«Աշխարհասփյուռ հայության տառապանքները հարգելու, Հայոց ցեղասպանության փաստը Թուրքիայի կողմից անտեսելու, արդարությունը կեղծելու» հարցերն են բարձրաձայնված Եվրոպայի հայկական միությունների ֆորումի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում: Հիշեցնենք, ապրիլի 24-ին ընդառաջ, նման մի նամակ Օբամային ուղղել էին Ամերիկայի հայերը: Եվրոպայի հայերի ուղերձում նշված է, որ Ցեղասպանության փաստի վավերացումը կստիպի Թուրքիային հարգել միջազգային կարծիքը եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր կարեւոր հարեւան Հայաստանի հետ: «Հավատացեք, որ սա ամենաիրատեսական ու արդարացի ուղին է հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծման հարցում», նշված է նամակում: Եվրոպայի հայերը, շնորհակալություն հայտնելով Օբամային, որ իր նախորդ տարվա ուղերձում օգտագործել էր «Մեծ եղեռն» եզրույթը, նշել են. «Դա ընդունելով որպես առաջընթաց` միաժամանակ խնդրում ենք այս տարվա Ձեր ելույթում օգտագործել «Ցեղասպանություն» միջազգային բառեզրը եւ հնարավորություն տալ ԱՄՆ-ի Կոնգրեսին հաստատելու թիվ 252-րդ բանաձեւը` ընդունված Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից», նշված է ուղերձում:
Հ. Ա.