Տիգրան Համասյանի խմբի առաջին համերգը Երեւանում
Մեղեդու, ռիթմի, հնչյունի ու ձայնի զգայական հարմոնիկ աշխարհի մեջ է Տիգրան Համասյանի ստեղծագործական-կատարողական արվեստը. այն ասես անվերջանալի ձգողական մի կանչ է, մարդկային հոգու կարոտի ելեւէջների երգ: Արտիստը որքան անմիջական, նույնքան հեռավոր է թվում բեմումՙ մտերմիկ հարազատությամբ, սակայն: Համերգային կատարումներն ուղեկցող իր մի քանի մեղմաձայն խոսքային ընդմիջումները ավելի քան անհավակնոտ են հնչումՙ անզարդ: Բեմին ինքը երաժշտության հետ միաձույլ է, մեկտեղված գործիքինՙ դաշնամուրին, որի հետ արտիստի երկխոսության ազնվությունը վարակիչ էՙ տրված ստեղնաշարի սեւ ու ճերմակինՙ անմնացորդ, արտիստիկ կրքոտությամբ, բեմական տարածքը լցնող, գունավորող մթնոլորտով:
Այդպես եւ պետք է լիներ, զի սկիզբն ու շարունակությունն այս տաղանդավոր երիտասարդի երաժշտությունն է եղել եւՙ է: Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել 2-3 տարեկանից, երբ ծննդավայր Գյումրիի իրենց տանը դաշնամուրի վրա փորձեր էր անումՙ ռոքի ռիթմերով: Այդ փոքր տարիքում զարմանալի է, բայց տարված էր ռոքի այնպիսի լեգենդներով, ինչպիսիք Led Zeppelin, Deep Purple, The Beatles: Յոթ տարեկանից մուտք է գործում ջազի աշխարհ: Առաջին լուրջ փորձությունը սպասում էր 11 տարեկանում, երբ մասնակցեց 1998-ի երեւանյան առաջին միջազգային ջազ փառատոնին, իսկ 2000-ինՙ երկրորդին: Նրա ելույթն աննկատ չանցավ. Արմեն Թութունջյանը պատմում էր, թե «Պոպլովոկում» ինչպես է իր կատարումներով Տիգրանը հիացրել հայտնի ջազմեն Չիկ Կորեային: 2001-ից պատանի երաժիշտը դուրս եկավ միջազգային ասպարեզ, առաջին մասնակցությունը եղավ փարիզյան փառատոնին: Կյանքը բացեց հաջողությունների էջերըՙ ծանոթություններ ու համագործակցություն միջազգային ճանաչում գտած հայտնի ջազ երաժիշտների հետ, մասնակցություն մոսկովյան, փարիզյան եւ այլ միջազգային փառատոների, որտեղ նա եթե ոչ առաջին, ապա 2-րդ եւ 3-րդ մրցանակների արժանացավ: Առաջին ալբոմը թողարկեց 2004-ին:
2006-ը Տիգրանի համար բախտորոշ եղավ. փայլուն հաջողության տարի: Ջազի հայրենիքումՙ Մ. Նահանգներում, Վաշինգտոնի «Քենեդի» կենտրոնում տեղի ունեցած ջազի միջազգային փառատոնում նա հաղթող ճանաչվեց, արժանացավ Գրան պրիի: Սա, ինչպես նկատեց Արմեն Թութունջյանը Տիգրանի երեւանյան համերգից առաջ ներկայացնող խոսքում, 70-ամյա պատմություն ու ավանդույթներ ունեցող հայկական ջազի պտղավորումն էր, արդար արդյունքը. «Մեր արվեստի դեսպանն է նա արտերկրում եւ ինչպիսի անկեղծությամբ են օտար երաժիշտները Տիգրանի հետ հայկական երաժշտություն նվագում»: Երկրորդ ալբոմըՙ New Eraՙ թողարկեց 2007-ին: 2008-ին Նյու Յորքում, որտեղ ներկայումս ապրում է հայ երաժիշտը, ստեղծեց հինգ հոգանոց իր խումբը ARATTA REBIRTH, վերջին ալբոմը կոչվում է RED HAIL:
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում (կազմակերպիչՙ «Հայկական ջազ-70», աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան) Տիգրանի առաջին ելույթն էր իր նորաստեղծ «Արատտայի վերադարձը» խմբի հետ, իր երազային օրերից մեկը: Երկու ժամ տեւողությամբ համերգային ծրագիրը լիցքակիր ու տաք հանդիսասրահ ապահովեց, հագեցած մթնոլորտով: Խմբի անդամները ներդաշն էին նվագակցության մեջ, մեջընդմեջ փոխլրացումներով, ռիթմի ու մեղեդու հրաշալի հնչեցողությամբ: Տիգրանը իրոք, ձուլված էր դաշնամուրին, ստեղնաշարն ասես չէր բավարարում, ռիթմը, տեմպը, մեղեդին հորդում էին ուղղակի:
Խմբի երաժշտական մեկնաբանությունները տարածուն էին, ծավալային աստիճանական ընդգրկումով, մերթընդմերթ անցումային ելեւէջներով, անսպասելի ավարտովՙ ոչ միայն բազմատրամադրություն (թեթեւություն, խոհ, կարոտ, տխրություն) ստեղծող, այլեւՙ տարաշերտ, բազմաոճ:
«Եթե բոլոր հայերն այնպես հավատան իրենց գործին, ինչպես Տիգրանը, մեր վերածնունդը վստահաբար ավելի շուտ կլինի», իսկ Արատտան, որի վերածնունդն է ոգեկոչում Տիգրանն իր երաժշտությամբ, հայերի նախաբնակավայրն էր, այն տարածքը, որտեղ ապրել են մեր նախնիք Ուրարտուից առաջ:
Տիգրան Համասյանի երաժշտական մտածողությունը խորապես ազգային է, բարեհույս այս ծառը բարձրանում է հայկական երաժշտական ավանդույթների վրա, որը ճյուղավորվում, տարածվում, ծավալներ է ընդգրկումՙ իր մեջ ներառելով ամենատարբեր երաժշտական ուղղություններ ու ոճերՙ նախեւառաջ ազգային-ժողովրդական երգարվեստի, Կոմիտասյան մշակումների, տարբեր էթնո-մշակույթների, ռոքի, ինչու չէ նաեւ դասական երաժշտության տարրերի զուգակցումներով: Այդպես հագեցած էին երեկվա համերգային բոլոր կատարումներըՙ «Ճանապարհի երգը», «Սիրո երգը», «Շողեր ջանը», դեռեւս ալբոմ չմտած վերջին գործերըՙ անանուն երկու երգերը, որ դեռ կհասցնեն բազմանալ ու նոր անուններ ստանալ:
Բարի մուտք երեւանյան համերգասրահներ ARATTA REBIRTH-ին եւ նոր հաջողություններ նրան:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ