Թեհրանի հայոց թեմական խորհուրդը հրապարակել է Հայոց մեծ եղեռնի 95-ամյա տարելիցը ոգեկոչող միջոցառումների ցանկը: Թեհրանում ծրագրված է բացել կայքէջ, որտեղ տեղադրված կլինեն Հայոց ցեղասպանության պատմական անցյալին վերաբերող հոդվածներ, ուսումնասիրություններ ու լուսանկարներ, նախաձեռնողները կանդրադառնան Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` լայնորեն լուսաբանելով իրանցի հասարակության համար: Խորհուրդը նախատեսում է գնել Ցեղասպանության վերաբերյալ օտարալեզու ֆիլմեր եւ գրքեր, որոնց նպատակն է համայնքում նմանօրինակ արխիվի բացը լրացնել ու ստեղծել ամուր հենասյուն ապագա սերունդների համար:
Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններ կանցկացվեն նաեւ դպրոցներում` նկարչական ցուցահանդեսներ, շարադրության մրցույթ, զրույց-քննարկումներ: Ոչ հայ շրջանակների համար երիտասարդական-ուսանողական միությունները կկազմակերպեն նամականիշների մրցույթ-ցուցահանդես` նպատակ հետապնդելով իրանցիներին ծանոթացնել Հայոց ցեղասպանությանը:
Իրանցի դասախոսների համար կկազմակերպվի երաժշտական եւ ասմունքի երեկո: «Արդարության հայելին» խորագրով միջոցառման ընթացքում էլ Հայոց ցեղասպանությանը զուգահեռ կներկայացվեն տեղի ունեցած այլ ցեղասպանությունները, հարց կբարձրացվի Ցեղասպանության դեմ պայքարելու կարեւորության մասին, կքննարկվեն հավանական հաշտեցման եւ երկխոսության եղանակները: Միջոցառման ընթացքում կներկայացվեն այն թուրք մտավորականները, որոնք ճանաչեցին սեփական պատմությունը, անտեսեցին բազմաթիվ խոչընդոտներ ու սկսեցին պայքար արդարությունն ու պատմական ճշմարտությունը տարածելու համար` նպատակ հետապնդելով աշխարհին ապացուցել, որ թուրք առաջադեմ հատվածը ընդունում եւ ամաչում է իր նախնիների արարքների համար:
Թեհրանում կցուցադրվեն «Whispering memories» եւ «Talking pictures» ֆիլմերը: Տեղի կունենա «A shameful act» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Կհրատարակվեն նաեւ թռուցիկներ, որոնք ցեղասպանության տարելիցի նախօրեին կտարածվեն Թեհրանում:
Հ. Հ.