«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2010-04-08 | #63, 2010-04-09 | #64, 2010-04-10


Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԵԹԵ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՈՒՄ ՔԱՅԼԵՐ ՆԱԽԱՁԵՌՆԵՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում ինչ-որ փոփոխություն մտցնելու հեռանկարի հավանականությունը մեծացրել է ուշադրությունն այնպիսի իրադարձության հանդեպ, ինչպիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախատեսվող հանդիպումն է Վաշինգտոնում, որտեղ երկու ղեկավարները կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով` մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Դեռեւս հրապարակային չէ եւ թերեւս չդառնա էլ այն, թե ինչ օրակարգ կարող է ունենալ Սարգսյան-Էրդողան հանդիպումը, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի նախագահի Վաշինգտոն այցելության ընթացքում կարեւորագույն միջոցառումը հենց այդ հանդիպումն է այն դեպքում, երբ Թուրքիայի պարագայում մասնակցությունը միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին եւս իր նշանակությունն ունի:

Հայ-թուրքական գործընթացի կարեւորման ֆոնին էլ թերեւս անուշադրության է մատնվել մի կարեւոր հանգամանք. Հայաստանը գնում է, անկախ բոլոր իրական ու ձեւական երեւույթներից, մասնակցելու մի գագաթաժողովի, որտեղ հիմնական հարցերից մեկն Իրանի խնդիրն է: Տվյալ դեպքում խնդրահարույց է դիտարկվում մի երկիր, որի հետ Հայաստանը բավականին լավ հարաբերություններ ունի:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 8-ին Պրահայում ստորագրեցին ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագիրը, որի գործողության ժամկետը տասը տարի է, իհարկե, եթե երկու երկրների խորհրդարանները վավերացնեն այս փաստաթուղթը:

«Փաստաթուղթը, որ մենք ստացանք, լիովին հավասարակշռում է ռուսական ու ամերիկյան կողմերի շահերը: Կարեւոր է, որ չկան հաղթողներ ու պարտվողներ», ըստ «Ազատության», Պրահայում հայտարարել էր Ռուսաստանի նախագահը:

Չնայած լավատեսական հայտարարություններին` Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ մի առանցքային խնդրում տարաձայնությունները պահպանվում են. խոսքը հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի մասին է: Օբամայի խոսքով, Սպիտակ տունն այս թեմայով բանակցությունները Մոսկվայի հետ շարունակելու է:

Ստորագրված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միջուկային մարտագլխիկների թիվը 2200-ից նվազեցնում են մինչեւ 1550: Միջուկային զենք կրելու կարողություն ունեցող հրթիռների ու ռազմական օդանավերի թիվը կսահմանափակվի 700-ով: Սահմանվում է նաեւ համաձայնագրի կատարման փոխադարձ վերահսկման մեխանիզմ. երկու կողմերը տարեկան 18 տեսչական այցերի կազմակերպման հնարավորություն կստանան:

Պրահայում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջը ստեղծված իրավիճակը: Ըստ ամենայնի, կողմերի դիրքորոշումները գնալով մերձենում են: «Ցավոք, Թեհրանը չի արձագանքում իրեն առաջարկված մի շարք կառուցողական, փոխզիջումային առաջարկություններին: Մենք չենք կարող այդ հանգամանքի վրա աչք փակել: Այնպես որ, ես չեմ բացառում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կարող է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների հարցը», Պրահայում նշել է Մեդվեդեւը` ընդգծելով, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները պետք է խելամիտ բնույթ կրեն:

ԱՄՆ նախագահն էլ, իր հերթին, հայտարարել է, թե թույլ չեն տրվի գործողություններ, որ կոտնահարեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի դրույթները: «Մեզ համար անընդունելի է, երբ կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի ռիսկ է առաջանում, երբ կասկածի տակ են դրվում միջազգային հանրության վարկն ու հավաքական անվտանգությունը»:

Եվ ահա այսպիսի տրամադրությունների գերակշռության պայմաններում Հայաստանի նախագահը Վաշինգտոն կմեկնի մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին: Իսկ եթե գագաթաժողովն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա կամ ինչ-որ որոշումներ կայացնի, Հայաստանը մասնակից չի՞ լինելու դրանց, ձեռնպա՞հ է մնալու, թե՞ մասնակցությամբ պարտադրված միանալու է Իրանի դեմ նախաձեռնություններին:

Գուշակությունները տեղին չեն այս պարագայում, բայց պետք է հստակ գիտակցել, որ մի հարեւանի հետ հարաբերություններ նորմալացնելու դեպքում մյուսի հետ դրանք որեւէ կերպ, թեկուզ ամենաչնչին դրսեւորմամբ փչացնելը «պետության շահ» ձեւակերպվելուց շատ հեռու կլինի:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4