«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2010-04-03 | #60, 2010-04-06 | #61, 2010-04-07


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸՙ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ՎԱՐՉԱՊԵՏ

Շուտով կլրանա վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման 2 տարին, ինչը, թերեւս, բավարար ժամանակահատված է նրա կատարած աշխատանքի վերաբերյալ որոշակի եզրակացություններ կատարելու եւ հաջողվածն ու չհաջողվածը ներկայացնելու համար:

Եթե խոսենք Տիգրան Սարգսյանի վարչապետության երկու տարիների դրական արդյունքների մասին, ապա, նախ եւ առաջ, հարկ է առանձնացնել այն հանգամանքը, որ նրա գլխավորած կառավարությանը հաջողվեց առանց սոցիալական ցնցումների անցկացնել ճգնաժամային տարին: Ինչը, ճիշտ է, տեղի ունեցավ երկրի արտաքին պարտքի մեծացման միջոցով, բայց դա այն գինն էր, որի շնորհիվ բնակչությունը կարողացավ ժամանակին ստանալ աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները:

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ընդհանուր առմամբ հստակ ուղղվածություն ունեինՙ ենթակառուցվածքների (ճանապարհներ, ոռոգման ցանցեր) ստեղծում, փոքր եւ միջին բիզնեսի համար էժան վարկեր եւ անգամ աննախադեպ քայլՙ պետական վարկավորում, տնտեսության դիվերսիֆիկացման քայլերՙ արտահանման ուղղվածություն ունեցող արտադրություններին աջակցելու միջոցով, խոշորՙ համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորում, շինարարության որոշակի խթանում, որը, սակայն, կիսատ մնաց, եւ այդ նպատակով մշակված օրինագիծը օրենք չդարձավ, զարգացման կոնկրետ ծրագրերի (Գյումրու տեխնոպարկ, Տաթեւի վերածնունդ, միջուկային բժշկության կենտրոն, Դիլիջանըՙ ֆինանսական կենտրոն, Ջերմուկըՙ զբոսաշրջային կենտրոն, «Զվարթնոցին» կից ազատ տնտեսական գոտի) մշակում եւ իրագործման սկիզբ, որոնք տվյալ ոլորտներում զարգացում ապահովող շարժիչ ուժ պետք է դառնան:

Տիգրան Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներից շարքային քաղաքացիների համար ամենակարեւորը հանրային ծառայությունների ոլորտում իրականացվողը եւ իրականացվելիքն են: Խոսքն անձնագրերի եւ վիզաների տրամադրման ոլորտում, ծննդատներում, գերազմանոցներում տիրող բացահայտ կոռուպցիոն երեւույթների վերացմանն ուղղված քայլերին է վերաբերում: Ոլորտներ, որոնց առնչվում են առանց բացառութան բոլորը: Միաժամանակ, հանրային ծառայություններ համարվող այլ ոլորտներում, օրինակՙ ավտոմեքենաների գրանցման եւ նոտարական գրասենյակներում տիրող կոռուպցիայի վերացման եւ հստակ ընթացակարգերի մշակման ուղղությամբ նման քայլեր դեռ չեն կատարվել:

Հարկ է առանձնահատուկ ընդգծել գործող վարչապետի իրագործած ամենատեսանելի բարեփոխումըՙ ճանապարհային երթեւեկության ոլորտում: Ասել, թե մենք արդեն եվրոպական կարգապահության տիպար ենք դարձել, չի կարելի իհարկե, բայց որ արմատական փոփոխություն է այստեղ արձանագրվել եւ, ամենակարեւորը, հոգեբանության փոփոխություն, ոչ ոք ժխտել չի կարող:

Մյուս կարեւոր միջոցառումը երկրի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, փաստաթղթաշրջանառության բացահայտման նպատակով տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեղադրումն էր: Դրա անհրաժեշտության մասին տարիներ շարունակ գրել ենք մեր թերթում, բայց մեկը մյուսին հաջորդող վարչապետներից ոչ ոք քաղաքական համարձակություն չդրսեւորեց կյանքի կոչելու համար: Տիգրան Սարգսյանն այդ համարձակությունը ցուցաբերեց, բայց այդ գործընթացը շատ դժվար եւ դանդաղ է ընթանում: Կառավարությունն այնքան էլ հետեւողական չէ այս հարցում, տնտեսվարողների կողմից կտրոնների տրամադրման հարցի ամբողջ ծանրությունը թողնելով բնակչության ակտիվության հույսին, իսկ տոնավաճառների մեծ մասում բացահայտ հրաժարվում են կտրոն տրամադրել ու մնում անպատիժ:

Կառավարությունը հետեւողական չէ եւ ըստ էության կիսատ է թողել հարկային եւ մաքսային բարեփոխումներիՙ նոր վարչապետի 2 տարի առաջ նախաձեռնած լայնածավալ ծրագիրը: Թեեւ Տիգրան Սարգսյանն իր ասուլիսներից մեկում խոստովանեց այդ թերացումը, բայց դրանից հետո եւս նկատելի տեղաշարժեր չեղան: Հարկային եւ մաքսային ոլորտների աշխատակիցների համար կամայականությունների լայն դաշտը պահպանվում է:

Վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրերից Տիգրան Սարգսյանը հռչակեց Հայաստանում գիտելիքահենք տնտեսության ստեղծան մասին: Առայժմ, բացի Գյումրու տեխնոպարկի ծրագրից, որեւէ նշանակալից քայլ չի արվել: Սրան առնչվող մեկ այլՙ կրթական համակարգն արդիականացնելու եւ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ, որը նույնպես 2 տարի առաջ նոր վարչապետի հռչակած ձեռնարկներից էր, դարձյալ լուրջ փոփոխություններ չեն նկատվում:

Վարչապետին առայժմ չի հաջողվում արդյունավետ պայքար մղել մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ: Այսինքն, նրանց ստվերից դուրս բերել եւ հասնել նրան, որ գերիշխող դիրք ունեցողները չխաթարեն ազատ մրցակցությունը: Խոշոր տնտեսվարողների համար միջազգային պարտադիր աուդիտը նախատեսված էր դեռ անցյալ տարի, բայց հետաձգվեց այս տարվան: Մյուս քայլըՙ հարկային ներկայացուցիչների նշանակումը որոշ խոշոր ընկերություններում, թեեւ արժանացավ բուռն հակազդեցության, բայց ճիշտ կատարված փոփոխություններից հետո վերջապես կյանքի կոչվեց: Ինչն, անշուշտ, որոշակի արդյունքներ կբերի: Այդուհանդերձ, շատերի կարծիքով, Տիգրան Սարգսյանն անզոր է օլիգարխների դեմ պայքարելու եւ նրան թույլ չեն տա դա անել: Որքանո՞վ է դա մոտ իրականությանը, չենք կարող ասել, բայց, օրինակ, մայրաքաղաքի իրացման գոտիների եւ դրանց բնակիչների անորոշ վիճակը վկայում է, որ կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կառուցապատողներին պարտադրել կատարել իրենց պարտավորությունները կամ հրաժարվել դրանցից (ինչին նույնպես բազմիցս անդրադարձել ենք մեր թերթում):

Տիգրան Սարգսյանը որպես վարչապետ տարբերվում է Հայաստանի նախորդ բոլոր վարչապետերից: Նա ունակ է լսելու դիմացինին, փնտրելու նրա ասածի մեջ ռացիոնալ միտք կամ առաջարկ, քննադատությանն ի պատասխան ոչ թե անմիջապես մտածում է ինչպես հակադարձել, այլ փորձում է ընդունել դրա մեջ եղած օբյեկտիվ իրողությունները, կարողանում է հրապարակայնորեն խոստովանել սեփական սխալները կամ թերացումները, խոսել մարդկանց համար հասկանալի լեզվով, առանց տնտեսագիտական տերմինախեղդության, համակրանք է առաջացնում մարդկանց մեջ որպես կրթված եւ քաղաքավարի անձնավորություն, ներկայանալի է արտերկրում:

Միաժամանակ, վարչապետի ելույթներում, հատկապես նոր նշանակված ամիսներին, տեսականն ավելի շատ էր լինում, քան իրականը, առարկայականը: Լինելով Հայ առաքելական եկեղեցու ջերմ հետեւորդ, երբեմն ծայրահեղության է հասնում որոշ հարցերում: Մասնավորապես, տարվա մեջ 4 անգամ «մեռելոցի» ոչ աշխատանքային օր սահմանելը, մեղմ ասած, չափազանցություն է:

Այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանը նվիրվում է իրեն վստահված գործին եւ հավատում նրա հաջողությանը: Հուսանք, որ որպես վարչապետ նրան կհաջողվի էական հաջողություններ արձանագրել երկրի տնտեսության զարգացման հարցում այնպես, ինչպես դա նրան հաջողվեց ԿԲ նախագահի պաշտոնումՙ կայուն բանկային համակարգ ստեղծելու հարցում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4