«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամը ծանր վնաս հասցրեց մեր տնտեսությանը, ստիպված էինք մի կողմից դիմակայել մեր տնտեսության անկմանը, մյուս կողմից անել այնպես, որ այդ ճգնաժամի հետեւանքները շատ ծանր չլինեն մեր քաղաքացիների համար եւ առաջին հերթին սոցիալապես անապահով խավերի համար»: Այս մասին երեկ հայտարարեց աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը :
Ըստ նրա` կառավարությանը հաջողվեց չկրճատել սոցիալական որեւէ ծրագիր, չուշացան աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները:
«Ես կարծում եմ, որ այսօր մենք գտնվում ենք վերականգնման փուլում, որովհետեւ արդեն 3-րդ ամիսն է` նկատվում է տնտեսական աճ: Ապրիլի 20-ին կիմանանք, թե ինչպիսին էին 3 ամսվա տնտեսական արդյունքները: Առաջին 2 ամիսներին մեր տնտեսությունն ունեցել է 3,1 տոկոս աճ: Սա համարյա այնքան է, ինչքան 2008թ. առաջին 2 ամիսներին, հետեւաբար ես չեմ հասկանում վարչապետի, կամ կառավարության փոփոխությունների վերաբերյալ խոսակցությունները, դրանք ինձ հասկանալի էին ճգնաժամի պարագայում, սակայն այսօր, երբ տնտեսությունը կամաց-կամաց վերականգնվում է, իմաստ չունի խոսել թիմի փոփոխության մասին: Ինչ վերաբերում է մեկ-երկու նախարարների փոփոխությանը, ապա դա սովորական երեւույթ է. մշտապես կարող են փոխվել նախարարներ, այդ գործընթացը տնտեսական քաղաքականության հետ կապ չունի», ասաց Սերժ Սարգսյանը:
«Ճգնաժամը հաղթահարվում է ոչ միայն տնտեսության մեջ ներդրում կատարելով, ոչ միայն զուտ տնտեսական գործունեությամբ, այլեւ առաջին հերթին գիտակցության մեջ: Մեր բոլորի գիտակցության մեջ հիմա մենք պարտավոր ենք տեսնել ճգնաժամի հաղթահարում», նկատեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ եթե Հայաստանում ճգնաժամի ամբողջովին հաղթահարված լինելու մասին խոսողները ելնում են այս տեսակետից, ապա ողջունելի է նրանց ասածը. «եթե ելնում են նրանից, որ դրական սպասումներ ձեւավորեն, որպեսզի մարդիկ սկսեն ծախսել, շինարարը սկսի կառուցել, ավտոմեքենավարը սկսի մեքենաներ գնել եւ այլն»: Իսկ եթե ասում են, որ ճգնաժամը հաղթահարված է, որպեսզի ի ցույց դնեն կատարված աշխատանքը կամ հպարտանան ինչ-որ բանով, նախագահը դա չի կարեւորում եւ չի արժեւորում:
«Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանը խոր ճգնաժամի մեջ է, նրանք էլ երեւի իրավունք ունեն նման կարծիք հայտնելու, բայց եթե նրանք կարծիք են հայտնում, որպեսզի կառավարությանը շահագրգռեն ավելի ինտենսիվ աշխատել, սա մի տարբերակ է, իսկ եթե ասում են, որպեսզի վիճակն է՛լ ավելի վատանա, ավելի վատ սպասումներ ձեւավորեն, իհարկե, այդպիսի մոտեցումն ինձ համար ընդունելի չէ եւ ընկալելի չէ», հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա` բավականաչափ աշխատանք է կատարվել, եւ դա լավ է գնահատական է ստացել միջազգային կազմակերպությունների կողմից:
«Իհարկե, սա բավարար չէ: Որովհետեւ մենք գտնվում ենք դեռեւս վերականգնման փուլում եւ պարտավոր ենք իրականացնել նոր ծրագրեր, պարտավոր ենք անպայման հաշվետու լինել նախկինում արված ծրագրերի մասով: Մենք մոտակա տեսանելի ապագայում կխոսենք այն մեծ ծրագրերի ընթացքի մասին, որոնց մասին մենք խոսել էինք դեռ մեկուկես տարի առաջ», նշեց Սերժ Սարգսյանը:
Նախագահը խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի «հնարավոր վերադարձի» եւ դրա շուրջը բարձրացած աղմուկի մասին. «Ինձ համար շատ տարօրինակ է այն ջղաձիգ արձագանքը որոշ քաղաքական շրջանակներում, կապված Քոչարյանի գործողության հետ` լինի դա շրջագայություն կամ կարծիքի հայտնում: Անհասկանալի է, որ մեզ խելք են սովորեցնում մարդիկ, որոնք երկու հոգու չեն կարող ղեկավարել, կամ երկու գիրք չեն կարդացել, մարդիկ, ովքեր Քոչարյանի մոտ չեն կարող երեւալ: Ի՞նչ է, նրանք կարող են կարծիք հայտնել, Քոչարյանը` ո՞չ: Ես նորմալ եմ համարում, երբ Քոչարյանը կարծիք է հայտնում կամ այցելում է այս կամ այն երկիր: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա: Աշխարհում սա ընդունված գործելակերպ է: Խորհուրդ եմ տալիս որոշ լրատվամիջոցների չեղած բաներ չփնտրել», հայտարարեց նախագահը` հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ եղել է քաղաքականության մեջ:
Ն. Մ.