«Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նմանեցնենք մի ծառի, ապա պատկերն այսպիսին է` Հայաստանում խոսում ենք միայն այդ ծառի տերեւների մասին, սակայն մոռանում ենք դրա արմատներն ու աճման ուղղությունը, իսկ բուն արմատն այն է, որ Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակների մեջ է մտնում Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումը», երեկ Մամուլի ազգային ակումբում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը :
Բանախոսի խոսքով` Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի վերը նշված բուն արմատը: Թուրքիայի Հանրապետությունը, որը Օսմանյան ցեղասպան կայսրության լիիրավ իրավահաջորդն է, իր էությամբ ֆաշիստական պետություն է: Թուրքիան այսօր էլ իրականացնում է ռասիստական քաղաքականություն ե՛ւ հայկական հարցում, ե՛ւ քրդական հարցում, ե՛ւ օժանդակում է Ադրբեջանին վերջինիս ռասիստական` հայատյացության, քաղաքականության մեջ:
«Եթե մենք շարունակում ենք այդ թշնամուն համարել պոտենցիալ գործընկեր, ապա է՛լ ավելի ենք քայքայում հայ ժողովրդի ընդհանուր դիմադրական ներուժն ու համահայկական միասնությունը, այն էլ այսօր, երբ մեծացել է պատերազմի հավանականությունը», ասում է Արմեն Այվազյանը եւ հավելում, որ համահայկական հարցերում մեր ունեցած միասնականությունն անցած տարիների համեմատությամբ խիստ պակասել է:
Բանախոսը նկատում է, որ Հայաստանում չի գործում պետական ղեկավարության մակարդակով սխալներն ընդունելու, դրանք քննության առնելու եւ շտկելու որեւէ մեխանիզմ, այդ պատճառով էլ Հայաստան-Թուրքիա ձախողված գործընթացի բոլոր պատասխանատուները դեռ զբաղեցնում են իրենց պաշտոնները:
«Վերջերս ՀՀ նախագահը խոսեց հայկական Նյուրնբերգից, ինչը շատ գովելի է, - ասում է քաղաքագետը,- «հայերի Նյուրնբերգ» նշանակում է դահիճներին հասանելիք պատիժ, իսկ զոհերին` հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը, հասանելիք փոխհատուցում, սակայն մինչեւ այսօր ի՞նչ են արել ՀՀ ղեկավարությունն ու քաղաքական ուժերն այդ «Նյուրնբերգին» հասնելու համար: Անկախության 20 տարիների ընթացքում այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չի կատարվել»:
Արմեն Այվազյանը նշում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններն իրապես կարգավորելու համար նախ եւ առաջ պետք է պահանջներ դնի, քանի որ Հայաստանն է զոհը, եւ այսօր վերջինս է ենթակա թուրքական շրջափակմանն ու ցեղասպանության ժխտմանը, ինչը համաշխարհային մակարդակով բոլոր մասնագետների կողմից համարվում է Ցեղասպանության քաղաքականության շարունակություն: Քաղաքագետն ավելացնում է. «Հայաստանը պետք է պահանջի առնվազն երկու պայմանի իրականացում` Թուրքիան նախ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, երկրորդ` դադարեցնի Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին օժանդակելը, որից հետո Հայաստանը Թուրքիայի հետ արդեն կարող է նստել բանակցությունների սեղանին: Եթե մենք չենք կատարում այս երկու պահանջները, այլ միայն, ինչպես Հայաստանի ղեկավարությունն է անում, կենտրոնանում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ շրջափակման վերացման վրա, որն էլ անվանվում է սահմանների բացում, ապա հայ-թուրքական հակամարտությունը շարունակվելու է»:
Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է Հայաստանը ջախջախելը` լինի տնտեսապես թե ռազմական ճանապարհով:
Եթե Թուրքիան բացի սահմանն ու դեսպանություն հաստատի Երեւանում, ապա լրացուցիչ լծակներով կիրականացնի նաեւ իր թշնամական քաղաքականությունը, օրինակ` կփորձի տնտեսապես ներխուժել Հայաստան:
«Այսօր արդեն տեղեկություններ ունենք, որ Հայաստանում թուրքական ընկերությունները փորձում են ավելացնել իրենց ներդրումները,- տեղեկացնում է Արմեն Այվազյանը,- իր դեսպանության միջոցով Թուրքիան նաեւ փորձելու է իրականացնել ադրբեջանամետ քարոզչություն»:
Վերջում քաղաքագետն անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումներին: Արեւմտյան որոշ ուժեր, ըստ բանախոսի, այդ ճանաչումներն օգտագործում են հօգուտ իրենց, ոչ թե հօգուտ Հայաստանի ու հայության:
«Մինչեւ այսօր միջազգային ատյաններում ընդունված բոլոր բանաձեւերը (բացառությամբ Լիբանանի խորհրդարանինը) շրջանցում են Հայոց ցեղասպանության թե՛ պատժելիության, թե՛ հատուցման խնդիրները», ավելացնում է Արմեն Այվազյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ