«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2010-03-31 | #57, 2010-04-01 | #58, 2010-04-02


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑ «ՊԱՏԺԻՉ ՄԵՔԵՆԱՆ»

Մեր թերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ թուրք փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը դիմել էր Անկարայի հաշտարար դատարան` պահանջելով, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ճանաչեք հայերի ցեղասպանությունը: Մեղավոր ճանաչեք Թալեաթ փաշային եւ նրա համախոհներին: Թալեաթի անունը կրող փողոցներից եւ պուրակներից հանեք այդ անունը», ասված էր նրա հայտարարության մեջ:

Zaman-ի փոխանցմամբ` Ստամբուլի փաստաբանական գրասենյակի ղեկավար Սերհաթ Քամիլ Զորը երեկ հանրապետական դատախազություն է ներկայացրել հայցադիմում, համաձայն որի Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաբանին մեղադրում է թուրք ազգին վիրավորելու, պետական կառույցների դեմ սուտ խոսելու, փաստաբանի մասնագիտությանը հակառակ գործելու մեջ:

Հայցադիմումում փաստաբանը նշել է, որ ինքը ծնվել է Էրզրումի Իսպիր գավառի գյուղերից մեկում, որի շրջակայքի շատ բնակավայրեր կրում են հայկական եւ հունական անուններ, սակայն դարասկզբինՙ ռուսների նվաճումների ժամանակաշրջանում հայերն են կոտորել թուրքերին:

Եթե դատախազությունը ընթացք տա Քամիլ Զորի բողոքին, ապա Ջելիլ Էզմանի նկատմամբ հետաքննություն կսկսվի Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք փաստաբանը պահանջել էր, որ հետաքննություն սկսվի Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանցանքը եւ հանցագործին գովերգելու եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու» հոդվածի հատկանիշներով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4