«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Աբովյան-Երեւան երթուղային տաքսու վարորդը երեկ բողոքում էր, որ մեկ խորանարդ մետր գազի գինը նախօրոք արդեն թանկացած 200 դրամից հասել էր 220 դրամի: Անշուշտ, մայրաքաղաքի եւ նաեւ մարզերից մայրաքաղաք եկող երթուղայինների բազմաչարչար վարոդները դժգոհ էին իրավիճակից: Ընդ որում, եթե մի խումբ վարոդներ պահանջում էին պարզապես իջեցնել գազի գինը, մյուսների պահանջն էր բարձրացնել ուղեվարձերը: Վարորդների խոսքերով նրանք օրական 14 հազար դրամ պլան են տալիս, 9 հազար դրամ գազի համար են վճարում. «Տակը բան չի մնում», շարունակում էր գանգատվել Աբովյան-Երեւան երթուղայինի վարորդը: Որոշ գծերի վարորդներ երեկ առհասարակ գործադուլ էին արել, սակայն հենց երեկ գազի գնի 220 դրամ սահմանումը չեղյալ հայտարարվեց, միայն դրանից հետո որոշ վարոդներ վերադարձան աշխատանքի, բայց ոմանք էլ առհասարակ համաձայն չեն նման պայմաններով աշխատել (օգտվելով առիթից կարելի է, չէ՞, հասնել ուղեվարձի բարձրացմանը - Հ. Ա.):

Հետաքրքրական է, ի՞նչ կլինի, եթե հանկարծ որոշում կայացվի, հաշվի առնելով գազի գնի բարձրացման հետեւանքով առաջացած «հարգելի պատճառը», երթուղայինների ուղեվարձերը բարձրացնել: Նշենք, որ մայրաքաղաքային «100-դրամանոց» երթուղայինների փոխարեն մարզերից, բնականաբար, կրկնակի, եռակի են վճարում քաղաքացիները Երեւան հասնելու համար, իսկ եթե լինի նաեւ թանկացո՞ւմ...ինչպես մեր զրույցում նշեց «Աբովյան-Երեւանի» վարոդներից մեկը. «Այ էդ ժամանակ ժողովուրդը կհասկանա մեզ»: Հայկական մենթալիտետի համաձայն, «եթե ես վատ եմ ապրում, ինչո՞ւ հարեւանս պետք է լավ ապրի», ի՞նչ անենք, որ մի օր էլ կարող է վարորդը լինել պարզապես ուղեւոր:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4