«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2010-03-27 | #55, 2010-03-30 | #56, 2010-03-31


ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՏԱՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ»

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Ղարաբաղի հարցում իրավիճակի սրում չի նկատում: Նա լուրջ չի վերաբերվում նրան, որ Ադրբեջանն ընդունել է մադրիդյան նորացված սկզբունքները, իսկ Հայաստանը` մերժել: Նախկին նախարարը հիշեցնում է. Ադրբեջանը նման 4 փաստաթուղթ է մերժել:

Որ փաստաթուղթը Հայաստանի համար անընդունելի էր` Բաբայանը կասկածներ չունի: «Այդ կերպ կատարվել է հետքայլ, եւ ըստ փաստաթղթի` վերադարձել ենք 1997 թ.: Պատերազմի սպառնալիքն իրատեսական է ու ամեն ինչ գնում է պատերազմի ճանապարհով: «Ադրբեջանի լկտիությանը` ոչինչ չտալ, բայց ստանալ ամեն ինչ, հանգեցնում է դրան: Իրավիճակը վտանգավոր է, ամեն պահի կարող է պատերազմ սկսվել, իսկ մենք պարտավոր ենք հաղթել, որովհետեւ այլընտրանք չունենք», ասում է նա:

Իր խոսքերում Բաբայանը հակասություն չի տեսնում, իսկ փաստացի հակասություն տեսնող լրագրողներին էլ բացատրում է. «Հակասություն չկա, որովհետեւ պատերազմի վտանգը միշտ կախված է: Եթե չեն կարողանում հարցը լուծել, այլ տարբերակ չկա»:

Հայաստանի հնչեցրած` կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձ հայտարարությունը Բաբայանը կոպիտ սխալ է որակում: «Իմաստ չունի խոսել փոխզիջման մասին , որովհետեւ Ադրբեջանը չի լսում: Այդ հայտարարություններով ավելի ենք լկտիացնում Ադրբեջանին: Նա այդքան չկա, որ մենք այդպես նվաստանում ենք: Ի՞նչ ունենք տալու, որ խոսում ենք փոխզիջման մասին: Ասում ենք` Ադրբեջանն էլի պատերազմի վերսկսման մասին հայտարարեց, թող սկսի, ու տեսնենք թե ինչ կլինի»:

Մինչ պատերազմի վերսկսումը Բաբայանը խորհուրդ է տալիս Ադրբեջանին գնահատել իրավիճակը: «Ադրբեջանն իր վրա վստահ չէ, որ անպայման հաջողություն կունենա: Գիտակցում է, որ եթե պարտվեց, պետք է մոռանա իր պահանջներն ու մի բան էլ կկորցնի: Այսօր նա վստահ է, որ եթե պատերազմ սկսվի, կկորցնի իր պետության 50 տոկոսը, եւ որեւէ միջնորդ այս դեպքում չի կարող դա կանգնեցնել: Հստակ է մի բան. այսօր գործըթացը տանում է պատերազմի»:

Բաբայանն իրատեսական չի համարում, որ Ղարաբաղը կընդգրկվի բանակցություններում: Միջնորդներն են խանգարում` կատարելով Ադրբեջանի թելադրանքը: «Մինսկի խումբն իր դերը չի կատարում: Ադրբեջանը թույլ չի տա, որ Ղարաբաղը ինտեգրվի բանակցային գոտի: Սակայն Ղարաբաղի ընդգրկումով ինչ-որ հարց չի էլ փոխվի, որովհետեւ հարցի լուծման քաղաքական պահը կորցրել ենք վաղուց` 1994թ.: Պետք է չկանգնեինք ու պարտադրեինք Ադրբեջանին վերջնական փաստաթուղթ ստորագրել», ասում է նա:

Բաբայանը քաղաքական որեւէ ուժի ընդգրկվելու կամ նոր ուժ ստեղծելու մտադրություն չունի. առաքելությունն ավարտել է 1999 թ., կարծիք հայտնում է, որովհետեւ լրագրողներն են պահանջում: Եթե հնարավորություն ունենար, ներկայիս քաղաքական էլիտայի 90%-ին վաղուց կուղարկեր թոշակի: Որովհետեւ նրանք 16 տարի շարունակ մսխեցին փայլուն հաղթանակն ու անհասկանալի է, թե ինչով են զբաղված: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը հիշում է, որ 1993 թ., երբ պատերազմը չէր ավարտվել, Երեւանում քարտեզի վրա չափումներ էին անում ու Լաչինի միջանցքը գծում: Այդ գծողներն այսօր էլ էլիտայի մաս են կազմում: Քննադատելով իրեն ու բոլորին` Բաբայանը հրաժարվեց անուններ տալուց:

«Թերթերում ավելորդ վայնասուն դնելու ցանկություն չունեմ: Դու բոլորի անունը գրի, ասա, որ պարոն Բաբայանն է ասել: Այո, ընդհուպ այսօրվա իշխանությունների»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4