«Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը պարզապես մի հերթական հանդիպում էր: Նոր զարգացումներ կարելի է ակնկալել մայիսին, իսկ մինչեւ ապրիլի 24-ը, չեմ կարծում, թե կվավերացվեն արձանագրությունները», երեկ «Արցախ» ակումբում` ասուլիսի ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը :
Բանախոսի կարծիքով` հայ-թուրքական մերձեցման գործընթացը շատ առումներով առեղծվածային է, այն նախաձեռնելիս հարկավոր էր առնվազն վստահ լինել, որ գործընթացը կբերի դրական արդյունքների, սակայն կողմերի դիրքորոշումները գնալով կոշտացան ու դարձան ավելի անհանդուրժողական:
Արման Մելիքյանը միանգամայն բնական է համարում թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացումն ու սառեցումը:
«Թուրքիայի ռազմավարական դերը ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Եվրոմիության տերությունների համար նվազելու է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը վերը նշված սառեցման գործընթացն արագացնող գործիք է», ասում է Արման Մելիքյանը եւ հավելում, որ Օբաման կարող է ճնշում գործադրել ու պարտադրել Թուրքիային տարանջատ դիտարկել ղարաբաղյան կարգավորման ու հայ-թուրքական մերձեցման գործընթացները, թեեւ իրականում դրանք պատմականորեն փոխկապակցված են:
Բանախոսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այսօր Հայաստանի կողմից վարվող քաղաքականության պատանդն են:
«Ես կտրականապես դեմ եմ, որ ԼՂՀ-ն այս օրակարգով մասնակցի բանակցություններին: Բանակցային օրակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի», վերջում նշեց Արման Մելիքյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ