«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎՐԻՊՈՒՄԸ ԹԱՆԿ ԱՐԺԵՑԱՎ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»

Արա Հակոբյանը «Ուլիսին» փրկեց պարտությունից

Արդյունավետ երկու տուրերից հետո ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 3-րդ տուրի հանդիպումներում խփվեց ընդամենը 7 գոլ: Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ գրանցվեց ոչ-ոքի արդյունք:

Բավական հետաքրքրական պայքարում անցավ տուրի կենտրոնական հանդիպումն «Ուլիսի» եւ «Բանանցի» միջեւ: Երկու թիմերն էլ ակտիվ խաղ ցուցադրեցին: Առաջին լուրջ գոլային պահը ստեղծվեց 33-րդ րոպեին, երբ «Բանանցի» հարձակվող Դենիրան Օրտեգան մենմենակ հայտնվեց «Ուլիսի» դարպասապահ Վլադիմիր Մալկովի դեմ ու փորձեց նրա գլխավերեւով գնդակն ուղարկել անպաշտպան դարպասը: Սակայն հարվածը թույլ էր եւ դարպասապահը հանգիստ որսաց գնդակը: 10 րոպե անց «Բանանցը» հասավ հաջողության: Աջ թեւով Էդուարդո դո Սանթոսը սրընթաց անցում կատարեց, «Ուլիսի» դարպասապահն անհարկի ընդառաջ դուրս եկավ մրցակցի հարձակվողին, որը հեռվից գնդակն ուղարկեց դարպասը:

Ընդմիջումից հետո փոխարինման մտած Ալեքսանդր Պետրոսյանը զգալիորեն ակտիվացրեց «Ուլիսի» հարձակողական գործողությունները եւ իր ներդրումն ունեցավ թիմի հաջողությունում: Շուտով Պետրոսյանը տուգանայինի մատույցներից գրավեց դարպասըՙ վերականգնելով հավասարակշռությունը: 7 րոպե անց Պետրոսյանին վայր գցելու համար մրցավարը 11 մ հարված նշանակեց: «Ուլիսը» կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Թբիլաշվիլու հարվածը որսաց «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը:

79-րդ րոպեին «Ուլիսի» դարպասապահ Մալկովը կրկին անվստահ խաղացՙ Սամվել Մելքոնյանի հարվածը հետ մղելով ուղիղ Էդուարդո դո Սանթոսի մոտ, որն ընթացքից գրավեց դարպասը: «Բանանցը» հաշվի մեջ առաջ անցավ եւ մոտ էր հաղթանակին: Սակայն ավելացված ժամանակում կոպտորեն սխալվեց Էդուարդ Կակոսյանը: Ուլիսցիները խլեցին գնդակը եւ փոխանցեցին տուգանային հրապարակում հսկողությունից դուրս մնացած Արա Հակոբյանին, որն էլ թիմին փրկեց պարտությունից (2-2):

Երկրորդ ոչ-ոքին գրանցվեց Դիլիջանում, որտեղ «Իմպուլսը» հյուրընկալել էր չեմպիոնին: Գավաթային երկու հանդիպումներում էլ «Փյունիկը» հաղթել էր միեւնույն 1-0 հաշվով, իսկ ահա առաջնության խաղում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Ճիշտ է, 67-րդ րոպեին փյունիկցիները գոլ խփելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն Սարգիս Հովսեփյանը չիրացրեց 11 մ հարվածը: Դարպասապահ Մայիս Ազիզյանը հետ մղեց գնդակը: «Փյունիկի» ավագն ընթացիկ առաջնությունում արդեն 2-րդ 11 մ հարվածը չիրացրեց: Նա վրիպել էր նաեւ մեկնարկային խաղումՙ Գյումրիում: Այսպես բարձրագույն խմբի նորեկն առաջին միավորը վաստակեց:

Առաջնությունում հաջող մեկնարկած «Կիլիկիան» անդրանիկ պարտությունը կրեցՙ 0-2 հաշվով զիջելով «Միկային»: Վերջինիս միայն ընդմիջումից հետո հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ, երբ գոլերի հեղինակներ դարձան Ուլիսես Մոնտենեգրոն եւ Ժունիոր Էդիլսոնը:

Գյումրիում առաջնության երկու անհաջողակների մրցավեճում հաջողությունն ուղեկցեց «Գանձասարին»: Այս խաղում էլ շիրակցի Տիգրան Դավթյանը 20-րդ րոպեին չիրացրեց 11 մ հարվածը: Իսկ ահա ընդմիջումից հետո Արսեն Ավետիսյանը գրավեց դաշտի տերերի դարպասը եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին: Դա ՀՀ առաջնություններում Ավետիսյանի 190-րդ գոլն էր: «Գանձասարը» ՀՀ առաջնություններում առաջին հաղթանակը տոնեց Գյումրիում:

Մինչեւ առաջնության 4-րդ տուրը կկայանան ՀՀ գավաթի կիսաեզրափակիչի հանդիպումները: Այսօր «Հրազդանում» «Ուլիսը» կհյուրընկալի «Փյունիկին», իսկ վաղը «Հանրապետականում» կմրցեն «Բանանցն» ու «Միկան»: Հետաքրքրական է, որ անցած տարի էլ կիսաեզրափակիչում մրցել էին նույն զույգերը: Հաջողությունն ուղեկցել էր «Փյունիկին» եւ «Բանանցին»: Ի դեպ, վերջին 3 տարիներին «Բանանցը» գավաթի կիսաեզրափակիչում մշտապես հաղթել է «Միկային»:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ32107-27
2. Ուլիս32106-27
3. Միկա32018-46
4. Կիլիկիա32016-46
5. Բանանց31117-84
6. Գանձասար31022-43
7. Իմպուլս30122-81
8. Շիրակ30031-70

Ռմբարկուները

Սամվել Մելքոնյան«Բանանց»3
Էդուարդո դո Սանթոս«Բանանց»3
Արսեն Ավետիսյան«Գանձասար»2
Մինդաուգաս Գրիգալեւիչուս«Միկա»2
Ուլիսես Մոնտենեգրո«Միկա»2
Ալբերտ Թադեւոսյան«Փյունիկ»2
Գագա Թբիլաշվիլի«Ուլիս»2
Սարգիս Մովսիսյան«Կիլիկիա»2

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4