«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Գերմանիայում քրդական ինստիտուտի, Եվրոպայի խաղաղության խորհրդարանի, Թուրք-գերմանական մարդու իրավունքների միության եւ Եվրոպայի թուրք աշխատավորների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին գերմանական Քյոլն քաղաքում տեղի կունենա խորհրդաժողով` «Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը» թեմայով:

Խորհրդաժողովը նախագահելու է հայրենիքից հեռացած թուրք լրագրող Գյունայ Ասլանը, կմասնակցեն Հրանտ Դինքի իրավահաջորդների փաստաբան Էրդալ Դողանը, ասորիների համայնքի ղեկավար Ջորջ Արյոն, վերլուծաբան Նազարեթ Վարդանօղլուն եւ եզդիների միության ներկայացուցիչ Ալի Սաչըքը:

Հիշեցնենք, ինչպես նախորդ համարներում տեղեկացրել էր մեր թերթը, Հայոց ցեղասպանության քննարկումները բավական ակտիվացել են Գերմանիայում. հայտնի «Շպիգել» հանդեսը օրերս ընդարձակ հոդված հրատարակեց ցեղասպանության վերաբերյալ, գերմանական կինոթատրոններում, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ ցուցադրվեց ցեղասպանության մասին պատմող «Աղետՙ մի ցեղասպանություն» ֆիլմը, որի անդրանիկ ցուցադրմանը ներկա էին Գերմանիայի դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչներ: Հիշեցնենք նաեւ, որ գերմանական Բունդեսթագը 2005-ին ընդունեց հայտարարություն, որով պահանջում էր Թուրքիայից` վերանայել սեփական պատմությունը եւ դատապարտել տեղի ունեցած հայերի Մեծ եղեռնը (ցեղասպանություն տերմինը օգտագործված չէր-Հ. Ա.): Այդ մասին օրերս Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը եւս մեկ անգամ հիշեցրեց Անկարային:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4