Ապրիլյան շատ այլ հանդիպումների հիմնական թեման հայ-թուրքականն է ու ղարաբաղյանը
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քաղաքականության մեջ, ինչպես եւ կյանքի շատ այլ ոլորտներում, ուժն է թելադրում իրավիճակը: Շատերը, որ առիթի դեպքում որեւէ կարծիք էին արտահայտում այն առնչությամբ, թե կընդունե՞ն արդյոք Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները ԱՄՆ նախագահի` Վաշինգտոն այցելելու հրավերը, հիմնականում արձագանքում էին. «Ինչպե՞ս կարող են չընդունել. կգնան, երկուսն էլ կգնան»:
Այս կարծիքը ապացույցներ չէր ստանում մինչեւ երեկ, երբ հայտնի դարձավ երկու նախագահների արձագանքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերի կապակցությամբ: Կողմերից յուրաքանչյուրը թերեւս հնարավորինս ձգձգում էր Միացյալ Նահանգների նախագահի հրավերին իր պատասխանը բարձրաձայնելու պահը` սպասելով, թե երբ եւ ինչպես կարձագանքի հարեւան երկրի ներկայացուցիչը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին կմեկնի Միացյալ Նահանգներՙ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցելու Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին:
Բարաք Օբամայի Սերժ Սարգսյանին հղած հրավերում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ցուցաբերած նվիրվածությունը միջուկային անվտանգության եւ միջուկային ահաբեկչության դեմ պայքարի նպատակներին` ցանկանում եմ Ձեզ հրավիրել մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթաժողովին, որ տեղի է ունենալու 2010թ. ապրիլի 12-13-ը Վաշինգտոնի Համագումարների կենտրոնում»:
Հրավերում նշվում է նաեւ, որ գագաթաժողովի նպատակը միջուկային ահաբեկչության սպառնալիքի, նաեւ քաղաքացիական ու ռազմական նպատակով միջուկային նյութի տարածման վտանգի ընդհանուր ըմբռնումն ամրապնդելն է:
Օբամայի խոսքով, որպես միջուկային նյութի համար պատասխանատվություն կրողներ` գագաթաժողովի մասնակիցները պետք է պարտավորվեն հնարավորինս նվազեցնել դրա հասանելիությունը, ինչպես նաեւ ապահովել այդ նյութի մնացորդների պահպանության բարձրագույն չափանիշներ:
Չնայած ԱՄՆ նախագահի հրավեր-նամակում ոչինչ չի նշվում հայ-թուրքական արձանագրությունների ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, սահմանի բացման գործընթացների մասին, սակայն ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի հետ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվելու են հենց այս հարցերը, իսկ գագաթաժողովը առիթ է, ինչպես եւ պատահում է նման իրավիճակներում, համատեղություն ապահովելու երկու երկրների պարագայում:
Այս հանդիպումն առավել մեծ կարեւորություն է ձեռք բերում ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի համատեքստում, այլեւ Հայոց ցեղասպանության բանաձեւի` ԱՄՆ Կոնգրեսում ընդունման, նաեւ ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործման առումով:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թուրքական աղբյուրների համաձայն, կմեկնի ԱՄՆ գագաթաժողովից մեկ օր առաջՙ Էրդողանի հետ Միացյալ Նահանգներ կմեկնի նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը, որ հետ էր կանչվել խորհրդակցությունների ԱՄՆ Կոնգրեսի արտաքաին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո:
Հետաքրքրական է, որ եթե հայկական կողմը որեւէ կերպ չէր արտահայտում Վաշինգտոն մեկնելու մոտեցումները, չէր նշվում, թե Հայաստանի նախագահը կամ մեկ այլ պաշտոնյա ներկա կլինեն գագաթաժողովին, ապա թուրքական կողմը նախապես տարածել էր լուրեր, թե ԱՄՆ կմեկնի ոչ թե Թուրքիայի առաջին դեմքերից որեւէ մեկը, այլ մեկ ուրիշ պաշտոնյա: Հատկանշական է, որ հենց թուրքական մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ վստահություն էին հայտնել, թե Էրդողանն, անկախ բոլոր տեսակի հայտարարություններից, կմեկնի ԱՄՆ` դրական պատասխան տալով Բարաք Օբամայի հրավերին:
Հայ-թուրքական, թուրք-ամերիկյան, նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի թեմաների կողքին եւս երկուսը կարող է ավելանալ, երբ քննարկման սեղանի շուրջը նստեն Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Թերեւս պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետը Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ պաշտոնական այցելությամբ կլինի Ֆրանսիայում` ապրիլի 6-7-ը այցելելու նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերով:
Պաշտոնապես նշվում է, թե Ֆրանսիայի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպմանը քննարկվելու են Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության, իրանյան միջուկային խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների եւ այլ խնդիրներ: Նախատեսվում է նաեւ Էրդողանի ելույթը Ֆրանսիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների համար:
Վերջերս Թուրքիան հաճախ խոսում, իսկ ավելի հաճախ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության իրականացումը ղարաբաղյան հակամարտութան կարգավորման բանակցային գործընթացում: Քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, ապա ամենայն հավանականությամբ Թուրքիայի վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ կանդրադառնա նաեւ ղարաբաղյան խնդրին, գուցե նաեւ ներկայացնի սեփական նկրտումները ղարաբաղյան գործընթացում միջնորդական դերակատարություն ունենալու առնչությամբ:
Ու մինչ հիշատակված այցելությունները դեռեւս մնում են ծրագրային ու պիտի դառնան իրականություն, իրականացման փուլում է Ադրբեջանի նախագահի գլխավորած պատվիրակության այցելությունը Թուրքիա: Բնավ էլ պատահական չեն այցելությունների այս հերթագայությունները, հատկապես որ եռօրյա այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի գլխավորած պատվիրակությունը միայն այսօր է հանդիպելու Թուրքիայի վարչապետ Էրդողանի ու այլ պաշտոնատար անձանց հետ: