Երեկ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի ունեցավ Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ճառագայթային ախտորոշման եւ բուժման (ռադիոլոգիայի) կենտրոնի հանդիսավոր բացումը: Կենտրոնը ստեղծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Նազար եւ Արտեմիս Նազարյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը , որ ներկա էր կենտրոնի բացմանը, նշեց. «Մեր առաքելության կարեւոր մասն է հայրենիքին թիկունք կանգնելը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատմականորեն միշտ էլ օժանդակել է մեր ազգային հաստատություններին»:
Բժշկական համալսարանի եւ ՀԲԸՄ-ի համագործակցությունը սկսվել է դեռ 1929 թվականից, երբ միության հիմնադիր նախագահ Պողոս Նուբար Փաշայի նվիրատվությամբ Հայաստանում առաջին անգամ հիմնվեց ակնաբուժական կլինիկա, որը 2009-ին վերակառուցվեց եւ վերազինվեց բժշկակական համալսարանի միջոցներով: 2000 թվականին ՀԲԸՄ-ի Նազարյանների հիմնադրամի աջակցությամբ բժշկական համալսարանում նաեւ բացվել է Ջեֆերսոնի ուսումնական կենտրոնը:
Ճառագայթային ախտորոշման եւ բուժման կենտրոնի կառուցման ծախսերը կազմել են 4,5 միլիոն դոլար, որի շուրջ 2,8 միլիոնը վարկային միջոցներ են, որոնք տրամադրվել են սարքավորումներ ձեռք բերելու համար, մնացած 1,7 միլիոն դոլարը նվիրաբերել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ավելի կոնկրետ` միության հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար Նազար Նազարյանը : Վերջինիս խնդրանքով եւ համալսարանի գիտխորհրդի որոշմամբ կենտրոնն անվանվել է բարերարի որդու` ամերիկահայ բժիշկ-ռադիոլոգ Լեւոն Նազարյանի անունով:
«Ուրախ եմ, որ մեր նոր սերունդը` թե՛ Ամերիկայում, թե՛ այլ երկրներում ապրող, կապված է Հայաստանի հետ: Մեր բժիշկները, ընկերները պետք է գան Հայաստան եւ օգնեն այս երկրին, մենք ուզում ենք ամեն կերպ օգնել հայկական պետությանը», ասաց Նազար Նազարյանը:
Նորաստեղծ կենտրոնն ունի տարածաշրջանային նշանակություն, այստեղ սպասվում է հիվանդների հոսք հարեւան երկրներից: Փաստորեն, իրականություն է դառնում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած տարածաշրջանային բուժկենտրոնների ստեղծման գաղափարը:
Եռահարկ շինության մակերեսը կազմում է 1700 քմ: Բժշկական համալիրն ապահովված է ջեռուցման, հովացման, տաք եւ սառը ջրամատակարարման, օդափոխության կենտրոնացված համակարգերով:
Կենտրոնի բուժանձնակազմը երեք տարի մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Մերսեր բժշկական համալսարանում եւ Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում:
«Կենտրոնը կառուցելուց հետո շատ կարեւոր խնդիր է բանիմաց կադրեր ունենալը: Այս հարցում մեզ օգնել է բժշկական համալսարանի շրջանավարտ, ամերիկահայ նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանը: Նրա աջակցությամբ կենտրոնի համար 3 տարի շարունակ 14 երիտասարդ մասնագետներ են պատրաստվել արտասահմանում», իր ելույթի ժամանակ նշեց ԵՊԲՀ-ի ռեկտոր Գոհար Քյալյանը :
Ռեկտորն ասում է, որ Արթուր Գրիգորյանը Ջորջիայի նյարդավիրաբուժական կլինիկայի առաջատար մասնագետներից է: Վերջինիս անմիջական ֆինանսավորմամբ եւ հսկողությամբ են վերապատրաստվել կենտրոնի երիտասարդ բժիշկները:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ