Այս տարվա առաջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշները ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ուսումնասիրել է, սակայն լավատեսությամբ չի համակվել: Եվ թեպետ գրանցվել է 3,1 տոկոս աճ, տնտեսագետը կարծում է, որ աճը շարունակական բնույթ չի կրի: «Հունվար, փետրվար ամիսները սովորաբար «քնած» ամիսներ են եւ տարվա ՀՆԱ-ի միայն 8-9 տոկոսն են կազմում, միայն երկու ամիսների ցուցանիշով չի կարելի եզրակացություն կատարել ողջ տարվա համար», «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Բագրատ Ասատրյանը : Նա նկատում է, որ աճը հիմնականում գրանցվել է ծառայությունների եւ առեւտրի հաշվին: Աճել են հատկապես մանրածախ առեւտրի աճի ցուցանիշները, որը, նրա կարծիքով, պայմանավորված է ստվերային տնտեսության մի հատվածի վերացմամբ: «ՀԴՄ-ների շնորհիվ ստվերային տնտեսության մի հատվածը դուրս եկավ հարկային դաշտ: Բայց սա մշտական չի կարող լինել, որովհետեւ ստվերը մի օր կարող է վերջանալ», ասաց Բագրատ Ասատրյանը:
Դրամական զանգվածի կրճատումը, Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ, սկսվել է դեռ 2008-ին: Այդ տարի Հայաստանի կանխիկ դրամական բազան կազմում էր 344 մլրդ դրամ, 2009 թվականին` արդեն 320 մլրդ դրամ, իսկ այս տարվա մարտի 25-ին այդ թիվը կազմում էր ընդամենը 274 մլրդ դրամ: Դրամի արժեզրկումը, տնտեսագետի կարծիքով, պայմանավորված է մի քանի գործոններով: «Նախՙ հասարակությունն ունի դրամի արժեզրկման սպասում, երկրորդՙ նկատվում է դրամի արտահոսք արտասահման, օրինակՙ Վրաստան, ուր ներդրումների եւ բիզնես սկսելու համար ավելի լավ պայմաններ կան», ասաց Բագրատ Ասատրյանը:
Գնաճի զսպման գործառույթը միայն Կենտրոնական բանկին վերագրելը, բանախոսը սխալ է համարում: «Կառավարությունը եւս պետք է իր լծակներն օգտագործի գնաճը զսպելու համար: Մինչդեռ Հայաստանում գնաճի զսպման մնացած բոլոր միջոցները զրոյացված են», ասաց Բագրատ Ասատրյանը: Գազի թանկացումը եւս շղթայական ռեակցիայի սկզբունքով կբերի մյուս ապրանքների գների բարձրացմանը:
Իշխանական շրջանակներից հնչող այն կարծիքը, թե տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է, Բագրատ Ասատրյանն անհիմն է համարում: Նրա կարծիքովՙ այսօր տնտեսությունում չկան այն մեխանիզմները, որոնց գործադրման դեպքում հնարավոր է հասնել դրական ցուցանիշների: Շինարարական ոլորտում անկում է նկատվում, գյուղատնտեսության շրջանում աճ դծվար թե լինի «եղանակային պատճառներով», մասնավոր տրանսֆերներն էլ նվազել են 25 տոկոսով:
«100 քայլ» ծրագիրը, որ մշակել էր Հայ ազգային կոնգրեսը, Բագրատ Ասատրյանը իրատեսական եւ կյանքի կոչվելու հնարավոր է համարում: «Քնադատություններ հնչեցին ծրագրի մասին, բայց լուրջ եւ հիմնավոր քննադատության ես այդպես էլ չհանդիպեցի», ասաց բանախոսը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ