Մեկհարկանի քարե տան առջեւ մի երիտասարդ փայտ է կտրում, իսկ քիչ հեռու 3 աղջիկներ են խաղում: Մի փոքր անց դաշտից նրանց երկու եղբայրները տուն կգան, որից հետո ընտանիքը կհավաքվի ճաշի սեղանի շուրջը: Վարդանյաններին Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում բոլորն են ճանաչում: Գյուղի ամենաբազմանդամ ընտանիքն է: Վռամ Վարդանյանը` ընտանիքի հայրը, սեղան է նստում 7 զավակների հետ: 4 տղա եւ 3 աղջիկ ունի: Մեծն արդեն 25 տարեկան է, փոքրը նոր է առաջին դասարան գնացել: Երկու որդիներն արդեն ծառայել են բանակում, այժմ երրորդն է սահմանները պաշտպանում:
Երվանդաշատը հայ-թուրքական սահմանի մոտ է, գյուղի կենտրոնից տասը րոպե քայլելու դեպքում անմիջապես երկու երկրների սահմանին կհասնեք: Այստեղ Վարդանյաններն ապրում են քսան տարուց ավելի: Մինչ այդ Շիրակի շրջանի գյուղերից մեկում տուն ունեին, սակայն երկրաշարժից տունն ավերվեց: Վարդանյանները, այն ժամանակ դեռ երկու երեխաների հետ, հաստատվեցին Երվանդաշատում:
Այսօր արդեն 46-ամյա Վռամ Վարդանյանին դաշտում եւ անասուններին պահելիս օգնում են երեք տղաները: «Կաշխատենք, հող կմշակենք ու կապրենք: Ամենալավն այն է, որ երեկոյան միասին նստում, հաց ենք ուտում», ասաց Վռամ Վարդանյանը : Նրա կինը` Անահիտ Վարդանյանը , պատմում է, որ ապուր եփելիս մեկ դույլ ջուր է օգտագործում, իսկ եթե երեխաների սիրած տապակած կարտոֆիլն է պատրաստում, ապա ողջ ընտանիքի համար նվազագույնը 5-6 կիլոգրամ կարտոֆիլ է անհրաժեշտ: «Շատվոր ենք, օրը մի քանի անգամ ճաշ եմ եփում», ասաց Անահիտը: Ընտանիքի համերաշխության համար Նա պահանջում է, որ երեխաներն ազնիվ լինեն միմյանց հանդեպ եւ, որ կարեւորն է, «միայն իրենց աշխատանքով գումար վաստակեն»: «Իմ երեխաները բոլորից տարբերվում են, համեստ են, աշխատասեր ու իրենց հորը թիկունք են կանգնում», հպարտությամբ գովաբանում է տիկին Անահիտը:
Հոկտեմբերին Վարդանյանները միանգամից երեք զավակի ծնունդն են նշում: Այդ օրը սենյակի կենտրոնում դրված մեծ սեղանը չի բավականացնում բոլոր հյուրերի համար: «Ամեն երեխա իր հոգսը, իր ուրախությունն ունի», ասում է Անահիտը: Իրենց տունը Վարդանյանները կառուցում են արդեն քսան տարի: Յուրաքանչյուր երեխայի ծնվելու հետ անհրաժեշտ է լինում ավելացնել կամ փոփոխել սենյակները: Հյուրասենյակի կենտրոնում վառարանն է դրված, իսկ պատի երկայնքով մահճակալներն են շարված: Օրվա մեծ մասն այստեղ են լինում նաեւ հարեւանների ու հարազատների երեխաները: «Երբ միանգամից 8-9 երեխա է խաղում մեկ սենյակում, շփոթում եմ, թե որն է իմը, որը` չէ», պատմում է Վռամ Վարդանյանը` հետեւելով խաղացող երեխաներին:
Երվանդաշատից հեռանալու մասին չեն էլ մտածում: Սահմանային գյուղում ապրելու դժվարություններն ու բազմանդամ ընտանիքի հոգսերը նրանց համար առօրյա են դարձել, գյուղից եւ իրենց քարակերտ տնից դուրս իրենց կյանքն այլ կերպ չեն պատկերացնում: «Աշխատանք եւ առողջություն լինի, մնացած ամեն ինչ կստեղծվի», ասում է Վռամ Վարդանյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ