«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2010-04-01 | #58, 2010-04-02 | #59, 2010-04-03


ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ ԵՆ

ՀՀԿ-ն պատրաստվում է 2013 թվականի ընտրություններին

Սերժ Սարգսյանը 2013 թվականին երկրորդ անգամ կառաջադրվի նախագահական ընտրություններում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անգամ համոզված է, որ մինչեւ 2013 թվականը կուսակցությունը կկարողանա իրականացնել տրված բոլոր խոստումները: «Վերընտրության հավանականությունը կախված է նրանից, թե մենք ինչ արդյունքներ կկարողանանք ապահովել 2013 թվականին: Իմ համոզմունքն է, որ արդյունքները բավարար կլինեն», «Հենարան» ակումբում երեկ նշեց Գալուստ Սահակյանը : Արտահերթ ընտրությունների հավանականությունը պատգամավորն անհեթեթություն է համարում: Ընդդիմության ցանկությունները, նրա կարծիքով, իրականությանը չեն համապատասխանում: «Քաղաքական քուրան այնպիսին է, որ քո քաղաքական ծրագրերը պետք է ներկայացնես, իսկ Երեւանի ասֆալտից այն կողմ ես քարոզչություն չեմ տեսնում», ասաց Գալուստ Սահակյանը:

Այն հարցին, թե 2013 թվականի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջադրման դեպքում ո՞ւմ թեկնածությունը կպաշտպանեն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նման որոշումները կայացվում են քաղաքական իրավիճակների արդյունքում: Կանխավարկածային չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին կդնեն թեկնածությունը»: «Մեր պատասխանը հստակ է», նկատեց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը :

Անդրադառնալով արցախյան խնդրի կարգավորմանը, Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ նորացված սկզբունքներին Ադրբեջանի համաձայն լինելն ընդամենը խայծ է: «Ադրբեջանն ասում է, որ կողմ են նորացված սկզբունքներին, սակայն որոշակի վերապահումներով: Այդ վերապահումները վերաբերում են հենց էական խնդիրներին: Մենք ասում ենք, որ մադրիդյան սկզբունքները հիմք են բանակցությունների համար: ԼՂՀ խնդրի լուծումը մենք տեսնում ենք ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների համադրմամբ», ասաց Գագիկ Մինասյանը:

Գալուստ Սահակյանն էլ ընդգծում է, որ որքան էլ քննարկեն եւ վերլուծեն բանակցությունների գործընթացը, Արցախի ժողովուրդն ունի իր ասելիքը: «Ղարաբաղի ժողովուրդը վճռական է», ասաց Գալուստ Սահակյանը: Պատերազմի վերսկսման հավանականությունը վերջինս միայն շահարկումների միջոց է համարում: «Պատերազմ չի լինի, որովհետեւ մենք պատրաստ ենք պատերազմին», ասաց բանախոսը:

Այս տարի Հայաստանի հանրապետական կուսակցությունը տոնելու է հիմնադրման 20-ամյակը: ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանը նկատում է, որ կուսակցության պատմությունը սկսվում է դեռ նախորդ դարի 60-ական թվականներից: ՀՀԿ-ն իրեն համարում է 1966 թվականին կազմավորված եւ մինչեւ 1988-ը ընդհատակյա գործած Ազգային միացյալ կուսակցության իրավահաջորդը: «1965 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած համազգային զարթոնքից հետո, երբ հաջորդ տարի արգելվեց ոգեկոչման արարողություններ իրականացնել, որոշվեց հիմնել Ազգային միացյալ կուսակցությունը: Նպատակն անկախության ձեռքբերումն էր եւ հայ ժողովրդի ազգային հարցերին հետամուտ լինելը», հիշում է ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանը:

ՀՀԿ-ն այսօր ունի 120-125 հազար կուսակից, 1800 սկզբնական եւ 70 տարածքային կազմակերպություններ:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4