«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2010-04-10 | #65, 2010-04-13 | #66, 2010-04-14


ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 6-8 ԱՍՏԻՃԱՆՈՎ

Այսօրվանից սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, 4 օրվա ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով` ամսի 17-18-ին Արարատյան դաշտավայրում հասնելով 23-24 աստիճանի, իսկ Լեռնային շրջաններում` 15-17 աստիճանի:

«Այսօրվա դրությամբ օդի ջերմաստիճանն ու տեղումները նորմայի սահմաններում են, իսկ տեղացող ցեխոտ անձրեւները պայմանավորված են զուտ հարավային հոսքերով», երեկ «Արցախ» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւույթաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը :

Ցեխոտ անձրեւների առաջանալը պայմանավորված է պտտահողմերի առաջացումով, որոնք ավազը բարձրացնում են երկինք, իսկ հետո այդ նույն ավազն արդեն թափվում է ցեխոտ անձրեւի տեսքով:

Զարուհի Պետրոսյանը հիշում է շատ ավելի արտառոց դեպքեր, քան ցեխոտ անձրեւներն են. «Օրինակ` Իսպանիայում եղել է նաեւ նարնջի անձրեւ, երբ պտտահողմը քաղած նարնջի բերքը բարձրացրել էր երկինք»:

Բանախոսը նշում է, որ եղանակի փոփոխությունը ծաղկած ծառերի վրա բացասական ազդեցություն էականորեն ունենալ չի կարող, բերքին սպառնացող որեւէ արտառոց երեւույթ առայժմ չի դիտվում:

«Տարվա սեզոնային կանխատեսումները հետեւյալն են` ապրիլին տեղումներն ու ջերմաստիճանը լինելու են նորմայի սահմաններում, սակայն անակնկալներ միշտ էլ պետք է սպասել, որովհետեւ եղանակն այն ոլորտը չէ, որտեղ ես կարող եմ հստակ երաշխավորել, որ եղանակի ոչ պարբերական դրսեւորումներ` հորդառատ անձրեւներ, կարկուտներ, չեն լինի», հավելեց Զարուհի Պետրոսյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4