Սոս Վարդեւանյանի այգին սկսել է ծաղկել: Ծառերի ստվերի ներքո սիրում է նստել, հանգստանալ եւ հետեւել այգուց ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու գտնվող դիմացի գյուղի կյանքին: Իսկ դիմացը թուրքական գյուղն է, որը Սոս Վարդեւանյանի տնից բաժանված է փշալարով: «Եթե հյուր եմ ունենում, այս այգին ենք գալիս, նստում: Հյուրերիս հետաքրքրական է այսքան մոտիկից թուրքական գյուղ տեսնել, իսկ ինձ համար արդեն սովորական է», ասաց Սոս Վարդեւանյանը: 50-ամյա Սոս Վարդեւանյանը ծնվել եւ մեծացել է Բագարան գյուղում: Արմավիրի մարզում գտնվող գյուղը հարակից է հայ-թուրքական սահմանին: Սոս Վարդեւանյանի տունը սահմանին ամենամոտն է: «Մի օր աղջիկս այգուց ներքեւ էր իջել, ես էլ անհանգստացած կանչեցի, թե Հասմի՛կ, արի, հեռու մի գնա: Հաջորդ օրը մի թուրք սահմանին կանգնած կանչում էր` Հասմիկ, Հասմիկ», պատմում է Սոս Վարդեւանյանի կինը` Պայծառ Սահակյանը : Գյուղում միայն Հանրային հեռուստաընկերության ծրագրերն են դիտում, որովհետեւ մյուս ալիքների սփռվածությունն այստեղ չի հասնում: Փոխարենը թուրքական ալիքներ գյուղում հնարավոր է դիտել անգամ առանց ալեհավաքի օգնության: «Աղջիկս մուլտֆիլմերը թուրքական ալիքներով էր նայում ու էդպես թուրքերեն է սովորել», ասաց Պայծառ Սահակյանը:
Շփում թուրքերի հետ չկա, դեռ ավելին, Սոս Վարդեւանյանը դեմ է, որ սահմանը բացվի: «Մենք ցեղասպանությունը չենք մոռացել, սահմանը որ բացվեց, գյուղի հանգստությունը կկորի», ասաց նա: Սահմանից այն կողմ նորակառույց մինարեթն է, որի ազանի ձայնը լսվում է նաեւ հայկական գյուղում: Երեւում էին թուրքական գյուղի միջով անցնող ճանապարհը եւ սլացող մեքենաները: «Բլուրի վրա կանգնած կանաչ շենքը նոր են սարքել: Երեւի թեյարան է, որովհետեւ մեքենաները հաճախ են կանգնում շենքի դիմաց: Գյուղի բնակիչներն էլ հիմնականում մեղու են պահում, իրենց դաշտը մշակում», իր դիտարկումներն է հայտնում Սոս Վարդեւանյանը:
Հայկական կողմից հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս եւ հայ սահմանապահները: Դաշտային աշխատանքների սեզոնի բացման հետ գյուղապետարանում սահմանապահների ղեկավարության ու գյուղացիների միջեւ ժողով է լինում: Հարցը մշտական է եւ չհնացող: Գյուղացիների շուրջ 2000 հեկտար դաշտերն ու այգիները երկու երկրների միջեւ գտնվող չեզոք գոտում են: Սեփական հողը հերկելու եւ մշակելու համար գյուղացիները սահմանապահներից թույլտվություն են ձեռք բերում եւ ամեն անգամ դաշտ մտնելիս պետք է ներկայացնեն անցաթուղթը: Դաշտ մտնելու եւ դուրս գալու համար հստակ ժամեր կան, այնտեղ չես կարող գնալ արեւածագից առաջ եւ մնալ մայրամուտից հետո: Երբեմն սեփական հողը մտնելու համար գյուղացիները երկար հերթեր են կանգնում եւ չեն հասցնում ժամանակին կատարել աշխատանքները: «Գյուղացիները դժվարանում են անցնել իրենց հողերը: Սահմանապահները ստուգում են անցաթղթերը եւ նոր միայն թողնում: Եթե հարյուր մարդ միաժամանակ ուզում է անցնել, ապա հերթ է առաջանում: Գյուղացիները պահանջում են թեթեւացնել հսկողությունը», ասաց գյուղապետ Գեւորգ Մարգարյանը : Սահմանապահների պատասխանը գյուղացիներին մեկն է. անվտանգությունն ու սահմանված կարգը պահանջում են խիստ վերահսկողություն: 680 բնակիչ ունեցող գյուղում խնդիրը մնում է անփոփոխ արդեն տարիներ շարունակ, իսկ գյուղացիները երբեք տնից դուրս չեն գալիս առանց անձնագրի եւ անցաթղթի: 74-ամյա Վոլոդյա Փիլոյանը ցույց է տալիս անձնագիրը եւ խնամքով պահպանվող անցաթուղթը: Փաստաթղթերը մշտապես գրպանում են, անգամ եթե դաշտ չի գնում: «Դեռ մթով տնից դուրս եմ գալիս, որ հերթի մեջ չընկնեմ ու անցնեմ դաշտերը», ասաց Վոլոդյա Փիլոյանը: Գյուղում հողերը մշակում են սահմանապահների հսկողության ներքո, աշտարակից սահմանին հետեւող զինվորների ներկայությունը գյուղում սովորական է:
Կոստյա Պետրոսյանը , որ կյանքի 52 տարիներն անց է կացրել Բագարանում, պատմում է, որ թուրքական գյուղին այսքան մոտ ապրելով անհանգստություն կամ վախ չի զգում: «Դեռ մի բան էլ իրենք են մեզնից վախենում», հայտարարեց նա:
Սահմանամերձ Բագարանում խնդիրները շատ են, գյուղացիները բողոքում են, որ երիտասարդները չեն մնում գյուղում, աշխատանք չկա, պայմաններ չկան: «Ի՞նչ անի երիտասարդը գյուղում: Աշխատանք չկա, դաշտի եկամուտով էլ հազիվ կարողանում ենք ապրել: Անգամ Արմավիր գնալու համար օրվա մեջ մեկ անգամ մեկ «Գազել» է գնում», ասաց Կոստյա Պետրոսյանը: Գյուղի խնդիրների մասին բագարանցիները երկար կարող են խոսել: Գազ չունեն, խմելու ջրի համար միայն մեկ աղբյուր կա, ոռոգման ջուրն էլ թանկացրել են, մեկ խորանարդ մետր ջրի համար այժմ պետք է 9-ի փոխարեն 11 դրամ վճարեն: «Գյուղացիներն անասնապահությամբ են զբաղվում: Մեզ մոտ լավ ծիրան է աճում, դեղձ, խնձոր», պատմում է գյուղապետը:
Լեռներով շրջապատված քարքարոտ գյուղում եկեղեցի չկա, ամուսնանալու համար հարկավոր է մարզկենտրոն կամ Երեւան հասնել: Տարեկան այստեղ 8-9 ամուսնություն է գրանցվում, նույնքան էլ երեխաներ են ծնվում: Գյուղի դպրոցի առաջին դասարանում երեխաների թիվը տասից չի անցնում, իսկ ողջ դպրոցում շուրջ 90 աշակերտ է սովորում:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ