Այս մասին հայտարարեց երեկ ասուլիս հրավիրած Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Ըստ վերոհիշյալ օրենքի` բոլոր ավագ դպրոցները, որոնք այս պահին երկրում 48-ն են, պետք է անցնեն անմիջապես նախարարության ենթակայության տակ: Իսկ առաջիկայում, Մկրտչյանի խոսքերով, ավագ դպրոցների թիվը հանրապետությունում կհասնի 120-ի:
Ինչ վերաբերում է դպրոցների տնօրենների ընտրության կարգին, ապա ԿԳ փոխնախարարը տեղեկացրեց, որ նախկինում նախարարությունը որեւէ մասնակցություն չուներ դպրոցների տնօրենների ընտրության գործում. «Սակայն նոր օրենքի համաձայն, բոլոր դպրոցների խորհուրդներում կրթության եւ գիտության նախարարությունը կունենա իր ներկայացուցիչը, բացի այդ, յուրաքանչյուր ուսուցիչ չի կարող մասնակցել դպրոցի տնօրենի ընտրությանը», նշեց Մկրտչյանը: Իսկ ընտրությանը մասնակցելու համար մանկավարժը պետք է ունենա հավաստագիր, որը տրվում է 5 տարի ժամկետով: Վերոհիշյալ հավաստագիրը ստանալու համար մանկավարժը պետք է «բավական խիստ կազմակերպված քննություններ անցնի»:
Մկրտչյանը նշեց նաեւ, որ շուտով կսկսվի ուսուցիչների ատեստավորման գործընթացը. «Այս պահին ատեստավորման կարգն արդեն ներկայացված է կառավարության հաստատմանը», եզրափակեց Մկրտչյանը:
Հ. Ա.