«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2010-04-08 | #63, 2010-04-09 | #64, 2010-04-10


ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆՑԵ՞Լ ԵՆ

Էրդողան-Սարգսյան հանդիպումը կարո՞ղ է խանգարել Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այս հարցին ի պատասխան խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե հայ-ամերիկյան փոխհարաբերությունների համատեքստում է կարեւորում Հայաստանի նախագահի այցը ԱՄՆ: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է. «Ես այսօր հայտարարում եմ, որ ողջամիտ ժամկետներն անցել են, եւ մենք պատրաստ ենք մեր ստորագրությունները հետ վերցնել: Բայց դա կանենք քաղաքականապես ամուր բազա ունենալով, որպեսզի երկիրը շահեկան վիճակի մեջ ընկնի: Առավել եւս համոզված չեմ` Թուրքիայի մեջլիսն արձանագրությունները ե՞րբ կհաստատի, եւ Հայաստանն էլ կհաստատի, ու գնացքն այստեղ կանգ կառնի: Սա գործընթաց է, որն անկախ ելքերից, արդեն մեկնարկել է, եւ գնալով ավելի են բազմապատկվում այն գործիքները, որոնցով փորձում ենք խնդիրը լուծել»: Իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների մասին էլ ասաց, թե նախագահի ակտիվ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ ամբողջ աշխարհը յուրացրել է մեր խնդիրները:

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը նույն թեմայով նկատեց, թե մեր արտաքին քաղաքականությունը պետք է միտված լինի ազգային պետական շահերի սպասարկմանը, իսկ Թուրքիան փորձելու է արձանագրությունների ստորագրումը պահել օրակարգում: Իսկ ահա նախագահ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, ըստ նրա, ներքաղաքական լարվածությունը մեղմվել է:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը գտնում էր, որ մեր արտաքին քաղաքականությունը շատ լավ է ընթանում, իսկ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ներքաղաքական իրավիճակը կայուն է: «Ժառանգության» Ստյոպա Սաֆարյանն ասում էր, թե պաշտոնական Երեւանը հայ-թուրքական գործընթացից դուրս գալու որոշում չի կարող ընդունել, իսկ Թուրքիան շաունակում է ժամանակ շահել, չնայած գործընթացը մահացած է: Իսկ նրա կուսակից Արմեն Մարտիրոսյանը Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիներին առաջխաղացում չի նկատել` մարտի 1-ի դեպքերի հանգուցալուծում չի եղել, քաղբանտարկյալները բանտերում են դեռ, ընտրական համակարգը չի փոխվել, իսկ արտաքին քաղաքականության մասին եւս դրական բան չի կարող ասել:

Ահա այսպիսի տարբեր կարծիքներ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4