«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2010-04-02 | #59, 2010-04-03 | #60, 2010-04-06


ԻՏԱԼԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

«Իտալական «փոքրիկ» Սարդինիա կղզուց ժամանել ենք Հայաստան` բացահայտելու ձեր հինավուրց երկիրը», ասում է իտալացի զբոսաշրջիկ Անջելո Նեանին : Եթե երկու շաբաթ առաջ իտալացի զբոսաշրջիկներին խնդրեին քարտեզի վրա ցույց տալ Հայաստանի տեղը` կդժվարանային: Տեղեկությունները սակավ էին ու շաղկապվում էին 1915 թ. Հայոց ցեղասպանության հետ: Նրանց հատկապես հուզել էր, որ ցեղասպանության է ենթարկվել առաջին քրիստոնյա ազգը` իր հավատի համար:

Հայոց պատմությանն ու մշակույթին նրանց դեռ Իտալիայում «ստիպել» են սիրահարվել բազմաթիվ իտալահայ մտավորականներ: Զբոսաշրջիկները խոստովանում են, որ կյանքի վերաբերյալ պատկերացումների, մարդկանց ու նրանց կատարած գործողությունները գնահատելու առումով հսկայական ազդեցություն են գործել իտալական գրականության մեծագույն վարպետ, իտալահայ Անտոնիա Արսլանի գրքերը, որոնք Իտալիայում արժանացել են լավ ու ջերմ ընդունելության:

Վեպի հիման վրա Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների նկարահանած «Արտույտների ագարակը» ֆիլմը Նեանին դիտել է մի քանի տասնյակ անգամ: Սարսափել է, զայրացել, հուզվել ու որոշել այցելել պատմական այս գողտրիկ վայրն ու հաղորդակից լինել քրիստոնեական աշխարհի հինավուրց մասունքներին:

«Ֆիլմի շնորհիվ Իտալիան ու ողջ Եվրոպան ծանոթացան հայոց պատմության ամենաողբերգական էջին` Հայոց ցեղասպանությանը: Մեր երազանքն էր բացահայտել երկիր, որի անունը մեծ հարգանք ու հետաքրքրություն է հարուցում, որը, միաժամանակ, այդքան էլ հայտնի չէ: Կարեւոր էր ընկալել այն հիացական խոսքերի իմաստը, որոնք հաճախ ենք լսել հայկական եկեղեցիների, նրանց ճարտարապետական բացառիկ արժեքի ու նշանակության վերաբերյալ», ասում է Նեանին:

Երեք օրվա ընթացքում շուրջ չորս տասնյակից բաղկացած իտալացի զբոսաշրջիկների խումբը հասցրել է լինել բամաթիվ վայրերում: Հայկական աշխարհի բացահայտումը սկսվել է Երեւանի պատկերասրահներից ու թանգարաններից, շարունակվել մինչեւ Սաղմոսավանք, Օհանավանք: Հաջորդող մի քանի օրերի ընթացքում զբոսաշրջիկները կհիանան նաեւ Նորավանքով: Կայցելեն Խոր Վիրապ, Գոշավանք, Հաղարծին, Սեւան, Գառնի ու Գեղարդ:

Իտալացի զբոսաշրջիկների հետ հանդիպումը պատահական էր, վայրը` Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը: Տաճարում նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, եկեղեցին ու ողջ քաղաքը նախապատրաստվում էին ճրագալույցի, այնուհետեւ Սուրբ Զատկի պատարագին:

«Անկասկած ամենամեծ տպավորությունն ինձ վրա թողեց Մայր տաճարը: Այս եկեղեցին շատ կարեւոր եւ բացառիկ նշանակություն ունի: Նրա կառուցման պատմությունը, եկեղեցու դերը, քանդակներն ու նկարներն ապշեցուցիչ էին: Մնացած եկեղեցիներն էլ մեծ տպավորություն թողեցին, ինձ հատկապես զարմացրեց եկեղեցու եւ բնության այդչափ համահունչ ներդաշակությունը»:

«Ինչպես կբնութագրեք հայերին» հարցից հետո խումբը նախ հիացական բացականչություններ արտահայտեց, այնուհետեւ ծափահարեց:

«Մեզ զարմացրին մարդկանց պարզությունն ու ջերմությունը, հյուրընկալ վերաբերմունքը: Հիացած ենք հայկական խոհանոցով: Համեղ ուտեստները, որոնք ճաշակում ենք, ուղղակի հիանալի են: Դրանք առանձնահատուկ են, որովհետեւ պահպանել են համեմունքային եւ պատրաստման եղանակների յուրահատկությունը: Դա հատուկ է նաեւ իտալական խոհանոցին: Մեզ համար անսպասելի էին նաեւ Հայաստանում մատուցվող ծառայությունների սպասարկման բարձր մակարդակն ու որակը: Խոստովանում եմ` զարմացրիք», ասում է Նեանին:

Իտալացի զբոսաշրջիկը մտադրվել է հայրենիք տանել մի շարք ուտեստների բաղադրատոմսեր, վառ հիշողություններ ու, անկասկած, ընկերներին խորհուրդ կտա այցելել Հայաստան, ինչպես ինքն է բնորոշում, առնչվելու խորհրդավորին եւ հոգեւոր արժեքներին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4