Ինչպես ժամանակին տեղեկացրել ենք, մեկ տարի ընդմիջումից հետո, 2008-ի հուլիսից վերսկսվեց «Նացիոնալ-սոցիալիզմի զոհերի սոցիալ-հոգեբանական եւ բժշկական սպասարկումը Հայաստանում» ծրագիրը:
2004-2006 թվականներին Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային մասնաճյուղի (ԳԿԽ ԲՎ ԵՄ) օժանդակությամբ Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը (ՀԿԽԸ Լոռու ՄՄ) իրականացրել էր վերոհիշյալ ծրագիրը: Այս ծրագրի ավարտինՙ 2006-ի հոկտեմբերին, Վանաձոր այցելեցին Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի եվրոպական հարցերով պետնախարար Վիլլի Շտեխելեն, ԳԿԽ Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային մասնաճյուղի նախագահ, դոկտոր Լորենց Մենցըՙ մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, ինչպես նաեւ ԳԿԽ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային մասնաճյուղի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Միխայիլ Ույբելը: Վերջիններս հանդիպելով ծրագրի շահառուներին, ծանոթանալով նրանց սոցիալական վիճակին եւ հաշվի առնելով ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի լավ աշխատանքը, խոստացան միջոցներ գտնել ծրագիրը շարունակելու համար: Հուրախություն մեզՙ նրանք կատարեցին իրենց խոստումը:
«Նացիոնալ-սոցիալիզմի զոհերի սոցիալ-հոգեբանական եւ բժշկական սպասարկումը Հայաստանում» ծրագիրն ուղղված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմագերիների լիարժեք եւ արժանապատիվ կյանքի ապահովմանըՙ նրանց մեջ վստահություն ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ: Վանաձորում այժմ կա 15 շահառու, որոնց սպասարկում են ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի բուժքույրը եւ 2 կամավոր:
1988-ից ի վեր Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային մասնաճյուղը սերտ համագործակցում է ՀԿԽԸ-ի հետ. ի սկզբանե իրականացվել են փրկարարական եւ սոցիալական օգնության բազմաթիվ ծրագրեր, հիմնադրվել եւ մինչ այժմ գործում է «Սպիտակ» փրկարարական ջոկատը: 1994-ին Երեւանում նրանց աջակցությամբ բացվեց «Հուսո տուն», որը գործում է մինչ օրս եւ սպասարկում սոցիալապես անապահով մարդկանց:
Ապրիլի 9-ին Մ. Ույբելը, Գերմանիայի Շտուտգարտ քաղաքից ժամանած հայտնի բարերար, քահանա Կարլ Շայդեն, Հայաստանում Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը եւ Հայկական կարմիր խաչի ընկերության սոցիալական բաժնի վարիչ Ռուբեն Մարտիրոսյանը Վանաձորում էին:
Նույն օրը Ստեփան Զորյանի տուն-թանգարանում հյուրերի հետ կազմակերպվեց հանդիպում: ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Ղարաջյանը հայտարարեց, որ Լոռու մարզի կարիքավորներին երկարատեւ ու մշտական աջակցության եւ մասնաճյուղի զարգացմանը մեծապես նպաստելու համար, մասնաճյուղի նախագահության որոշմամբ, Միխայիլ Ույբելին շնորհվել է Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի պատվավոր նախագահի կոչում:
- Ես առաջին անգամ Հայաստան եմ այցելել ավելի քան 20 տարի առաջ,- ասաց Մ. Ույբելը:- Եղել եմ երկրաշարժից տուժած շրջաններում, աշխատել հնարավորինս օգնություն ցուցաբերել: Ինձ համար հատկապես հոգեհարազատ է Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը, քանզի Վլադիմիր Ղարաջյանը եւ երիտասարդ կամավորները մշտապես նվիրվածությամբ ու ազնվորեն են աշխատում, հաջողությամբ իրականացնում բոլոր ծրագրերը: Ինձ համար մեծ պատիվ է այս կոչմանն արժանանալը: Օգնություն ցուցաբերելը պետք է կյանքի իմաստ լինի, օգնելով ուրիշներինՙ օգնում ենք ինքներս մեզ:
Հայր Շայդեն , ով Հայաստանին, մեր մարզին մշտապես աջակցություն է ցուցաբերել, ջերմ խոսքեր ասաց գերմանացի իր ընկերոջ մասին: Հայր Շայդեն ամեն տարի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար Գերմանիայում հանգանակում է ավելի քան 150 հազար եվրո: Այս գումարի մեծ մասը ծախսվում է իր հիմնադրած «Հուսո տան» շահառուների համար:
Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների Լոռու մարզային մասնաճյուղերի կողմից հյուրերին ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց նաեւ տողերիս հեղինակըՙ բարձր գնահատելով ե՛ւ Գերմանական կարմիր խաչի, ե՛ւ Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի կատարած աշխատանքը, որոնց շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ կարողացան դիմակայել կյանքի դժվարություններին:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ