«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2010-03-27 | #55, 2010-03-30 | #56, 2010-03-31


«ԱՅԴ ԴԵՍՊԱՆԻՆ ԱՐԺԵ ՍՊԱՍԵԼ»

Ամերիկյան դեսպանին Բաքուն վաղուց է սպասում: Բավական երկար ժամանակ է, ինչ Վաշինգտոնը դժվարանում է ընտրել համապատասխան դիվանագետին: Մեր թերթը նախորդ համարներում տեղեկացրել էր, որ այդ պաշտոնին հավակնում է Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Սակայն Վաշինգտոնը ոչ հաստատեց, ոչ հերքեց այդ տեղեկությունները: Այս ամենի ֆոնին բավական հետաքրքրական հայտարարություններ է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Դոնալդ Լուն: Դիվանագետը նախ ընդգծել է, որ ղարաբաղյան հարցի լուծման այլ տարբերակ, բացի խաղաղ ճանապարհից, ԱՄՆ-ը չի տեսնում: «Խաղաղ բանակցությունները պահանջում են քաղաքական կամք երկու երկրներից էլ», նշել է Լուն: Ինչ վերաբերում է Բաքվում նոր ամերիկյան դեսպանի նշանակմանը, ապա Լուն ընդգծել է, որ նշանակման ձգձգումը կապված է «համակարգում տիրող բյուրոկրատական քաշքշուկների հետ». «Սակայն կարծում եմ, որ շուտով Բաքու կժամանի ԱՄՆ նոր դեսպանը: Նա դիվանագիտական մեծ փորձ ունեցող անձնավորություն է: Այդ դեսպանին արժե սպասել», հայտարարել է Դոնալդ Լուն:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4