Արեւելյան գործընկերության 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ համագործակցությունը նույն գործընկերության շրջանակում խորացնելու համար Եվրոպական հանձնաժողովն ակտիվացնելու է քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությանն արդեն արձագանքել են:
2009 թվականի նոյեմբերին Բրյուսելում կայացավ Քաղաքացիական հասարակության առաջին համաժողովը, որին մասնակցեցին 21 հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Որպեսզի աշխատանքները տեղում առավել արդյունավետ լինեն, որոշվեց, որ Արեւելյան գործընկերության «թիրախ» 6 երկրներում կստեղծվեն ազգային պլատֆորմներ: Այս պլատֆորմների նպատակն է լինելու Արեւելյան գործընկերության սկզբունքներն իրենց երկրում բարձրացնելու եւ կյանքի կոչելու ուղղությամբ», «Ուրբաթ» ակումբում նշեց Երեւանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը : Նա մասնակցել էր ֆորումին եւ ընտրվել հայաստանյան համակարգող:
Ազգային պլատֆորմներում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունները, որոնք մասնակցելու են նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային օրակարգի ձեւավորմանը: «Մենք ներկայացնելու ենք մեր առաջարկները», ասաց Բորիս Նավասարդյանը: Նա նկատում է, որ ի տարբերություն Նոր հարեւանության ծրագրի, Արեւելյան գործընկերությունը իսկապես լուրջ ուշադրության է դարձնում քաղաքացիական հասարակության ներգրավմանը: «Հույս ունենք, որ մինչեւ մայիսի վերջ, հունիսի սկիզբ ազգային պլատֆորմն արդեն ձեւավորված կլինի», ասաց Բորիս Նավասարդյանը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու է Եվրոմիությունը: Բորիս Նավասարդյանը ենթադրում է, որ Արեւելյան գործընկերության ֆինանսավորման ծավալները չեն լինի ավելի քիչ, քան նոր հարեւանությանը, որը կազմում էր մոտ 100 մլն եվրո:
Արեւելյան գործընկերության շրջանակներում նախատեսվում է նաեւ ազատականացնել վիզային ռեժիմը: «Գործընթացը շատ ավելի արագ է ընթանում, քան մենք սպասում էինք: Սկզբից վիզայի տրամադրման կարգն ազատականացվելու է ուսանողների, գիտնականների, լրագրողների համար: Եվրոմիությունում կան երկրներ, որոնք շահագրգռված են անգամ վիզային ռեժիմի վերացմամբ», ասաց Բորիս Նավասարդյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ