«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՈՏԵՑՄԱՆ «ԳՈՐԾՈՆ»

ԱՄՆ-ը Սարգսյան-Էրդողան, Օբամա-Սարգսյան հանդիպումներից առաջ արդեն խոստումնե՞ր է տվել թուրքական կողմին

Հայ-թուրքական գործընթացում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ տարբեր մեկնաբանություններից յուրաքանչյուրը հիմնավորում գտնելու հավանականություն ունի: Որոշ մեկնաբանությունների ու գնահատականների համաձայն, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը կարող է ոչ հեռու ապագայի հարց լինել այն դեպքում, երբ գնահատողների ու վերլուծաբանների մեկ այլ խումբ գտնում է, թե այդ գործընթացը մեռել է, սակայն կողմերն այդ հանգամանքի հետ հաշտվելու մտադրություն չունեն կամ չեն ցույց տալիս, թե հասկանում են գործընթացի վախճանի իրական լինելը:

Ինչեւէ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնեց Վաշինգտոն` մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին, այցելության հիմնական նպատակ ունենալով ԱՄՆ-ի նախագահի հետ հայ-թուրքական գործընթացի քննարկումը:

Ինչպես նախապես տեղեկացրել էր Հայաստանի նախագահի գրասենյակը, Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում երկկողմ հանդիպումների կլինի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Գագաթաժողովի աշխատանքներից ու նշված հանդիպումներից հետո Սերժ Սարգսյանը կարճատեւ արձակուրդի է գնում, ընդ որում, չի տեղեկացվում, թե հատկապես որտեղ է անցկացնելու իր հանգիստը Հայաստանի նախագահը:

ԱՄՆ-ը, մինչեւ Հայաստանի նախագահի այցը Վաշինգտոն, նախ կարեւորել էր Հայաստանի հետ հարաբերությունները, հետո էլ պարզաբանել, որ կարեւորման զգալի մասն էլ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ընթացքին, որոնց առնչությամբ ստորագրված արձանագրություններին մեծապես աջակցել է նաեւ Միացյալ Նահանգները:

Անցյալ շաբաթավերջին ԱՄՆ անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համերը, ճեպազրույցում անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը, նշել էր, թե Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները կարեւոր են, նաեւ հաշվի առնելով արձանագրությունների ստորագրմանը ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում նախատեսված էր նաեւ Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպումը, որ տեղի է ունեցել երեկ երեկոյան, ԱՄՆ տեղական ժամանակով սակայն, ըստ էության, մինչեւ գագաթաժողովի աշխատանքների մեկնարկը:

Այն, որ այս հանդիպմանը ամենից առաջ քննարկվելու են Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւին, ԱՄՆ նախագահի ապրիլ-24-յան ուղերձին ու ընդհանրապես ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպես նաեւ հայ-թուրքական արձանագրություններին առնչվող հարցեր, թերեւս կասկած չի հարուցում, չնայած Սարգսյան-Էրդողան հանդիպման օրակարգը որեւէ կերպ հրապարակային չի դարձել:

Միաժամանակ, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը «Associated Press»-ին հայտարարել է, թե մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը հետեւած հետկանչից հետո կրկին Միացյալ Նահանգներ է վերադարձել միայն, երբ Օբամայի վարչակազմը, ըստ էության ԱՄՆ պետքարտուղարի միջոցով, վստահեցրել է, թե ԱՄՆ նախագահը հանդես կգա Կոնգրեսի` ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ, իսկ ապրիլի 24-ին իր ուղերձում չի օգտագործի «Ցեղասպանություն» բառը: «Մենք ստացել են որոշ հավաստիացումներ, որ գոհացնում են մեզ», ասել է Թուրքիայի դեսպանը:

Սակայն, այդուամենայնիվ, Սարգսյան-Էրդողան հանդիպման օրակարգի բովանդակության անհայտության ֆոնին հետաքրքրական է, որ Թուրքիայի վարչապետը, մինչեւ Վաշինգտոն մեկնելը, հայտարարել էր, թե ԱՄՆ այցելության առաջնային թեման հայ-թուրքական գործընթացն է ու դրա առնչությամբ առկա զարգացումները, ընդ որում, դրանցում Թուրքիայի վարչապետը նշել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցին անդրադարձի տարբերակը:

Էրդողանի խոսքերով, որ փոխանցում են երկրի վարչապետին օդանավակայանում հանդիպած թուրքական լրատվամիջոցները, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ լինի արդյունքների հասնելու համար: Թուրքիայի վարչապետը, սեփական հայտարարության համաձայն, Վաշինգտոնում իր երկկողմ հանդիպումներում էլ է անդրադառնալու Մինսկի խմբի գործունեությանը: Ընդ որում, Էրդողանը, վկայակոչելով վերջերս Ֆրանսիա կատարած այցելությանը Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումը, ասել է, թե խնդիր չէ հայ-թուրքական սահմանը բացելը, եթե «իր պարտականությունները կատարի ԵԱՀԿ Մինսկի խումբը», ասել է թեՙ լուծվի ղարաբաղյան հարցը:

Հայաստանը բազմիցս կրկնել է, որ ղարաբաղյան հարցը չի կարող կապվել հայ-թուրքական արձանագրությունների հետ, առավել եւս լինել նախապայման: Հայաստանի նախագահի ադեն Վաշինգտոնում գտնվելու պահին երեկ «News.am»-ին տված հարցազրույցում Հայաստանի տեսակետը եւս մեկ անգամ վերահաստատել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը . «Հայկական կողմը հայտարարել է, որ մտադիր չէ Թուրքիայի հետ քննարկել ղարաբաղյան հարցը, քանի որ այդ երկիրը խնդրի հանդեպ կողմնակալ վերաբերմունք ունի: Կարծում եմ, որ Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ ղարաբաղյան հարցը չի քննարկվի»:

Այս ամենով հանդերձ, հայ-թուրքական գործընթացի համատեքստում ներկա դրությամբ կարեւոր խնդիր-հարց է մնում արդեն իսկ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Հատկանշական է, որ հայկական կողմը առանձնակի խնդիրներ չի նշում ու դրսեւորում արձանագրությունների խորհրդարանում վավերացման առնչությամբ այն դեպքում, երբ թուրքական կողմից նմանօրինակ մոտեցում կարծես չի դրսեւորվում: Ավելին, Հայաստանի նախագահը մինչեւ Վաշինգտոն այցելությունը, Տավուշի մարզ այցի ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանը գրեթե կայացրել է իր որոշումը գործընթացի վերաբերյալ, որ, սակայն, կհրապարակի վաշինգտոնյան բանակցություններից հետո:

Թուրքական աղբյուրները նշում են, թե նախորդ շաբաթ Էրդողանի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Երեւան էր բերել Թուրքիայի վարչապետի հավաստիացումները, թե Թուրքիան պատրաստ է սկսել արձանագրությունների վավերացման գործընթացը: Չնայած դրան, թուրքական վերլուծություններում առավելապես ներկայացվում է այն մոտեցումը, թե արձանագրություններն ավելի շուտ չեն վավերացվի թուրքական խորհրդարանում: Ընդ որում, այդ մոտեցման համար որպես հիմնավորում են ներկայացվում Թուրքիայի խորհրդարանի ծանրաբեռնված օրակարգն ու առկա իրավիճակը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4