«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2010-03-27 | #55, 2010-03-30 | #56, 2010-03-31


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՁԵՌԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐՈՎ

Վերջին մեկ տարվա ընթացքում Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրական հավաքածուներն ավելացել են 33 միավորով, որոնց մեջ կան բացառիկ արժեք ներկայացնող ձեռագրեր: Մատենադարանի ձեռագրերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 17.260 միավոր: Դեռեւս մեծաթիվ ձեռագրեր կան առանձին հավաքածուներում եւ անհատների մոտ, դրանք ձեռք բերելու համար Մատենադարանի տնօրենությունը հետեւողական քայլեր է անում` բարերարների աջակցությամբ դրանք դարձնելու ազգային սեփականություն: Այժմ Մատենադարանում ի պահ է տրված երեք ձեռագիր, բացի այդ, տնօրենության տեսադաշտում են Հայաստանում եւ արտերկրում գտնվող բազմաթիվ ձեռագրեր:

Մատենադարանի կառավարման խորհրդի երեկվա նիստում տնօրեն Հրաչյա Թամրազյանն իր հաշվետու զեկուցման մեջ նշեց, որ հարստացել է նաեւ արխիվային հավաքածուն, համալրվելով 5 արխիվային ֆոնդով` Լեւոն Խաչիկյանի, Ս. Տեր-Ներսեսյանի, Համազասպ եւ Վիկտոր Համբարձումյանների, Գեւորգ Աբգարյանի: Ձեռք են բերվել ավելի քան 30 առանձին արխիվային փաստաթղթեր ու թանգարանային առարկաներ: Սկսվել է արխիվային ֆոնդերի ամբողջական հաշվառման ընթացքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Գ. Գյուլպենկյան հիմնադրամի առաջարկով, այս բաժինը մշակել է տարբեր նախագծեր: Արդեն իսկ սկսվել են արխիվային ֆոնդերի ուղեցույցի նախապատրաստական աշխատանքները: Ուղեցույցը կնպաստի Մատենադարանի բացառիկ արխիվային ֆոնդերի հանրահռչակմանը եւ արխիվային փաստաթղթերի որոնման դյուրացմանը:

Արդեն ավարտվել է Կաթողիկոսական դիվանի հաշվառումը` շուրջ 44.000 միավոր, որոնց մեջ մեծ է հիվանդ կամ վնասված վավերագրերի քանակը: Առանձնացվել եւ ընդհանուր ֆոնդից մեկուսացվել են հազարից ավելի փաստաթղթեր, որոնք հաջորդաբար հանձնվում են վերականգնողական բաժին: Վերականգնած եւ բուժված նյութերի քանակն արդեն անցել է 500-ից: Կատարվել է 8454 մեծ մակերեսով թերթերի ախտահանում եւ թերթային բուժում: Բուժվել է 36 գիրք եւ 250 վավերագիր: Սկսվել է միջնադարյան եբրայերեն թորաների բուժումը, ախտահանումն ու նորոգումը: Բուժվել է 110 մ մագաղաթյա թորա:

Բարեգործական հիմունքներով բուժվել ու նորոգվել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի 15 արժեքավոր վավերագրեր եւ 2 գիրք: Նույն հիմունքներով կատարվել է Օձունի վանքի մեծածավալ հնատիպ Աստվածաշնչի նորոգումը: Միաժամանակ շարունակվել է Մատենադարանի արծաթյա կազմերի նորոգումը, վերանորոգվել է ձեռագրերի 19 արծաթյա կազմ:

Հաջողությամբ է ընթանում նաեւ ձեռագրերի թվայնացումը, առ այսօր բաժինը թվայնացրել է 520 ձեռագիր: Մատենադարանի կայքէջ` www.matenadaran.am են մուտքագրվել «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց» մատենաշարի 5 հատորները, որոնցից ազատորեն կարող են օգտվել Հայաստանի եւ արտերկրի բոլոր մասնագետները: Այժմ համացանց են ներմուծվում մեկ այլ խոշոր մատենաշարի` «Մատենագիրք հայոց»-ի հատորները, որը եւս մեծ խթան կդառնա հայագիտության զարգացման համար:

Մատենադարանի տնօրենն իր խոսքում նաեւ նշեց, որ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում սերնդափոխության խնդրին, որի հրատապության թելադրանքով աշխատանքի է ընդունվել 33 աշխատակից, որոնցից 25-ից ավելին գիտաշխատողներ եւ գիտական անձնակազմի աշխատակիցներ են: Նա անդրադարձավ նաեւ հրատարակչական գործունեությանը, որը տարեցտարի նոր թափ է առնում:

Մատենադարանի կյանքում ամենախոշոր երեւույթն, անշուշտ, գիտական նոր մասնաշենքի կառուցումն է, որը նախատեսվում է ավարտել 2011-ի սեպտեմբերին: «Արդեն վեր է խոյացել այդ եզակի շինությունը, տարածքներով 4 անգամ մեծ առկա օգտակար մակերեսներից, սկսվել են ներքին կառուցապատման աշխատանքները: Մենք պետք է կազմ ու պատրաստ մուտք գործենք այդ եզակի կառույց: Նկատի ունեմ ե՛ւ գիտական, ե՛ւ տեխնիկական ու սպասարկման անձնակազմերի ընդլայնումն ու վերազինումը: Մեզ ամենօրյա լարված աշխատանք է սպասում: Հույս ունեմ, որ այն կպսակվի հաջողությամբ», իր խոսքում ասաց Հրաչյա Թամրազյանը: Մատենադարանում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին գոհունակության խոսքեր ասացին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ԳԱԱ հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, փիլիսոփայության դոկտոր Հրաչյա Միրզոյանը, Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանը եւ ուրիշներ:

Ռ. ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4