Հեռահաղորդակցության նվիրված «կլոր սեղանի» ժամանակ կարեւորվեց նաեւ կիբեռանվտանգության հարցը
Հեռահաղորդակցության խնդիներին նվիրված «կլոր սեղան» երեկ տեղի ունեցավ Երեւանում, որին մասնակցում էին տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը , Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) նախագահ Համադուն Տուրեն , էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը , հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը , ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչները:
Բացելով «կլոր սեղանը», Մանուկ Վարդանյանը ներկայացրեց հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումները եւ ներկա իրավիճակը: Մասնավորապես, նախարարը նշեց բջջային կապի ազատականացման արդյունքում երեք օպերատորների գործունեությունը, ինչի շնորհիվ նվազել են սակագները, ավելացել ծառայությունները եւ մեծացել ծածկույթը: Ըստ օպերատորների ներկայացրած տվյալների, Հայաստանում այսօր բջջային կապի շուրջ 3 մլն բաժանորդներ կան: Ինտերնետ կապի զարգացման մասին խոսելով, Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ մի քանի տարի առաջ ինտերնետից օգտվողների թիվ էր նշվում 200 հազարը, այժմՙ 1 մլն 200 հազարը: Նկատի ունենալով ոլորտի նման զարգացումը, նա ընդգծեց կիբեռանվտանգության խնդրի կարեւորությունը, տեղեկացնելով, որ այդ նպատակով մշակվել է եւ կյանքի է կոչվում տեղեկատվական անվտանգության հայեցակարգը:
Դիմելով Հեռահաղորդակցության միջազգային միության նախագահին, Մանուկ Վարդանյանը մատնանշեց երեք ուղղություններՙ կադրերի վերապատրաստում, եթերի մոնիտորինգի համակարգ եւ թվայնացման ամբողջական ներդրում, որտեղ ակնկալվում է ՀՄՄ-ի աջակցությունը:
Համադուն Տուրեն նախ տեղեկացրեց, որ միությունը հնագույն միջազգային կազմակերպություն է եւ այս տարի նշելու է իր հիմնադրման 145-ամյակը, հիմնել են 20 երկրներ, իսկ հիմա անդամ են 190 երկրներ եւ 700 մասնավոր ընկերություններ: ՀՄՄ նախագահը միությունը համարեց պետական-մասնավոր համագործակցության լավ արդյունք: Նա հայտնեց, որ այս տարի նաեւ միության տքնաջան աշխատանքի շնորհիվ աշխարհը կհասնի 5 մլրդ բջջային հեռախոսակապի բաժանորդների թվին: Համադուն Տուրեն հաճելի համարեց Հայաստանում բջջային կապի զարգացման նման տեմպը, ասելով, որ Հայաստանը ԱՊՀ տարածաշրջանում 3-րդն է այդ ցուցանիշով Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո: Նա նույնպես մեր երկրի համար մարտահրավերներ համարեց լայնաշերտ ինտերնետի տարածման հետ կապված կիբեռանվտանգության հարցը, ասելով, որ միությունն այս ուղղությամբ աշխատանքներ է տանում: Տեղեկացնելով, որ ՀՄՄ-ն թվային տեխնոլոգիաներին անցնելու համար աշխարհում վերջնաժամկետ է նշել 2015-ը, Համադուն Տուրեն խոստացավ ամեն ինչ անել, որ Հայաստանում նույնպես թվայնացումն այդ ժամկետում կատարվի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այն տեսակետը հայտնեց, որ 2006-ից հեռահաղորդակցությունը լուրջ զարգացում ապրեց, որը մինչ այդ հնարավոր չէր նախկինում կատարված սխալիՙ «Արմենտելին» մենաշնորհ տալու պատճառով: Նա նաեւ նշեց, որ այս ոլորտում դեռ անելիքներ շատ կան եւ նախարարության, ՀՄՄ-ի եւ ոլորտի ընկերությունների հետ կփորձեն դրանք կատարել: Իսկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից իրականացվելու է էլեկտրոնային հասարակարգի ստեղծման ծրագիրը, եւ նույնպես կարեւորեց կիբեռանվտանգության հարցերը:
Ոլորտի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը : Նա նշեց, որ խնդիր է դրված 10 տարվա ընթացքում հասնել նրան, որ ապահովվի ինտերնետի 100 տոկոս թափանցում, համակարգիչների թվի 80 տոկոս ապահովվածություն: Մեծ ներդրումներ են նախատեսվում համակարգչային անգրագիտությունը վերացնելու համար: Ոլորտի շրջանառությունը 10 տարվա ընթացքում նախատեսվում է հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ մասնագետների թիվըՙ 20 հազարի: Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ Հայաստանից ծրագրային արտադրանքի 66 տոկոսը ներկայումս արտահանվում է ԱՄՆ, մնացածըՙ Եվրոպա եւ Ռուսաստան: Անցյալ տարի արտահանվել են 130 մլն դոլարի ծրագրեր: Հայաստանում օտարերկրյա ընկերություններ շատ կան, այդ թվումՙ հայտնի ընկերություններ: Ներդրումներն այս ոլորտում 90 տոկոսով պայմանավորված են հայկական սփյուռքի գործոնով, բայց, ըստ Բագրատ Ենգիբարյանի, դրանով չեն սահմանափակվելու եւ նոր գործընկեր են փնտրելու:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ