Երեկ հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին: Նա Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ որեւէ բողոք չունի եւ ցանկանում է վերադառնալ հայրենիք: Հիշեցնենք, որ Ռահման օղլին հայ-ադրբեջանական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածը հատել է դեռեւս 2008-ի հոկտեմբերին:
Ապրիլի 3-ին Ադրբեջանին են հանձնվել նաեւ երկու դիակներ: Բացի այդ, ներկայումս հայկական կողմում են գտնվում մեկ զինվորական եւ մեկ քաղաքացիական անձ, իսկ ադրբեջանական կողմում` 6 հայ զինծառայող եւ մեկ ընտանիք: Ընտանիքի անդամները հայ-ադրբեջանական սահմանը Երասխավան-Սադարակ հատվածում հատել են 2010-ի հունվարի 10-ին ( «Ազգ» -ը տեղեկացրել էր այդ մասին):
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը նշել է, որ իրենք Ադրբեջանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկել են հայ գերիների վերադարձման հարցըՙ չկոնկրետացնելով, թե երբ է նախատեսվում դա:
Հ. Ա.