«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2010-03-31 | #57, 2010-04-01 | #58, 2010-04-02


ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՎԵՐԱՑԵԼ

Շիկահողի արգելանոցին վտանգ չի սպառնում: «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը վստահեցրեց, որ Իրանից դեպի Հայաստան նախագծված միջպետական ճանապարհը եւ նավթատարը Շիկահողի արգելոցով չեն անցնելու: «Նախագիծը ներկայացվել է բնապահպանության նախարարություն եւ անցնելու է Քաջարանը հատող հատվածով», ասաց Արամ Աղասյանը:

Ներկայումս Հայաստանում կան 3 պետական արգելանոց, 4 ազգային պարկ, 27 արգելավայր եւ 230 բնության հուշարձան: Նախորդ տարի այս ցանկին ավելացվել է եւս 3 հատուկ պահպանության տարածք` 75 հազար հեկտար ընդհանուր մակերեսով: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը նկատում է, որ համակարգը ձեւավորվել է դեռեւս 1958 թվականին եւ այսօր հատուկ պահպանման վայրերը քարտեզագրման եւ կենսաբազմազանության հետ տեղի ունեցած փոփոխությունների ճշտման կարիք ունեն: «Պահպանվող տարածքների ստեղծումը չի կարող ինքնանպատակ լինել: Պետք է համոզված լինենք, որ այդ տարածքում պահպանության արժանի կենսաբազմազանություն կա», նկատեց բանախոսը: Արգելավայրերի պահպանության ռեժիմի խստացումը, նրա կարծիքով, օգտակար չի լինի, քանի դեռ ճշտված չեն հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության հետ տեղի ունեցած փոփոխությունները: Որսագողությունը եւ անտառահատումները կանխելու նպատակով նախարարությունը փորձել է ավելացնել անտառապահների աշխատավարձերը եւ պետական հատկացումներն այդ վայրերի պահպանության համար: «Անտառապահներն այսօր 15 հազարի փոխարեն ստանում են 50-60 հազար դրամ աշխատավարձ», շեշտեց Արամ Աղասյանը:

Թեպետ բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի մոնիտորինգային խմբի անդամները հատուկ պահպանության վայրերում որսագողության դեպքեր չեն արձանագրել, սակայն երեւույթի առկայությունը մասնաճյուղի տնօրենը չի բացառում: «Կան փող ունեցող մարդիկ, որոնք գնում են որսի», ասաց մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը : Նրա տվյալների համաձայնՙ այսօր Հայաստանում գրանցված է 25000 որսորդ: «Չգրանցված որսորդների թիվը գրանցվածներին հավասար կլինի: Հարկավոր է որսի քաղաքակիրթ կանոններ մշակել», ասաց նա:

Կարեն Մանվելյանը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն ընդունել է հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բույսերի եւ կենդանիների ցանկը: «Ըստ այդմ խախտումների դեպքում կսահմանվեն նոր տուգանքներ», ասաց Արամ Աղասյանը: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ մինչ նոր տուգանքի չափերի հաստատումը, օրինակ բեզոարյան այծի ոչնչացման համար, գործող օրենքի համաձայն, կտուգանվեն 3 մլն դրամի չափով, իսկ պահպանվող տարածքներում խախտումը կատարելու դեպքում 5 անգամ ավելի մեծ գումարով:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4