«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՓԱՌԱՀԵՂ ՆՎԱՃՈՒՄԸ

Ռուբեն Ալեքսանյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեց

Մինսկում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոր, փառահեղ նվաճման հասան հայ ծանրորդները: Մրցահարթակ դուրս եկած 8 ծանրորդներից 7-ը տուն վերադարձան մեդալներով: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանն (77 կգ) ու Գեւորգ Պողոսյանը (85 կգ), փոխչեմպիոններ դարձան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Արա Խաչատրյանն (85 կգ) ու Ռուբեն Ալեքսանյանը (գերծանր քաշ), իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) երկամարտում արժանացավ բրոնզե մեդալի: Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը նվաճեց 19 մեդալ (7 ոսկե, 8 արծաթե, 4 բրոնզե): Այդ ցուցանիշով Հայաստանը թիմային հաշվարկով զբաղեցրեց 4-րդ տեղըՙ հետ մնալով Ռուսաստանի (28 մեդալ, որից 12-ըՙ ոսկե), Թուրքիայիՙ 20 (10) եւ Բելառուսիՙ 19 (9) հավաքականներից: Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանն ընդամենը 8 ծանրորդով մասնակցեց առաջնությանը, մինչդեռ Ռուսաստանը, Թուրքիան ու Բելառուսը ասպարեզ էին դուրս բերել 15-ական ծանրորդի: Տարբեր պատճառներով առաջնությանը չմասնակցեցին Առաքել Միրզոյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանն ու Գեւորգ Դավթյանը, որոնք ի զորու էին ավելացնել նվաճված մեդալների քանակը:

Կանանց մինչեւ 75 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանն արժանապատվորեն մրցեց իր փորձառու եւ տիտղոսակիր մրցակցուհիների հետ: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 122 կգ արդյունք եւ արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Լավագույնը Եվրոպայի քառակի չեմպիոնուհի Նատալյա Զաբոլոտնայան էր (129 կգ), իսկ արծաթե մեդալը նվաճեց նրա հայրենակցուհի Նադեժդա Եվստյուխինան (127 կգ):

Հրում վարժությունում Հռիփսիմեն եւս բրոնզե մեդալ նվաճեց 151 կգ արդյունքով, ինչը նրա համար նույնպիսի պարգեւ ապահովեց նաեւ երկամարտում (273 կգ): 3-րդ մոտեցման ժամանակ Խուրշուդյանը փորձեց գերազանցել հրում վարժության աշխարհի ռեկորդը, որը պատկանում է ռուսաստանցի Սվետլանա Պոդոբեդովային (160 կգ): Սակայն 161 կգ ծանրությունը հաղթահարել նրան չհաջողվեց: Աշխարհի ռեկորդը բարելավել չհաջողվեց նաեւ Եվստյուխինային, որը երկամարտի 282 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնուհի: Իսկ Նատալյա Զաբոլոտնայան 285 կգ արդյունքով 5-րդ անգամ ուժեղագույնը ճանաչվեց Եվրոպայում:

Արժանի մրցակցություն ցույց տվեց նաեւ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնն ամեն ինչ արեց մեծահասակների առաջնությունում նորամուտը հաջող նշելու համար: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 195 կգ եւ արժանացավ արծաթե մեդալի: Լավագույնը ռուսաստանցի Եվգենի Չիգիշեւի արդյունքն էր (205 կգ): Հրում վարժությունում Ռուբենը փորձեց վերացնել Չիգիշեւից 10 կգ-ի տարբերությունը, ուստի պատվիրեց 246 կգ: Դա մեկ կգ-ով գերազանցում էր աշխարհի երիտասարդական ռեկորդը: Սակայն ցավոք ծանրաձողը չենթարկվեց մեր դյուցազնին: Ռուբենը երկամարտի 432 կգ (195+237) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնՙ արծաթե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում: Երկամարտի նրա արդյունքը մեկ կգ-ով գերազանցում էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդը, որը պատկանում էր ռուսաստանցի Եվգենի Պիսարյովին: Ավելորդ չէ նշել, որ մեր ծանրորդն առաջ անցավ օլիմպիական չեմպիոն, գերմանացի Մաթիաս Շտայներից, որը երկամարտի 426 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ Եվգենի Չիգիշեւը 440 կգ (205+235) արդյունքով դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:

Մեր ծանրորդներից միայն Արթուր Բաբայանը (105 կգ) մնաց առանց մեդալի: Նա երկամարտի 394 կգ (178+216) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց բելառուսցի Անդրեյ Արամնովըՙ 420 կգ (195+225): 2-րդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Դմիտրի Կլոկովըՙ 409 կգ (185+224): Բրոնզե մեդալը նվաճեց նրա հայրենակից Վլադիմիր Սմորչկովըՙ 408 կգ (193+215):

Կանանց գերծանր քաշայինների մրցավեճն ավարտվեց ռուսաստանցի Տատյանա Կաշիրինայի հաղթանակովՙ 297 կգ (135+162): Նա 2-րդ անգամ ուժեղագույնը ճանաչվեց Եվրոպայում: 2-րդ տեղը գրավեց ուկրաինացի Օլգա Կորոբկանՙ 273 կգ (123+150): Բրոնզե մեդալը նվաճեց բելառուսցի Օլգա Կնյաժիշչանՙ 257 կգ (116+141):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4