Այս նստաշրջանի օրակարգի հաստատման ժամանակ, ի պատասխան Ստյոպա Սաֆարյանի հարցի` արդյո՞ք հայ-թուրքական արձանագրությունները քննարկվելու են, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել էր, թե դրանք խորհրդարանի մեծ օրակարգում են եւ մոտ ապագայում կքննարկվեն` դեռ ժամանակային ռեսուրս կա: Թուրքական «Հյուրիեթ» թերթն ու մի շարք այլ լրատվամիջոցներ ներկայացրել են, որ շուտով Հայաստանի խորհրդարանը կքննարկի արձանագրությունները: ԱԺ նախագահը, երեկ Ս. Սաֆարյանի կողմից հարցի նորացմանն ի պատասխան ասաց, թե իր մամուլի ծառայությունը հերքել է թուրքական լրատվամիջոցների ներկայացրածը: Իսկ մամուլի ծառայության պարզաբանմամբ` Հայաստանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ առանց նախապայմանների արձանագրությունների վավերացմանը, նախագահ Սարգսյանը բազմիցս ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը, որը մնացել է անփոփոխ: Իսկ «Հյուրիեթի» եւ մյուս լրատվամիջոցների` ԱԺ նախագահին վերագրվող հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ինչը խորհրդարանի նախագահը մեկ անգամ եւս վերահաստատեց Ազգային ժողովի երեկվա նիստում:
Ի դեպ, նախորդ օրը քվեարկությամբ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ՀՅԴ այն նախաձեռնությունը, որը Հայաստանի կնքած միջազգային պայմանագրերում վերապահում է նախատեսում:
Մ. Խ.