«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-ԻՆ ԿԱ ՈՒ ԿԼԻՆԻ

Անցած շաբաթավերջին Արցախ էր ժամանել ՀՀ կառավարական պատվիրակությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Առաջին այցը Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոց էր, որտեղ Տիգրան Սարգսյանը մասնակցեց համակարգչային կաբինետի բացման արարողությանը: Նույն առաքելությամբ վարչապետը եղավ Շուշիի Մուրացանի անվան դպրոցում: Այցելություն եղավ նաեւ պաշտպանության բանակի զորամասերից մեկը, որտեղ պատվիրակության անդամները ծանոթացան զինծառայության պայմաններին:

Շաբաթ օրվա կեսօրին տեղի ունեցավ երկու կառավարությունների համատեղ նիստ: Բարձր գնահատելով 2009 թվականին ԼՂՀ կառավարության կատարած աշխատանքը, Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ մշակված բոլոր ծրագրերն էլ հաջողությամբ իրականացվում են: Արցախին ցուցաբերվող աջակցություննները շարունակվելու են, խոստացել է ՀՀ վարչապետը:

Տ. Սարգսյանն անդրադառնալով Արցախում զբոսաշրջության հնարավորություններին, ասել է, որ անցյալ տարի զբոսաշրջային հատուկ փաթեթներ կազմելու արդյունքում 300 պաշտոնյաներ իրենց ամառային հանգիստն անցկացրել են Ղարաբաղում, ինչը ոգեւորել է շատերին: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում նրանց թիվն առնվազն կեռապատկվի:

ԼՂՀ կառավարության ղեկավար Արա Հարությունյանն իր հերթին գոհունակություն հայտնելով լայնաշերտ օժանդակությունների առթիվ, միաժամանակ ներկայացրեց Արցախի սոցիալ-տնտեսական ներկա կացությունը հատկանշող մի շարք տվյալներ: Դրանց լուծման համար ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը: Արա Հարությունյանի մատուցմամբ, համատեղ ուժերով կարգավորման կարիք ունեն զբոսաշրջության, էներգետիկայի, վերաբնակեցման ասպարեզներին առնչվող, կենսաթոշակների ու սպիրտային խմիչքների իրացման հետ կապված եւ այլ հարցեր, որոնց վերաբերյալ նիստում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն:

Տիգրան Սարգսյանն այցելել է նաեւ «Արցախֆրուտ» ընկերություն, համտեսել այդտեղ արտադրվող տեսականին: Նա կոչ է արել նախապատվությունը տալ տեղական արտադրանքին, շեշտելով դրա որակական հատկանիշները:

ՀՀ վարչապետին Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը կարեւորվել է համագործակցության խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ՀՀ մարզերի եւ ԼՂՀ շրջանների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման առումով:

Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Տիգրան Սարգսյանը խոսել է միասնական էներգետիկ դաշտի մասին, այս համատեքստում հատկանշելով էներգահամակարգի զարգացման խնդիրները: Նա միաժամանակ անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի հեռանկարներին, ասելով, որ օդանավակայանի գործարկումով փոխվում է տնտեսական բաղադրիչը` ունենալով նաեւ քաղաքական բովանդակություն:

Կիրակի օրը ԼՂՀ նախագահն ու ՀՀ վարչապետը եղել են Մարտակերտի շրջանում` մասնակցելով Թրղե-1 հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը, որից հետո միասին այցելել են Թրղե-2 հիդրոէլեկտրակայանի շինհարթակ, ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Ղարաբաղյան այցի շրջանակներում ՀՀ կառավարության պատվիրակությունը նաեւ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերություն` տեղում ծանոթանալով ոսկու արդյունահանման գործնական պայմաններին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4