«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2010-03-30 | #56, 2010-03-31 | #57, 2010-04-01


ՊԱՏՐԻԱՐՔ ԿԻՐԻԼԸՙ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՒՄ

Թող բնավ էլ շաբլոն չհնչի, եթե ասեմ, որ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցը Հայաստան լայնորեն լուսաբանվեց ռուսաստանյան ԶԼՄ-ներում: Իրոք շատ էին հրապարակումները: Անշուշտ, դրանց զգալի մասը տեղեկատվական էրՙ եկավ, շուքով ընդունեցին, եղան բազմաթիվ տպավորիչ հանդիպումներ, համատեղ կրոնական ու աշխարհիկ միջոցառումներ եւ այլն:

Սակայն Կիրիլը այն անհատականությունը չէ, որի գործողություններն ու հայտարարությունները սահմանափակվեն սոսկ արձանագրայինի շրջանակներում: Նշվում է, որ նրա օրոք ռուս եկեղեցին, աշխարհիկ լեզվով ասած, ծավալել է ակտիվ արտաքին քաղաքականություն, եւ այս իմաստով հայ եկեղեցին նրա համար կարեւոր գործընկեր է: Եվ դա անկախ այն բանից, որ երկու եկեղեցիների միջեւ կան աստվածաբանական տեսակետների տարբերություններ:

Ռուսաստանյան լրատվամիջոցներում, սակայն, ամենամեծ ուշադրության ու մեկնաբանման արժանացավ Երեւանի պետական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ հանդիպման ժամանակ նրա ունեցած ելույթը: Այն ինչ-որ տեղ համարվեց «ծրագրային», քանի որ արտացոլվեցին այն համապարփակ համաքրիստոնեական մտքերը, որոնք արտահայտված են այդ օրերին Հայաստանում լույս տեսած նրա երկու գրքերում:

Հերթական անգամ պատրիարք Կիրիլը իր խոր մտահոգություններն ու երկյուղներն արտահայտեց Եվրոպայում քրիստոնեական հավատի շարունակվող անկման մասին, երբ սեկուլյար լիբերալիզմը ձգտում է կրոնը լրիվ դուրս մղել հասարակական կյանքից, որի հետեւանքով առաջանում է «նոր իրողություն», Կիրիլի բառերովՙ «քրիստոնեատյացություն»: Հատուկ ընդգծվում է, որ մարդու իրավունքների լիբերալ ըմբռնման քննադատությունը Երեւանում հնչել է շատ ավելի սուր, քանզի հիրավի դրված է համայն քրիստոնեական քաղաքակրթության գոյության հարցը: Համոզմունք է հայտնվում, որ արդի աշխարհում քրիստոնեական եկեղեցու դերի նսեմացման թեմայի նման սկզբունքային արծարծման վայրն էլ պատահական չէր ընտրված. մոսկովյան թերթերից մեկի սրամիտ արտահայտությամբՙ Հայաստանը դիտվում է որպես ֆունդամենտալ քրիստոնեության երկիր:

Քանի որ պատրիարք Կիրիլը իր երկրում դիտվում է նաեւ որպես ազդեցիկ քաղաքական գործիչ, ապա տեղի լրատվամիջոցներն առանձնացնում էին նաեւ նրա մոտեցումներն ու հայտարարությունները հայ ժողովրդին հուզող որոշ ներկա ու պատմական հրատապ խնդիրների վերաբերյալՙ ցեղասպանություն, Ղարաբաղ, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններ եւ այլն:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4