«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2010-03-31 | #57, 2010-04-01 | #58, 2010-04-02


ՄԱՅԻՍԻ 23-Ըՙ ԼՐԱԳՐՈՂԻ ՕՐ ԼՂՀ-ՈՒՄ

ԼՂՀ կառավարությունն իր վերջին նիստում որոշում է ընդունել ամեն տարի մայիսի 23-ը Լրագրողի օր նշելու մասին:

Գործադիրին նման առաջարկ ներկայացրել էր Արցախի ժուռնալիստների միությունը: Անցյալ տարվա մայիսի 23-ին Ղարաբաղում առաջին պարբերականի լույս ընծայման 135-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանրապետությունում գործող լրատվամիջոցների պատասխանատուներն ու լրագրողները հավանություն էին տվել հիշյալ առաջարկին: Այնուհետեւ, սեպտեմբեր ամսում, ժուռնալիստների միության երրորդ համագումարն ընդունել էր Լրագրողի օր նշելու որոշում եւ պարտավորեցրել նորընտիր վարչությանը` հետամուտ լինել պետական տոնացույցում այն ընդգրկելու խնդրին, ինչն էլ իրականացվել է:

Արցախում առաջին պարբերականը` «Հայկական աշխարհը» , Խորեն Ստեփանեի (իսկական անուն-ազգանունը` Ստեփան Ստեփանյան) խմբագրմամբ լույս է տեսել 1874 թվականին Շուշիում: Դրանից հետո բազմաթիվ այլ թերթեր են հրատարակվել եւ շարունակվում են լույս ընծայվել Ղարաբաղում` վկայելով երկրամասի հարուստ մշակութային ժառանգության եւս մի բաղկացուցիչի առկայության մասին:

Տեղեկացնենք, որ ժուռնալիստների միությունը միաժամանակ տպագրության է ներկայացրել գիտական ձեռնարկ «Արցախի մամուլի պատմությունից. 1874 թվականից մինչեւ մեր օրերը» վերնագրով: Այն նախատեսվում է ընթերցողի դատին ներկայացնել ապրիլի վերջին: Հեղինակը լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն է, որը երկար տարիներ զբաղվում է մամուլի պատմության ուսումնասիրությամբ:

Զուգադիպությամբ, այս տարի մայիսի 23-ին ԼՂՀ-ում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Քանի որ ընտրությունների օրը բոլոր կարգի զանգվածային միջոցառումներն օրենքով արգելվում են, ուստի հավանական է, որ արցախցի լրագրողներն իրենց մասնագիտական տոնը կնշեն ընտրություններին հաջորդող որեւէ այլ օր:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4