«Կովկաս. շինարարություն եւ վերանորոգում» EXPO 2010 ցուցահանդեսը երեկ բացվեց Երեւանի մարզահամերգային համալիրում: Անդրադառնալով ցուցահանդեսին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ ի տարբերություն նախորդ ցուցահանդեսի, այս անգամ ցուցահանդեսային տարածքն ավելացել է 170 տոկոսով, տեղակայվելով ավելի քան 1500 քմ-ի վրա: Այս անգամ մասնակիցների մեջ զգալի թիվ են կազմում արտերկրի ընկերությունները, որոնք ներկայացնում են 8 երկրներ: Այս ամենը, ըստ Արսեն Ղազարյանի, վկայում է, որ շինարարական արդյունաբերությունը զարգանում է, շինարարներն իրենք հուսով են նայում ապագայինՙ վերականգնելու համար այն տեմպերը, որ կային երկու տարի առաջ:
Թուրքական ընկերությունների մասնակցության մասին հարցին պատասխանելովՙ ՀԱԳՄ նախագահը փաստեց, որ այդ ընկերությունների արտադրանքը հայկական շուկայում վաղուց կար, իսկ հիմա ներկայացված են նաեւ կազմակերպությունները:
Logos expo կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը այս ցուցահանդեսը խոշորագույնը համարեց, մատնանշելով, որ մասնակիցների 30 տոկոսը արտերկրի ընկերություններ են: Նա կարեւորեց նաեւ, որ ցուցահանդեսը վերանվանվել է եւ կոչվում է «Կովկաս. շինարարություն եւ վերանորոգում» EXPO:
Բացման խոսքով հանդես եկավ նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը , նույնպես փաստելով մասնակիցների աննախադեպ աճը, ինչն, ըստ նրա, նշանակում է, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն աճում է:
Ցուցահանդեսի նպատակներն են իրացման նոր շուկաների եւ նոր գործընկերների որոնումը, Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Իսկ ներկայացված են շինարարական տեխնոլոգիաներ եւ տրանսպորտային միջոցներ, շինարարական նյութեր, փայտյա եւ մետաղյա հավաքածուներ, էներգա-ջերմա-ջրամատակարարման համակարգեր, կերամիկա եւ քար, պատերի եւ առաստաղների դեկոր, ծածկեր եւ մեկուսիչներ, ջեռուցման եւ օդափոխման համակարգեր, լաքեր եւ ներկեր, հատակի ծածկեր, դռներ, պատուհաններ, կահույք եւ աքսեսուարներ, նախագծում, ինտերիերի եւ էքստերիերի դիզայն, վիտրաժներ, սանտեխնիկա եւ այլն: Ցուցահանդեսին մասնակցում էին մոտ 100 ընկերություններ, առաջին անգամ դրանց թվում էին զգալի թվով թուրքական, ինչպես նաեւ իրանական, վրացական ընկերություններ:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 4-ը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ