«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2010-03-31 | #57, 2010-04-01 | #58, 2010-04-02


ՀՅԴ-Ն ԳՈՀ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ, ԴԺԳՈՀ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ Հայաստանի տնտեսության վերաբերյալ գնահատականներից հետո երկրի ներքաղաքական կյանքում նոր իրավիճակ ստեղծվեց: Քոչարյանի վերադառնալ-չվերադառնալու լուրերին զուգահեռ տարբեր քաղաքական ուժեր իրենց տեսակետները արտահայտեցին երկրորդ նախագահի վերաբերյալ: Եթե «ժառանգություն» կուսակցությունը Քոչարյանին համարում է վատ երազ, ապա Դաշնակցությունը կարծես հանդես է գալիս երկրորդ նախագահին պաշտպանողների թիմում:

«Այո, մադրիդյան սկզբունքները մշակվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության եւ Վարդան Օսկանյանի նախարարության տարիներին, բայց ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման տարիներին դրանք լրացվել են, ընդ որում, ինչպես տրամաբանությունն է հուշում, լրացվել են ոչ մեր օգտին, եթե Ադրբեջանը, որ չէր համաձայնում մադրիդյան սկզբունքներին, համաձայնել է դրանց լրացված տարբերակին», մի քանի օր առաջ ասել էր ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը ` վերլուծելով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների արտաքին քաղաքականության ուղեգիծը:

Դաշնակցական գործիչը նաեւ հիշատակել էր, որ Քոչարյանը մերժել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Էրդողանի առաջարկությունը, մինչդեռ Սերժ Սարգսյանն այդ առաջարկությունն ընդունել է, հայ-թուրքական արձանագրություններում տեղ տալով պատմաբանների ենթահանձնաժողովի մասին դրույթին: Ավելի ուշ նա առաջարկել էր լրջորեն քննարկել Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի տնտեսական կյանքի վերաբերյալ դատողությունները, որովհետեւ դրանք արդիական են ու խիստ կարեւոր:

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ երեկ իր տեսակետն է արտահայտել նաեւ ՀՅԴ մեկ այլ գործիչ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը. «Քոչարյանը քաղաքական եւ պետական գործիչ է, որ նույնքան իրավունք ունի կարծիք հայտնելու, որքան «ՀՀՇ մի կարկառուն ներկայացուցիչ»: Այդ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավունք ունի վերադառնալու քաղաքականություն, իսկ Ռոբերտ Քոչարյանն իրավունք չունի կարծիք հայտնելու: Նորմա՞լ եք համարում: Իսկ որ բոլորովին չհայտներ, պետք է ասեիք` Սերժ Սարգսյանը կալանքի է ենթարկել Ռոբերտ Քոչարյանին: Մարդ, որը 10 տարի երկրի ղեկավարն էր, դրանից առաջ էլ Ղարաբաղում էր որպես առաջին դեմք իր գործունեությունը ծավալել, իրավունք ունի նաեւ կարծիքներ հայտնելու: Նավթալինոտ քաղաքական գործիչներ կան, որ իրենք էլ զարմացած են, որ դեռ քաղաքականության մեջ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը` հանրապետության 2-րդ նախագահը, որն արցախյան, հայ-թուրքական խնդիրերի ակունքներում է կանգած, իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնելու երկրի տնտեսության կամ քաղաքական հետագա զարգացումների մասին»:

Եզրափակելով իր խոսքը Պետրոսյանը հավելել է, որ Քոչարյանը երիտասարդ է եւ կարող է 2 տարի հետո նորից մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4