ինչպես նաեւ հայոց բանակի մայրաքաղաքային գնդի տարածքում: Բոլոր այս կրթօջախները մեծ խանդավառությամբ են ընդունել ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիատակը հավերժացնող 1,5 մլն ծառ տնկելու Ռուսաստանի հայերի միության կոչը:
Ծառատունկին մանրամասն կանդրադառնանք «Ազգ» -ի հաջորդ համարներում:
Հ. ԱՖՅԱՆ