«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2010-04-10 | #65, 2010-04-13 | #66, 2010-04-14


ԱԶՆՎԱԿԱՆ ԿԵՐՊԻ ԵՎ ՀՄԱՅՔԻ ՆԿԱՐԻՉԸ

Կալենցի փողոցի «Կալենց» թանգարանը

20-րդ դարի հայ գեղանկարչության լավագույն ավանդույթների կրողներից ու դրանք ինքնօրինակ գունակերպարային լուծումներով հարստացնողներից մեկը Հարություն Կալենցն է, նոր գունատեսությամբ օժտված նկարիչ, որի անունն ի ցավ սրտի առայժմ իր արվեստին համարժեք գնահատում եւ ճանաչում չի ստացել: Գուցե, ինչպես իրեն իմացողներն են վկայում, չափից ավելի առանձին լինելը, իր մենակությունը, իր ազնվական կերպարը, իսկ գուցե բնությունից առատորեն օժտված տաղա՞նդն է պատճառը: Գուցե: Ինչեւէ, անարդար է նրան մեր հայացքներից տարիներ շարունակ այսպես մեկուսացնելը. Հարություն Կալենցը, գոնե վերջին տասնամյակում ցուցահանդեսային այս բազմազանության մեջ չի երեւում:

Ազգային գրադարանըՙ ղեկավարությամբ Դավիթ Սարգսյանի, այն սակավ օջախներից է, որ բարեբախտությունն ունիՙ գնահատելու ինչպես ժամանակակից, այնպես էլ անցյալի մշակույթի մեր երախտավորներին. այստեղ մշտապես հիշվում են նրանք, ովքեր գեղարվեստական ժամանակ ու իրականություն են ներմուծում մեր կյանքՙ ապրեցնելով ոչ միայն ներկան, այլեւ շարունակական դարձնում ժամանակների մեջ հոգեւոր մեր տարածքը:

Այդպես էր նաեւ շաբաթ օրվա հանդիպումը. առիթը Հարություն Կալենցի 100-ամյակն էր: Այս տարին իրապես հիշարժան է Կալենց ընտանիքի համար. լրանում է նաեւ Արմինե Կալենցի 90-ամյակը:

Գրադարանի դահլիճը հագեցած էր կալենցյան մթնոլորտով, ողջ ընթացքում բանախոսների խոսքերը զուգադրվում էին էկրանին հայտնվող Կալենցի նկարների լուսապատկերներին: Կալենցյան գունաշխարհը ներքին պայծառ մի տեսողությամբ է առանձնահատուկ, նրա երփնագիրը խիստ անհատական կնիք ունի, որ պայմանավորված չէ գույնի զուտ ոչ սովորական, կամ ակադեմիականի խախտման զուգակցումներով, այլեւ նկարի ներքին տարածության մեջ դրանց երկխոսության զարմանալի ներդաշն տրամադրության ստեղծումովՙ հանդարտ ու խաղաղ: Այդ հարթ մակերեսները բանաստեղծորեն ռիթմավորված, հանգավորված, ձգվում են դեպի անտեսանելի շերտեր, գունային նոր թաղանթներ բացելով: Այդ գույնըՙ կալենցյան, շատ թեթեւ է, ազատ, թափանցիկ, բնության հետ նրա ներքին աղերսները ակնհայտ ազնիվ են, նույնքան լուրջ ու խոհուն, որքան հաղորդական, եւ նույնքան էլ ինքնամերձՙ բնության հանգույն:

Արվեստաբաններ Մարտին Միքայելյանը եւ Արվեստի ինստիտուտի աշխատակից Ալիսա Ներսիսյանը բավական հանգամանալի, հագեցած ու կառուցիկ խոսեցինՙ թեեւ նկարչի արվեստի գեղագիտության շուրջ տարակարծիքներ հնչեցնելով: Ըստ առաջին բանախոսի, կալենցյան գունատեսությունը բնատուր, աստվածային շնորհ է, նրա մաքուր գեղանկարչությունը իր մենության, առանձնության, իր բացառիկ կեցության արտահայտություն է նաեւ: Ալիսա Ներսիսյանը Կալենց երեւույթի առանձնահատկությունը ակադեմիական ձեւերից դուրս, գունային «խախտումների» նորարարության մեջ է տեսնում, որ հայ կերպարվեստ աշխարհընկալման, աշխարհատեսության սեփական կոնցեպցիան ներմուծեցՙ որակապես տարբեր. սա նոր դուռ էր հայկական արվեստի համար:

Նման հանդիպումներին բնորոշ է հուշապատումը. ավագ սերնդի արվեստագետներից ներկա էր Լեւոն Կոջոյանը: Նրա հետահայաց պատմությունների մեջ Կալենցը հիշվեց բնության հետ հարմոնիկ զգացողություններով, ինչն ակնհայտ է նկարի պոետիկ կառույցի ու գույնի գրագիտության կալենցյան ձեռագրում:

ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի երկարամյա բաժնի վարիչ, կենսաբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանըՙ Կալենցի մտերմուհին, նկարչի արվեստը ապրեցնողներից մեկն է եղել. նրա բերած ծաղիկները Կալենցի կտավների մեջ շարունակում էին իրենց արվեստային նոր կյանքը. «Նա ծաղկի հոգին էր նկարում»: Էկրանին հայտնվող կալենցյան «պատկերասրահի» մեջ Էլեոնորա Գաբրիելյանը մի առանձին հմայք ուներՙ երիտասարդ տարիների հրաշալի մի նկարով: Նրա հիշողության մեջ Հարություն Կալենցը մնացել է որպես բարեհամբույր, խիզախ, արիստոկրատ կերպար, դժվար ստեղծագործող, որին, ցավոք, չէին ընդունում, պատվերներ չկային...:

  Նիկոլ Աղաբաբյան, Արմեն Աթանյան, Խաչատուր Իսկանդարյան, Արեւշատ Ավագյան , նրանց գնահատմամբ Կալենցի նկարչությունը խորապես ազգային է, որի առինքնող ուժը բնության սիրո մեջ է, նրա ազնվական ծագման, տոհմական ավանդույթների, որ «ժառանգական ծածկագրով փոխանցվել է որդունՙ Սարո Կալենցին: ...Գույնի ու գծի այս տարածքը տիեզերական երեւույթների հետ է կապված: Լույսը սիրում է տարածվել, այդպիսին է Կալենց գերդաստանի երեւույթը, որի լույսը տարածվում էՙ լցնելով մեր հոգեւոր-մշակութային դաշտը» (Արեւշատ Ավագյան):

Իրավացի է քանդակագործ Տարիել Հակոբյանը , թե 100-ամյակն արդեն խոսուն է, ասել է թեՙ ժամանակի քննությունը բռնել է: Հարություն Կալենցը նախապատրաստողներից էր 60-ականների գեղագիտական շարժման, նրա արվեստը իրավամբ ժամանակի համաշխարհային կերպարվեստի վարպետների կողքին հավասարապես լինելու իրավունքը ձեռք է բերել իր ուրույն գեղագիտությամբ, գույնի կատարելությամբ, պատկերի ամբողջականությամբ, ճշմարիտ ներշնչանքով:

  «Հպարտ եմ, որ հիշվեց հորս ազնվական լինելը: Դժվար է լինել այդպիսին. ինքը մենակ էր, շատ քչերի հետ էր մտերիմ, այդ քչերից էին Երվանդ Քոչարը, փիլիսոփա Չիթեչյանը, քանդակագործ Արամիկ Ղարիբյանը, Էլեոնորա Գաբրիելյանը, Արտեմ Ալիխանյանը, նրանց շնորհիվ էլ կարողանում էր կյանքը շարունակել: Դժվար էր հասկանալ նրան, որովհետեւ պիտի ազնիվ լինել, բաց հոգիՙ նրան ընդունել կարողանալու համար» -որդինՙ Սարո Կալենցը նկարչի արժանի ժառանգն է:

2009-ին ստեղծված «Կալենց հիմնադրամի» պատասխանատուն նկարչի հարսն էՙ Լարիսա Կատասանովան: Կալենցների հոբելյանական այս տարին արդյունավորելու, գեղեցկացնելու է մեր մշակութային կյանքը. այդ մթնոլորտի հարստացմանը նպաստող հրաշալի իրագործում է «Կալենց» թանգարանի հիմնադրումը, որի բացումը տեղի կունենա ապրիլի 27-ինՙ նույնանուն փողոցում: Թանգարանի հիմքերը Հայաստան ներգաղթելուց 2 տարի անցՙ 1948-ին դրել էին Հարություն եւ Արմինե Կալենց ամուսինները: Թանգարանը, որի ստեղծման որոշումը Կալենցի մահից մեկ տարի հետո (1968) կայացրեց Խորհրդային Հայաստանի կառավարությունը, այդպես էլ մնաց առկախ, չունեցավ շարունակություն եւ ավարտ: Եվ միայն 2002-ից որդու անձնական ջանքերով եւ ընտանեկան միջոցներով սկսվեց թանգարանի կառուցումը, որը դռներն ահա կբացի արվեստասերների առաջՙ դառնալով մշակույթի տուն. բացի Կալենցների արվեստը տեղի եւ արտերկրյա հանրությանը ներկայացնելուց, այդ ժառանգությունն ուսումնասիրելու, հիմնական հավաքածուն համալրելու, արխիվային նյութերը ամբողջացնելու հիմնական նպատակից, նաեւ ժամանակակից արվեստը ներկայացնելու խնդիր ունիՙ հնարավորություն ընձեռնելով ակտուալ ցուցադրությունների, գիտական ծրագրերի, նոր գաղափարների շուրջ քննարկումների, կինոդիտումների, մշակութային երկխոսությունների:

«Կալենց» թանգարանը այս տարի մարտին անդամագրվեց Թանգարանների միջազգային խորհրդին (ԻԿՕՄ), մշակույթի նախարարության որոշումով ընդգրկվեց «Թանգարաններին պետական աջակցություն ցուցաբերելու» ծրագրում:

Թանգարանի բացումը կնշանավորվի Հարություն Կալենցի հետահայաց ցուցահանդեսովՙ նկարչի առաջին ալբոմի շնորհանդեսով, սեպտեմբերին Արմինե Կալենցի ցուցահանդեսը հոբելյանական տարվա շարունակությունը կլինի:

Այս տարի նախատեսվում է կազմակերպել Հարություն Կալենցի ցուցահանդես նաեւ Բեյրութումՙ նկարչի լիբանանյան շրջանը (որտեղ նա ապրել եւ ստեղծագործել է 19 տարի, մինչեւ Հայաստանը ներգաղթը, մշակութային գործունեություն ծավալել, եղել է 1942-ին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից, դրանից առաջ մասնակցելով Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսինՙ արժանացել պատվո դիպլոմի)` ներկայացնող գործերով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. «Ծառը Հրազդանի ձորում», 1967


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4