Արցախում 2010 հռչակված է Գանձասարի տարի: Դա պայմանավորված է հայ ճարտարապետական կոթողներից մեկի` Գանձասարի Ս. Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակով: Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1240 թվականի հուլիսի 22-ին, Վարդավառի տոնին: Հանդիսանալով Աղվանից կաթողիկոսանիստը, այն հետագա հարյուրամյակների ընթացքում կարեւոր դերակատարություն է ունեցել արցախահայության կյանքում` դառնալով հոգեւոր եւ ազատագրական շարժման յուրօրինակ կենտրոն:
Հոբելյանի կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որն արդեն ձեռնամուխ է եղել տոնական միջոցառումների նախապատրաստությանը: Այդ շրջանակում նախատեսվում է բուկլետների, ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում եւ հուշամեդալի թողարկում: Կկազմակերպվեն ուխտագնացություններ, լուսանկարների, գեղանկարների ու Գանձասարին պատկանող սրբապատկերների ցուցադրություններ: Հանրապետության կրթօջախներում կանցկացվեն շարադրությունների մրցույթ եւ հոգեւոր երգի փառատոն, միաժամանակ եկեղեցու սպասավորները կայցելեն կրթօջախներ, իսկ նախադպրոցական հիմնարկներում կլինեն կնունքներ:
Քրիստոսի Պայծառակերպության` Վարդավառի տոնի նախօրյակին, որն այս տարի նշվելու է հուլիսի տասնմեկին, տեղի կունենա հանդիսավոր նիստ: Այնուհետեւ կբացվեն ցուցահանդեսներ, Գանձասարի Ս. Մկրտիչ եկեղեցում տոնական պատարագից հետո կերգվեն ազգագրական երգեր, կկատարվեն ծեսեր եւ մատաղ կբաժանվի ժողովրդին:
Միջոցառումների ծրագրով սեպտեմբերին կկազմակերպվի գիտաժողով` նվիրված Գանձասարի Ս. Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին:
Տոնական միջոցառումների շարքում նաեւ նախատեսվում է Էջմիածնից Հովհաննես Մկրտչի մասունքը Արցախ բերելու մասին խնդրանք հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ