«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2010-03-27 | #55, 2010-03-30 | #56, 2010-03-31


ԻՆՉՈ՞Ւ ԱՂՔԱՏՆԵՐԸ ՉԵՆ ԴԻՄՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Ինչո՞ւ աղքատները չեն դիմում ընտանեկան նպաստների համակարգին» գրքի շնորհանդեսը: Գիրքը, որը կարելի է որակել որպես զեկույց, ամփոփ ներկայացնում է ընտանեկան նպաստների համակարգի (ԸՆՀ) տասնամյա գործունեությունը: Զեկույցի պատասխանատուն «Սոցիալ-տնտեսական վերլուծությունների խորհրդատվական կենտրոնն է»:

ԸՆՀ-ի նպատակը երկրում զանգվածային աղքատության հաղթահարմանը նպաստելն է: Այն պետական դրամական աջակցություն է տրամադրում աղքատ ու խոցելի ընտանիքներին: Ամեն տարի ԸՆՀ-ին ուղղվում են պետական հսկայական միջոցներ: Ըստ զեկույցի` համակարգը մեծապես նպաստում է երկրում աղքատության կրճատմանը: Օրինակ` 2008 թվականի դրությամբ ԸՆՀ-ի գործունեության շնորհիվ ծայրահեղ աղքատ բնակչության թվաքանակը նվազել է 2,3 անգամ, իսկ աղքատ բնակչության թվաքանակը` 1,1 անգամ կամ 2,8 տոկոսային կետով: Ըստ 2008 թվականի տվյալների` մարզային կտրվածքով աղքատության նվազեցման վրա ԸՆՀ-ի ազդեցությունն ավելի մեծ է Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում, իսկ ծայրահեղ աղքատության նվազեցմանը հատկապես նպաստել է Լոռու եւ Շիրակի մարզերում:

Չնայած զեկույցի պատասխանատուները գրքում ներկայացրել են այնպիսի թվախաղ` իբր Հայաստանում ԸՆՀ-ի շնորհիվ կրճատվում է աղքատությունը, բայց անգամ անզեն աչքն է տեսնում, որ 2008-2009 թթ. ընթացքում զգալի աճել է աղքատությունը:

Սոցիալ- տնտեսական վերլուծությունների խորհրդատվական կենտրոնի տնօրեն Նունե Եղիազարյանը նշեց. «8 ֆոկուս խմբերում մենք հարցադրում ենք արել`թե ինչո՞ւ աղքատները չեն դիմում ընտանեկան նպաստների համակարգին: Պատասխանը հետեւյալն է` չեն դիմում, որովհետեւ չեն վստահում համակարգին, նաեւ ամոթալի են համարում ընտանեկան նպաստների համակարգին դիմելը: Հուսով եմ, որ ծայրահեղ աղքատ բնակչությունը հետագայում կդառնա այս համակարգի շահառուն»:

Նունե Եղիազարյանի խոսքերից կարելի է հետեւություն անել, որ կան մարդիկ, ովքեր գերադասում են հաց չուտել, քան վերցնել պետական նպաստները, ինչին «մի քիչ» դժվար է հավատալը:

«Նյութապես ծայրահեղ աղքատների` մարդկանց, որոնք հացի խնդիր ունեն, միայն 40 տոկոսն է դիմել է ԸՆՀ-ին, որպեսզի նպաստ ստանա: Աղքատները պասիվ են եւ չեն դիմում այն պետական ծրագրին, որն իրենց աջակցություն է ցույց տալիս», ասաց զեկույցի համահեղինակ Նաիրուհի Ջրբաշյանը :

Մտածելը, թե երկրում կկրճատվի աղքատությունը, եթե ծայրահեղ աղքատները դիմեն ԸՆՀ-ին, իսկական զավեշտ է: Հայաստանը, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, համաշխարհային տնտեսական ճգնաժամից առավել տուժած երկրներից է: ՀԲ-ի տվյալներով` 2008-ի երկրորդ եռամսյակին արձանագրված 25,6 տոկոս ընդհանուր աղքատության ցուցանիշը 2009-ի երկրորդ եռամսյակին հասել է 28,4 տոկոսի: Այսինքն` աղքատությունն ավելացել է գրեթե 3 տոկոսով կամ 90 հազար մարդով: 2008-ի երկրորդ եռամսյակի համեմատ 2009-ի երկրորդ եռամսյակին ծայրահեղ աղքատության ցուցանիշը կրկնապատկվել է` 3,6 տոկոսից հասնելով 6,9 տոկոսի, այսինքն` ծայրահեղ աղքատների թիվն ավելացել է 107 հազարով:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4