«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2010-04-08 | #63, 2010-04-09 | #64, 2010-04-10


ՀՐԱԺԱՐՎԵԼ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՑ ԵՎ ՌԱԶՄԱՏԵՆՉ ԹՇՆԱՄԱՆՔԻ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարում FIDH-ն ու այդ կազմակերպությունում Հայաստանի եւ Թուրքիայի անդամ կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Համոզված ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում եւ Հարավային Կովկասի բոլոր երկրներում խաղաղաստեղծ գործընթացի, հաշտեցման եւ բարիդրացիական հարաբերությունների գրավականն է եւ նպատակ ունի երաշխավորել սահմանների բոլոր կողմերում բնակվող անձանց անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատվությունը:

Կոչ ենք անում Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին եւ հասարակություններինՙ համատեղել ջանքերը եւ ապահովել այնպիսի միջավայր ու գործընթացներ, որ թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ազգության, կրոնի եւ այլ հիմքերով խտրականության համար, ինչպես նաեւ հավատարիմ մնալ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին:

Տարածաշրջանում դեպի մարդու իրավունքները հարգանքն ապահովելու նպատակով հայցում ենք խոսքի ազատություն բոլոր երկրներում եւ առաջարկում ենք հրաժարվել բոլոր այն օրենքներից եւ գործողություններից, որ սահմանափակում են խոսքի ազատությունը, մասնավորապես` հայ-թուրքական երկխոսությանը խոչընդոտող Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածից:

Հորդորում ենք Թուրքիայի եւ Հայաստանի իշխող եւ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին կատարել իրենց պարտքը եւ ձեռնարկել երկու պետությունների եւ հասարակությունների միջեւ հարաբերությունները կարգավորելուն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերը, մասնավորապեսՙ իրականացնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու վերաբերյալ երկկողմանի արձանագրությունը: Այս ուղղությամբ առաջընթացը եւ Թուրքիայում ժողովրդավարական ձեւափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձեւավորեն Հայոց ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համար:

Մենք դատապարտում ենք տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձեւերն ու դրսեւորումները:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարատեւ խաղաղություն հաստատելու եւ ապագայում փոխադարձ թշնամանքը կանխելու նպատակով կոչ ենք անում երկու պետությունների կարավարություններին վավերացնել եւ կատարել Հռոմի` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:

Երկու հասարակությունների միջեւ կամուրջներ կառուցելու նպատակով կոչ ենք անում երկու պետություններինՙ իրականացնել ներառական քաղաքականություն եւ հրաժարվել սահմանափակող մոտեցումներից կյանքի բոլոր ոլորտներում:

Կոչ ենք անում երկու երկրների կառավարություններին եւ քաղաքացիական հասարակություններինՙ խթանել հավասար եւ արդար վերաբերմունք բոլոր, այդ թվում` մամուլի, կրթության, վարչարարության, իրավակիրարկման եւ հանրային կյանքի այլ ոլորտներում»:

FIDH-ի 37-րդ համագումարի բանաձեւում նշվում է, որ իրենք իրենց տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4