Կտրուկ աճել են հիպոթեկային գրավադրման գործարքները
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2010-ի փետրվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13417 գործարք, ինչը 65 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ հունվարի եւ 30,4 տոկոսովՙ 2009-ի փետրվարի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարի համեմատ աճել է 36,2 տոկոսով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատՙ 20,6 տոկոսով: 3319 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 79,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 35,2 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 67,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2010-ի հունվարի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում փետրվարին աճել է 58 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատՙ 44,3 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ աճել ենՙ 0,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները փետրվար 2009թ. /դրամ/ | Միջին գները փետրվար 2010թ. /դրամ/ | Միջին գները հունվար 2010թ. /դրամ/ |
Կենտրոն | 482300 | 469200 | 473300 |
Արաբկիր | 344400 | 370800 | 370800 |
Քանաքեռ-Զեյթուն | 270200 | 281200 | 283300 |
Նոր Նորք | 241200 | 234400 | 232400 |
Ավան | 241800 | 235700 | 232800 |
Էրեբունի | 256600 | 246500 | 246200 |
Շենգավիթ | 237300 | 247300 | 247700 |
Դավթաշեն | 268400 | 269000 | 267800 |
Աջափնյակ | 238700 | 240500 | 237000 |
Մալաթիա-Սեբաստիա | 230600 | 235000 | 234700 |
Նուբարաշեն | 148000 | 143500 | 142200 |
Միջինը Երեւանում /բացի Նորք-Մարաշից/ | 269000 | 270300 | 269800 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, փետրվարին վաճառվել են 307 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 44,8 տոկոսով, իսկ 2009-ի փետրվարի համեմատՙ 19,5 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները հունվարի համեմատ աճել են նույնպես 0,2 տոկոսով:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 181 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 160 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 155 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 142 հազար դրամ, Իջեւանը ՙ 138 հազար դրամ, Գորիսըՙ 137 հազար դրամ, Մասիսըՙ 125 հազար դրամ 1 քմ-ի դիմաց ցուցանիշներով:
2010-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 371 գործարք, որից 74-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2010-ի հունվարի համեմատ նվազել է 5,1 տոկոսով, իսկ մարզերում աճելՙ 34,4 տոկոսով: 2009-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 13,8 տոկոսով, իսկ մարզերումՙ միասին վերցրած, 24,3 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2010-ի փետրվարին հունվարի համեմատ աճել են 0,9 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները փետրվար 2009թ. /դրամ/ | Միջին գները փետրվար 2010թ. /դրամ/ | Միջին գները հունվար 2010թ. /դրամ/ |
Կենտրոն | 492000 | 485300 | 481100 |
Արաբկիր | 400700 | 379400 | 376900 |
Քանաքեռ Զեյթուն | 304900 | 288700 | 286700 |
Նորք-Մարաշ | 299100 | 284500 | 283200 |
Ավան | 277200 | 238500 | 236400 |
Էրեբունի | 283500 | 251700 | 249800 |
Շենգավիթ | 276700 | 251500 | 249800 |
Դավթաշեն | 310000 | 277500 | 273900 |
Աջափնյակ | 275700 | 243800 | 240700 |
Մալաթիա-Սեբաստիա | 272000 | 242300 | 239500 |
Նուբարաշեն | 162800 | 147500 | 146400 |
Միջինը Երեւանում /բացի Նոր-Նորքից/ | 305000 | 281000 | 278600 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները փետրվարին հունվարի համեմատ աճել են 1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 305 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 166 հազար դրամ, երրորդըՙ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 165 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 146 հազար դրամ, Գորիսը 143 հազար դրամ, Իջեւանըՙ 141 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 134 հազար դրամ, Եղվարդըՙ 128 հազար դրամ 1 քմ-ի դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2010-ի փետրվարին 2009-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 41,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 2,1 անգամ:
2010-ի փետրվարին, 2010-ի հունվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 64 տոկոսով, իսկ 2009-ի փետրվարի համեմատ նվազել` 14,1 տոկոսով:
Իրականացվել են հիպոթեկային գրավադրման 107 գործարքներ, որից 79` Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 81,3 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 15 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2010-ի հունվարի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակն աճել է 2,3 անգամ, Երեւանում` 2,8 անգամ, իսկ մարզերում` 47,4 տոկոսով: 2009-ի փետրվարի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակն աճել է 2,7 անգամ, Երեւանում` 3 անգամ, մարզերում` 2,1 անգամ:
Այսպիսով, 2010-ի փետրվարին եւս պահպանվել է անշարժ գույքի գների կայունացման ու վերջին ամսիներին ամսական արձանագրվող փոքր աճը: Այս միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաեւ առաջիկա ամիսներին: Միաժամանակ, հարկ է ընդգծել ընդհանուր գործարքների թվի զգալի աճը եւ հիպոթեկային վարկավորման գործարքների կտրուկՙ անգամներով արտահայտվող աճը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ