«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2010-04-08 | #63, 2010-04-09 | #64, 2010-04-10


ԶՐՊԱՐՏԱՆՔՆ ԱՊԱՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԵՆՔԸ ՑԱՎՈՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ԲԱՅՑ ՈՉ ԹԱԼԱՆՉԻԱԿԱՆ

ՄԱՐԻԵՏՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երբ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվում էր Հովհաննես Մարգարյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Հովհաննես Սահակյանի ներկայացրած այն օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ապաքրեականացնել զրպարտանքը, անձի արժանապատվությանը հասցված վիրավորանքը, մենք բավական մանրամասն ներկայացրինք պատգամավորական տեսակետները, այնպես որ նույն թեմայով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմակերպած լսումներից եթե պատգամավորական կարծիքների վրա շատ չծանրանանք` ոչինչ:

Հանձնաժողովի նախագահն ու փաթեթի համանահեղինակները թեեւ գոհ էին քննարկումից, սակայն անկեղծ ասենք, այն առանձնապես մեզ համար չթվաց նպատակին ծառայող, այն է` օգնել լրամշակելու առաջին ընթերցում անցած փաթեթը, քանի որ նախ` ոչ մի լրատվամիջոցի խմբագիր այս լսումներին չէր մասնակցում («Հետքի» խմբագիրը բացառություն էր, որովհետեւ լրագրողական կազմակերպություն էր ներկայացնում), մասնակցում էին լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ: Այսինքն` լրատվամիջոցներին նաեւ ուղղված այս փաթեթի վերաբերյալ առաջարկները հնչում էին միջնորդավորված: Ասենք, որ այս փաթեթը, ճիշտ է, եվրոպական պարտավորությունների շրջանակում է, սակայն այն դեպքում, երբ, ասենք, թեկուզ խորհրդարանում կան տասնայակ լրագրողներ, ովքեր դուրս չեն գալիս մամուլի ստվերային ուղղորդիչների առանձնասենյակներից եւ ա՛յդ ճանապարհով են ստանում մեր քաղաքականների ու փողատերերի` միմյանց վրա ցեխաշպրտումների կոմպրոմատները, չենք կարծում, որ այս փաթեթի ընդունումից հետո կփոխվեն, որովետեւ այն ավերը, որ գործում է նրանց կողմից միմյանց հասցեին շպրտված աղտեղությունը, տասնյակ ու հարյուր անգամ ավելի մեծ գին ունի, քան փաթեթով սահմանված կես-մեկ մլն դրամը: Եվ նրանց համար ոչինչ չի նշանակելու այդ դրամը իրենց հովանավորած լրատվամիջոցի ու լրագրողի համար վճարելն ու շարունակելը նույն կերպ: Իսկ ահա իսկական լրատվություն հասցնելու առաքելությունը ստանձնած լրատվամիջոցները տարին մեկ-երկու անգամ էլ տուգանվելով` կտուժեն ֆինանսապես եւ չեն դիմանա կոմպրոմատային մրցակցությանը:

Լրագրողամերձ կարծիքներ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Հարությունյանը , ապաքրեականացմանը կողմ լինելով, նկատեց, թե վիրավորելու համար հրապարակային արտահայտություն ձեւակերպումից ստացվում է, որ դատարանը սեփական կարծիքի համար մարդուն կարող է պատասխանատվության ենթարկել կամ պահանջել հերքելու այդ կարծիքը, ինչը հակասահմանադրական եւ անտրամաբանական է: Նա հակասություն էր գտել նաեւ փաթեթի եւ Եվրոպական կոնվենցիայի միջեւ այն պարագայում, երբ վիրավորանքի մեջ փաստերը չեն տարանջատվում կարծիքներից եւ գնահատող դատողություններից: Երրորդ հակասությունը Մ. Հարությունյանը հայտնաբերել էր նախագծի եւ ԶԼՄ-ների մասին գործող օրենքում, ըստ որի այնպիսի նախապայմաններ կան տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից ազատվելու դեպքերը նկարագրելու դրույթներում, որ ստացվում է, թե ԶԼՄ-ները միայն դատարանում արված արտահայտությունները կարող են մեջբերել. զրպարտության դեպքում անձից կարող են պահանջել միանվագ փոխհատուցում` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, իսկ նույնը` ԶԼՄ-ներով տարածելու դեպքում` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ լրատվություն իրականացնողից 2000-ապատիկի չափով: Վիրավորանքի դեպքում` համապատասխանաբար կիսովին պակաս: Փաստորեն, ըստ Մ. Հարությունյանի, այս հոդվածներով լրատվամիջոցներին մղում են ինքնագրաքննության:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համոզված էր, որ փաթեթի մշակման ժամանակ երկրի առանձնահատկությունները նկատի չեն առնվել` իրականում զրպարտությունն այս փաթեթով չի ապաքրեականացվում, քանի որ սուտ մատնության հոդվածը մնում է քրեական օրենսգրքում: Օրենքը քիչ հստակ մեխանիզմներ է պարունակում` կիրառման հետ կապված, ավելի շատ սկզբունքներ կան այդ օրենքում, տուգանքի գումարի չափն էլ սահմանում է դատարանը, սա կարող է աշխատել, երբ նախադեպային իրավունքը կիրառվեր մեզ մոտ. «Չկառչենք օրենքի այս առաջին ընթերցմամբ ընդունումից, փորձենք այս փուլում լուրջ քննարկումներ կազմակերպել երկրի ներսում», ասաց նա` նկատելով, որ Վենետիկի փորձագետն (ով փաթեթի մասին մի անգամ կարծիք տվել է) այն միջավայրից է, որտեղ նախադեպային իրավունքն աշխատել է, մինչդեռ մեր առաջատար լրագրողներից շատերը հնչեցրել են` մենք պատրաստ չենք փոխարինել քրեական պատասխանատվությունը նյութական պատիժներով: Բ. Նավասարդյանը մեջբերեց «Ազգի» խմբագրի կարծիքը, որ ասել էր քննարկման ժամանակ, թե պատրաստ է տարիուկես նստել բանտում, քան թե վճարել որեւէ գումար, որովհետեւ գումար վճարելը կնշանակի թերթի փակում. «Այդ կարծիքը կատակով չի հնչում, դա լուրջ կարծիք է, որը մենք պիտի հաշվի առնենք: Եթե այդ քննարկումները հիմք դառնային այս օրինագծին, միգուցե մենք ավելի ճիշտ որոշումներ կունենայինք»: Ըստ նրա` լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմները հաշվի չեն առնվել, թեեւ քաղաքական ազդեցությունների տակ գտնվող լրատվամիջոցների մեծ մասը չի ցանկանում մտնել ինքնակարգավորման դաշտ եւ ենթարկվել էթիկայի վարքականոնին: Նա առաջարկեց շարունակել քննարկումները, որ լուրջ եւ խոր փաստաթուղթ ստեղծվի, քանի որ. «Սկզբունքներին համաձայն ենք, մնում է լուրջ բովանդակություն մտցնել առաջարկվող շրջանակներում»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ` օգնելու փաթեթի բարելավմանը, նաեւ` նվազեցնել տուգանքների չափը, որը մեր պայմաններում լրատվամիջոցների համար մեծ գումարներ են:

Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը , սակայն, համարում էր, որ այսօր մեզ այս օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ չեն, որովհետեւ երկիրն ընդհանրապես պատրաստ չէ դրան, դատական համակարգ գոյություն չունի, մինչդեռ դատավորները պիտի որոշողը լինեն. «Ես հարյուրավոր-հազարավոր օրինակներ կարող եմ բերել դատական որոշումներից, որոնք կայացված են կամ հրահանգված, կամ կաշառքով, այնպես որ` թող չասեն, որ օրենքը լրագրողներիս օգտին է: Եթե լրագրողի դեմ որոշում կայացվի` հայցվորի փաստաբանի ծախսերը, որոնք հազարավոր դոլարներ են կազմում, պետք է փոխհատուցվեն: Դատարաններում հին օրենքով էլ, նորով էլ շարունակելու են անել այն, ինչ մինչեւ հիմա անում էին», նկատեց նա: Քննարկմանը հետեւող Աննա Իսրայելյանն էլ այն կարծիքին էր, որ այս քննարկումը որեւէ բան կտա այն ժամանակ, երբ առաջարկները, որոնք հնչում էին ելույթներում, դրվեն սեղանին եւ առավել եւս` եթե հեղինակները հաշվի առնեն հնչած առաջարկները, մասնավորապես այն առումով, որ օրենքում առանձնահատուկ վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ վերանայվի:

Լսումներն ամփոփող օրենքի համահեղինակները ու քննարկումը կազմակերպած պետաիրավական հանձնաժողովի նախագահը գոհ էին քննարկումից, որպես նպատակին ծառայող: Դավիթ Հարությունյանն առաջարկեց երկուշաբթի օրվանից առաջարկ անողների ուժերով ձեւավորել աշխատանքային խումբ եւ օգնել լրամշակելու փաթեթը: Թեեւ նա չկիսեց հարցադրումներից շատերը, փակուղային ճանապարհին էլ դեմ էր` պատիվ, արժանապատվություն հասկացությունները սահմանելու, սակայն համաձայն էր այնպես գրել օրենքը, որը թույլ կտա տարմեկնաբանությունները բացառել: Որ դատական համակարգում այսօր ֆորմալիզմը մեծ է, պետք է ձեւավորել լավ դատական ավանդույթ, նա էլ համաձայն էր, բայց դա չի նշանակում, որ պետք է բացառենք դատական համակարգը, դա կնշանակի` անհասկանալի ուղղությամբ ենք շարժվում: Դատարանը պետք է սահմանի այն պատասխանատվության աստիճանը, որը բավական ցավոտ լինի (բայց ոչ թալանչիական), ու զրպարտողներն ու վիրավորողները գայթակղություն չունենան նոր վիրավորանք հասցնելու. սա օրենքով պետք է ամրագրվի, քանի որ մեր դատական համակարգը պատրաստ չէ նաեւ այսպիսի փաթեթի նաեւ Դ. Հարությունյանի կարծիքով: Իսկ նրա տեղակալ Ա. Շահբազյանն ուրախ էր, որ քննարկումների ընթացքում գիտակցվեց անհրաժեշտությունը, որ վիրավորելու համար պետք է պատասխանատվություն կրել. «Այն, որ երկրում լրատվամիջոցներից կամ լրատվական կորպուսներից ոմանք վարկաբեկելը, վիրավորելն ու զրպարտությունը նաեւ բիզնեսի առարկա եւ միջոց են դարձրել, սա ակնհայտ է շատերի համար», ասաց նա` նշելով, թե իրազեկ եւ հավաստի աղբյուրների քողի տակ քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների վերաբերյալ ինչ ասես գրվում եւ ասվում է` էլ դավադիր գործունեություն, էլ գաղտնի ծրագրեր ու գաղտնի ուխտեր, որոնք չեն արդարացել, բայց նրանք իրենց հրաշալի վարկաբերկիչ դերը կատարել են` քաղաքական խնդիրներ լուծելու կամ որպես քաղաքական մրցակցություն ծառայելու իմաստով:

Հիմա մնում է, որ քաղաքական գործիչներն իրենց պաշտպանելու համար ստեղծված փաթեթը երկրորդ ընթերցման ժամանակ այնպես լրամշակեն, որ մեր վզին չփաթաթեն կոռումպացված դատական համակարգի ձեռքին խաղալիք դառնալու պարտադրանքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4