Մարաղայի ողբերգությունից անցել է 18 տարի
Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից մեկը` Մարաղան, ղարաբաղյան շարժման առաջին օրից կանգնեց վտանգի առաջ: 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժեցին, ավերեցին ու հրկիզեցին գյուղը: Դաժան կոտորածներից սպանվեց շուրջ 100 մարաղացի: Շատերը սպանվեցին փախուստի ճանապարհին: 63-ը գերեվարվեցին, որոնցից 9 երեխաներ էին: Նրանցից 7-ը վերադարձվել են, 17-ըՙ փոխանակվել, մեկին կարողացել են գումարով հետ բերել, մյուսն էլ հաջողացրել է փախչել: Ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին 8 հոգու սպանության մասին: 29-ի ճակատագիրը մինչ այսօր հայտնի չէ:
«Արյան գաղջ հոտը բռնել էր շուրջբոլորը: Թուրքերը հրդեհեցին գյուղը: Երեք ժամ անց Մարաղան վերածվեց այրվող հսկայական թոնրատան: Անճանաչելիորեն խոշտանգվել էին բազմաթիվ մարաղացիներ, գյուղի բնակիչների մի ստվար մասը գերվել էր... Սպանդը շարունակվեց հինգ ժամ: Նրանք գլխատեցին դպրոցի տնօրեն Երվանդ Հովակիմյանին եւ նրա տիկնոջը, ապա մարմինները գցեցին խարույկի մեջ»:
Մարաղայի ողբերգությունից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանը հետագայում հիշում էր, որ գյուղի ռմբակոծությունը սկսվեց ապրիլի 9-ի երեկոյան: «Արկերը պայթում էին գրեթե ամեն վայրկյան: Գյուղում 3000 արկ է պայթել: Այդ ժամանակ ես եւ ամուսինս գտնվում էինք նկուղում, ուր ապրում էինք արդեն երեք տարի: Նրանք, ովքեր չկարողացան լքել գյուղը, մորթվեցին, այրվեցին, գերեվարվեցին: Իսկ փախչողներին դժոխային ճանապարհ էր սպասում` ռմբակոծությունների ներքո»:
Սարգսյան Կարինեն պատմում էր, որ Մարաղայի ուղղությամբ առաջին կրակոցները սկսվել էին հունվարին: «Ապրիլին այդ կրակոցները շատացան, ու մենք թաքնվեցինք նկուղում: Մի քանի օր անց տեսանք, որ ադրբեջանցիները գյուղում են: Ես լսում էի, թե ինչպես էր մի կին աղաչում, որ իր երեխաներին ձեռք չտան: Նրա գլխին հարվածեցին, եւ նա ուշագնաց ընկավ: Հետո ես իմացա նրա անունը` Զաբել: Պարզվեց, որ երեխաների աչքի առաջ մայրը սպանվել է տանկի անիվների տակ: Նրանք իմ երեխաներին էլ գողացան, ես կորցրեցի ու էլ նրանց չտեսա: Ինձ գցեցին «Ժիգուլի» մեքենայի մեջ ու տարան Բարդա: Զարթնեցի Բարդայի ոստիկանության շենքում... Էլ ոչինչ չեմ հիշում, հիշում եմ մարդկանց լացը, շատերը խելագարությունից ոռնում էին»:
«Քրոջս ու նրա աղջկան մերկացրին, բենզին լցրեցին ու վառեցին: Նույն կերպ սպանեցին Փառանձեմին, Վարդանուշին, Բագրատին, Ժորային: Այդ օրը Մարաղայում բազմաթիվ անմեղ մարդիկ մահացան», հիշում էր Նուշիկ Աղաջանյանը:
«Երբեք չեմ մոռանա այն ահավոր օրը, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Մարաղայի վրա: Բնակիչներն անպաշտպան էին, նրանք գրեթե ոչինչ չունեին թշնամուն դիմակայելու համար: Տեսա երիտասարդ տղայի, որ փորձում էր ադրբեջանցիների տանկի դեմն առնել որսորդական հրացանի օգնությամբ: Տեսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գլխատում մարդկանց, տեսել եմ վառված դիակներ: Շատերին նրանք կենդանի վառել էին: Նրանք նախ թալանում էին հայերի տները, հետո հիմնահատակ քանդում ու վառում»:
Սրանք էլ Քվինսբուրգի բարոնուհի Քերոլայն Քոքսի հիշողություններն են:
Ողբերգությունից անցել է 18 տարի, սակայն միջազգային հանրությունը Մարաղայի, Բաքվի, Սումգայիթի ջարդերի վերաբերյալ համարժեք գնահատական չի տվել:
Մինչդեռ ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ցեղասպան ձեռագրին, Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում շնորհեց «Գուրթուլուշ» զինվորական ստորաբաժանման հրամանատար Շահին Թալիբօղլի Թագինին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ