«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2010-04-07 | #62, 2010-04-08 | #63, 2010-04-09


ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԼԻԲԱՆԱՆԻ ՀԵՏ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԵՂԾ ԵՎ ԱՄՈՒՐ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ»

«Լիբանանահայերը հայրենասեր են եւ Հայաստանի, եւ Լիբանանի առումով»

Ապրիլի 11-14-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց է կատարելու Լիբանան: Այդ առիթով «Ազգի» թղթակիցը մի շարք հարցերի շուրջ զրուցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ.


- Պարոն Աբրահամյան, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի` 1997 թ. Հայաստան կատարած այցից հետո առաջին անգամն է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահն այցելելու է Լիբանան: Երկու պետությունների փոխհարաբերությունները շատ ջերմ են: Այս բարեկամ երկրում ունենք բավականին ազդեցիկ հայ համայնք: Լիբանանի կառավարությունում կա երկու հայ նախարար, իսկ խորհրդարանում` վեց հայ պատգամավոր: Ինչպիսի՞ն են հայ-լիբանանյան խորհրդարանական կապերն այսօր:

- Նախ ասեմ, որ այն բարեկամական ջերմ հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի ու Լիբանանի միջեւ, հիմնված են փոխադարձ վստահության վրա: Այդ վստահությունն առկա է բոլոր մակարդակներում` քաղաքական, տնտեսական, ժողովուրդների միջեւ:

Ինչ վերաբերում է խորհրդարանական համագործակցությանը, այն սկսվել է 1993 թվականին: Այսօր երկու երկրների խորհրդարաններում էլ գործում են բարեկամության պատգամավորական խմբեր, որոնք իրենց նպաստն են բերում միջպետական հարաբերությունների զարգացմանը: Հայաստանում ջերմությամբ են հիշում Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի` 1997 թվականին մեր երկիր կատարած այցը: Չենք կարող մոռանալ ու երախտագիտությամբ չհիշել, որ 2000 թվականի մայիսի 12-ին նրա նախագահությամբ Լիբանանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը: Իսկ 1997 թվականի ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր:

Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի շրջանակներում 2005 թվականին կազմակերպված միջոցառումներին մասնակցել են նաեւ Լիբանանի խորհրդարանի հայ-լիբանանյան բարեկամության պատգամավորական խմբի անդամները:

Շատ ուրախալի է, որ Լիբանանի խորհրդարանում ընդգրկված են նաեւ հայ պատգամավորներ: Համոզված եմ, որ դա լրացուցիչ ազդակ է հայ-լիբանանյան հարաբերությունների եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար:

- Լիբանանի ավանդական հայկական կուսակցությունները, չնայած նրանց միջեւ առկա մրցակցությանը, համագործակցում են, ունեն միացյալ խորհուրդ, որը հաճախ կարողանում է որոշակիորեն ազդել նաեւ Լիբանանի պետական կառույցների որոշումների վրա: Ինչպե՞ս եք գնահատում նրանց դերը:

- Ձեր թույլտվությամբ` սկսեմ Հայաստանից. հայրենիքում յուրաքանչյուր լարվածություն ինքնըստինքյան ազդում է սփյուռքի ինքնազգացողության վրա:

Հայաստանի իշխանությունները երկրում կայունություն պահպանելու, զարգացում ապահովելու կողմնակից են, ինչին էլ միտված են նրանց քայլերը: Քանզի երկպառակությունը վերջին հաշվով որեւէ մեկին օգուտ չի բերել: Լիբանանում ավանդական հայկական կուսակցությունները ազգային հարցերում համախումբ են, ինչը վկայում է, որ նրանք առաջնորդվում են հենց այդ գիտակցությամբ: Դրա ամենաթարմ արտահայտություններից էր այն, որ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից հետո Լիբանանում հայկական երեք ավանդական կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` պնդելով, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների:

Յուրաքանչյուր երկրում հայապահպանության խնդիրը առաջնային է տեղի հայ համայնքի համար: Լիբանանի ազդեցիկ հայկական համայնքը միշտ էլ աչքի է ընկել կազմակերպվածությամբ, արժանապատվությամբ: Շնորհիվ Լիբանանում իրենց նկատմամբ առկա բարեկամական վերաբերմունքի` հայերն իրենց բնավ էլ օտար չեն զգում: Ավելին` լիբանանահայերը հայրենասեր են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Լիբանանի առումով: Անկախ տարբեր իրադարձություններից` կարծում եմ, լիբանանահայության դերակատարությունը այդ երկրում չի նվազել, այսինքն` նրանք լիբանանյան մայրու անբաժան ճյուղերն են: Հայկական ավանդական կուսակցությունները յուրատեսակ փոքր հայրենիքի դեր են վերցրել իրենց վրա` կապ հայրենիքի հետ, վերաբերմունք հայրենիքի նկատմամբ, լեզվի ու խոսքի, ազգային ինքնության պահպանություն եւ պաշտպանություն: Այս առումով նրանց դերն անգնահատելի է ու նաեւ պատասխանատու: Ի պատիվ հայկական ավանդական կուսակցությունների` ասեմ, որ նրանք շատ խորն են գիտակցում այդ պատասխանատվությունը: Յուրաքանչյուր նոր սերնդի հետ ավելի է դժվարանում արմատները պահպանելը: Բայց հայկական գրերով, ի դեմս հայկական թերթերի, հայկական ձայնով, ի դեմս հայկական ռադիոկայանների, նրանք կարողանում են դա անել, քանզի կա ինքնագիտակցության բարձր ըմբռնում:

- Անդրադառնալով Ձեր նշած հայ-թուրքական արձանագրություններին` նշեմ, որ հարցը առանձնակի ցավոտ է հայկական սփյուռքի պարագայում...

- Այսօր որոշ քաղաքական ուժեր սեփական շահադիտական նպատակներով փորձում են օգտագործել մեր ժողովրդի զգացմունքները: Եվ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող արձանագրությունները նրանք դարձրել են, թող ներվի ասել, խաղալիք իրենց քաղաքական մտահղացումների համար: Թող զարմանալի չթվա, բայց Սփյուռքում ընդհանուր առմամբ այս հարցին ավելի զուսպ են մոտենում,քան հայաստանյան որոշ քաղաքական ուժեր: Պետք է բոլորի համար պարզ լինի մեկ բան. Հայաստանի իշխանությունները չեն գնա այնպիսի քայլերի, որոնք դեմ կլինեն մեր երկրի, ժողովրդի , ազգի շահերին, որոնք կոտնահարեն նրա պատմությունն ու զգացմունքները: Այսինքն` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը որպես անհերքելի ճշմարտություն, քննարկման կամ կասկածի տակ առնվելու ենթակա չէ, սակարկության առարկա չէ:

- Ի՞նչ կասեք հայ-լիբանանյան հարաբերությունների մասին` հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում Լիբանան-Թուրքիա շփումների ակտիվացումը:

- Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր հարաբերությունների շրջանակը` ելնելով իր քաղաքական ու տնտեսական շահերից: Եթե Հայաստանն ու Լիբանանը միջպետական հարաբերություններում որեւէ խնդիր չունեն, դա նշանակում է, որ մենք մեր հարաբերությունները չենք կառուցում երրորդ երկրների հետ հարաբերությունները նկատի ունենալով, այլ` ելնում ենք մեր փոխադարձ անկեղծ եւ ամուր հիմքեր ունեցող բարեկամությունից եւ, ինչու չէ, նաեւ երկկողմանի շահերից:

Բացի այդ. պատմությունը փաստում է, որ Միջերկրական ծովի մի ափին եւ ավելի խորքերում հայերի նկատմամբ Ցեղասպանություն իրականացվեց, իսկ մյուս ափին` ի դեմս Լիբանանի, գրկաբաց ընդունեցին եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին: Այն, որ Լիբանանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այն, որ լիբանանահայությունը Լիբանանում իրեն զգում է ինչպես իր տանը, արդեն իսկ վկայում է այդ երկրի վերաբերմունքի մասին: Չմոռանանք, որ Լիբանանն արաբական աշխարհի այն պետությունն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամության պայմանագիր:

- Լիբանանը համարվում է զարգացած ֆինանսաբանկային համակարգ ունեցող երկիր. միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ երկրի բանկային կապիտալը հարյուրապատիկ մեծացել է: Համագործակցության ի՞նչ դաշտ եք տեսնում:

- Նախ նշեմ, որ Հայաստանում գործում է լիբանանյան կապիտալով շուրջ 50 ձեռնարկություն տարբեր ոլորտներում, այդ թվում` բանկային ոլորտում լիբանանյան կապիտալով երկու բանկ: Հատկապես նշանակալի էր լիբանանյան ներդրումը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում:

Տնտեսական հարաբերությունները խորացնելու առումով ցանկալի կլիներ նաեւ, որ հայ գործարարները ներդրումներ կատարեին Լիբանանում: Եւ այստեղ իր դերը կարող է ունենալ հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Տնտեսական ճգնաժամին դիմակայելու իմաստով հայաստանյան բանկերը բարձր դիմադրողականություն ցուցաբերեցին, եւ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ նրանց հաշվեկշիռները բավականին առողջ են: Այդուհանդերձ, Լիբանանի բանկային համակարգի փորձը, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում ուժեղանալու իմաստով, ընդօրինակելի է Հայաստանի համար: Կարծում եմ` կարելի է նախաձեռնել հայ-լիբանանյան բանկային համաժողով, որը կարող է լավ հնարավորություն դառնալ փորձի փոխանակման, գործարար համագործակցության, ներդրումների ներգրավման տեսանկյունից: Ի դեպ, Լիբանանի Կենտրոնական բանկի փոխնախագահը մեր հայրենակիցն է:

Ընդհանրապես, մենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ ունենք եւ պետք է այդ ուղղությամբ աշխատենք:

Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4